Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Հյուսիսային ցեղերի ապստամբությունը(Բ Մն. 10.1-19)1 Ռոբովամ արքան գնաց…

Հյուսիսային ցեղերի ապստամբությունը

(Բ Մն. 10.1-19)

1 Ռոբովամ արքան գնաց Սյուքեմ, որովհետև ողջ Իսրայելը եկել էր Սյուքեմ՝ նրան թագավոր հռչակելու։ 2 Երբ դա լսեց Նաբատի որդի Հերոբովամը, որը դեռ Եգիպտոսում էր Սողոմոն արքայից փախչելուց ի վեր, Եգիպտոսից վերադարձավ Երուսաղեմ։ Մարդ ուղարկեցին ու կանչեցին նրան։ 3 Հերոբովամը և հավաքված ողջ Իսրայելը եկան ու խոսեցին Ռոբովամ արքայի հետ՝ ասելով. 4 «Քո հայրը ծանր լուծ էր դրել մեզ վրա։ Արդ, դու թեթևացրո՛ւ քո հոր սահմանած խիստ ծառայությունն ու մեզ վրա դրած ծանր լուծը, որ մենք ծառայենք քեզ»։ 5 Ռոբովամն ասաց նրանց. «Գնացե՛ք և երեք օրից դարձյալ եկե՛ք ինձ մոտ»։ Նրանք գնացին։

6 Ռոբովամ արքան խորհրդակցեց ծերերի հետ, որոնք շրջապատում էին իր հայր Սողոմոնին նրա կենդանության օրոք, և ասաց. «Ի՞նչ խորհուրդ եք տալիս, որ պատասխան տանք այս ժողովրդին»։ 7 Նրան ասացին. «Եթե դու այսօր ժողովրդին ծառայություն մատուցես, զիջող լինես, ընդառաջես և բարի խոսքեր ասես, նրանք ընդմիշտ կծառայեն քեզ»։ 8 Սակայն Ռոբովամը մերժեց ծերերի տված խորհուրդը և խորհրդակցեց իր սննդակից ու իր առաջ կանգնած երիտասարդների հետ՝ 9 ասելով. «Ի՞նչ խորհուրդ եք տալիս, որ պատասխան տանք այս ժողովրդին, որ խոսեց ինձ հետ ու ասաց. “Թեթևացրո՛ւ այն լուծը, որ քո հայրը դրել էր մեզ վրա”»։ 10 Իր սննդակից ու իր առաջ կանգնած երիտասարդներն ասացին. «Այսպես կասես այն մարդկանց, որ քեզ հետ խոսելով ասել են. “Քո հայրը ծանրացրեց մեր լուծը, իսկ դու թեթևացրո՛ւ այն մեր վրայից”։ Այսպես ասա՛ նրանց. “Իմ ճկույթը հորս մեջքից հաստ է։ 11 Արդ, եթե իմ հայրը ձեզ վրա ծանր լուծ էր դրել, ապա ես կավելացնեմ ձեր լուծը. իմ հայրը ձեզ խրատում էր ծեծով, իսկ ես կարիճներով կխրատեմ ձեզ”»։

12 Երրորդ օրը ողջ Իսրայելը եկավ Ռոբովամ արքայի մոտ, ինչպես արքան ասել էր նրանց. «Վերադարձե՛ք ինձ մոտ երրորդ օրը»։ 13 Արքան խստությամբ պատասխան տվեց ժողովրդին և մերժելով ծերերի տված խորհուրդը՝ 14 Ռոբովամը նրանց հետ խոսեց ըստ երիտասարդների տված խորհրդի՝ ասելով. «Եթե իմ հայրը ծանր լուծ էր դրել ձեզ վրա, ապա ես կավելացնեմ ձեր լուծը։ Իմ հայրը ձեզ ծեծով էր խրատում, իսկ ես կարիճներով եմ խրատելու ձեզ»։ 15 Թագավորը չլսեց ժողովրդին, որովհետև Տերն էր խոտորել նրան, որպեսզի Տերը հաստատեր իր այն խոսքը, որ սիլոնացի Աքիայի միջոցով ասել էր Նաբատի որդի Հերոբովամի վերաբերյալ։

16 Երբ ողջ Իսրայելը տեսավ, որ արքան չլսեց իրեն, ժողովուրդը պատասխան տվեց արքային՝ ասելով.

«Մենք կիսելու ի՞նչ ունենք Դավթի հետ։

Մենք Հեսսեի որդու հետ այլևս ժառանգություն չունենք։

Գնա՛, Իսրայե՛լ, քո տները,

Իսկ դու հովվի՛ր Դավթի տունը»։

17 Իսրայելը գնաց իր տները, իսկ Հուդայի քաղաքներում բնակվող Իսրայելի որդիների վրա թագավորեց Ռոբովամը։

18 Եվ Ռոբովամ արքան ուղարկեց Ադոնիրամին, որը հարկերի վերակացուն էր, բայց ողջ Իսրայելը քարկոծելով սպանեց նրան, իսկ Ռոբովամ արքան շտապեց կառք բարձրանալ ու փախչել Երուսաղեմ։ 19 Իսրայելը ապստամբեց Դավթի տան դեմ, և այդպես է մինչև այսօր։

20 Երբ ողջ Իսրայելը լսեց, որ Հերոբովամը վերադարձել է, մարդ ուղարկեցին, կանչեցին նրան ու թագավոր օծեցին Իսրայելի վրա։ Ոչ ոք չհարեց Դավթի տանը, բացի Հուդայի ու Բենիամինի ցեղերից։ 21 Ռոբովամը մտավ Երուսաղեմ և զորահավաք արեց Հուդայի տնից ու Բենիամինի ցեղից։ Հարյուր ութսուն հազար երիտասարդ պատերազմողներ ելան Իսրայելի տան դեմ, որպեսզի թագավորությունը վերադարձնեն Սողոմոնի որդի Ռոբովամին։

Սամեայի մարգարեությունը

(Բ Մն. 11.1-4)

22 Տերը խոսեց Աստծու մարդ Սամեայի հետ՝ ասելով. 23 «Խոսի՛ր Հուդայի երկրի արքա Սողոմոնի որդի Ռոբովամի և Հուդայի տան ու Բենիամինի տան մնացած մարդկանց հետ ու նրանց ասա՛. 24 “Այսպես է ասում Տերը. մի՛ ելեք ու մի՛ պատերազմեք ձեր եղբայրների՝ Իսրայելի որդիների դեմ, և թող յուրաքանչյուրը վերադառնա իր տունը, քանզի ինձնից եղավ այդ բանը”»։ Նրանք լսեցին Տիրոջ խոսքը և անսալով Տիրոջը՝ հետ դարձան։

Հերոբովամը հեռանում է Աստծուց

25 Հերոբովամը Եփրեմի լեռան վրա կառուցեց Սյուքեմը և այնտեղ էր բնակվում։ Այնուհետև այնտեղից ելավ ու շինեց Փանուելը։ 26 Հերոբովամն իր սրտում ասաց. «Իմ թագավորությունը նորից կվերադառնա Դավթի տանը, 27 եթե այս մարդիկ գնան ու զոհ մատուցեն Երուսաղեմում՝ Տիրոջ տանը։ Այն ժամանակ այս մարդկանց միտքը կհակվի դեպի Տերն ու իրենց տերը՝ Հուդայի երկրի արքա Ռոբովամը, ինձ կսպանեն ու կանցնեն Հուդայի երկրի արքա Ռոբովամի կողմը»։ 28 Արքան խորհեց ու ոսկե երկու հորթ պատրաստելով՝ ասաց ժողովրդին. «Բավական է մինչև Երուսաղեմ գնաք։ Ահա քո աստվածները, ո՜վ Իսրայել, որոնք քեզ դուրս բերեցին եգիպտացիների երկրից»։ 29 Նա կուռքերից մեկը դրեց Դանում, իսկ մյուսը՝ Բեթելում։ 30 Եվ այսպես մեղք գործվեց, որովհետև ժողովուրդը գնում էր մինչև Դան՝ հորթերից մեկին երկրպագելու։ 31 Նա բարձունքների վրա կառուցեց նաև մեհյաններ և Ղևիի ցեղին չպատկանող մարդկանց քրմեր դարձրեց։

Բեթելի պաշտամունքը դատապարտվում է

32 Հերոբովամը տոն կատարեց, ութերորդ ամսի տասնհինգերորդ օրը տոնական օր սահմանեց, ինչպես Հուդայի երկրում էր, և ելավ՝ Բեթելում պատրաստած զոհասեղանին երինջներ զոհելու։ Նա Բեթելում կառուցած մեհյանում քրմեր նշանակեց։ 33 Ութերորդ ամսի տասնհինգերորդ օրը՝ տոնին, որ ինքն իրենից էր սահմանել, նա ելավ այն զոհասեղանը, որ կառուցել էր Բեթելում. տոնախմբություն սահմանեց Իսրայելի որդիների համար և զոհասեղան բարձրացավ, որպեսզի զոհեր մատուցի։