Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

1 Ճյուղառատ, պտղալից որթատունկ է Իսրայելը.ըստ իր պտուղների առատության…

1 Ճյուղառատ, պտղալից որթատունկ է Իսրայելը.

ըստ իր պտուղների առատության զոհասեղաններ ավելացրեց,

ըստ իրենց հողի պարարտության արձաններ կանգնեցրին։

2 Բաժան-բաժան արեցին իրենց սրտերը, արդ կորստյան կմատնվեն։

Նա կկործանի նրանց զոհասեղանները.

թշվառության մեջ կընկնեն նրանց արձանները։

3 Քանի որ հիմա կասեն. «Մենք թագավոր չունենք,

որովհետև Տիրոջից չվախեցանք,

բայց թագավորը մեզ ի՞նչ կանի»։

4 Եթե խոսքեր ասի՝ ստապատիր են.

ուխտ կկնքի, և արդարադատությունն ինչպես սիզախոտ

կաճի ագարակի անմշակ հողում։

5 Ովնի տան կուռքի՝ հորթի պատճառով Սամարիայի բնակիչները պանդուխտ կլինեն,

որովհետև նրա ժողովուրդը սուգ արեց նրա վրա.

և ինչպես դառնացրին նրան,

կչարախնդան նրա փառքի վրա,

քանի որ գերեվարվեցին նրանից։

6 Եվ նրան կապկպած ասորեստանցիների մոտ՝ Հարիմ արքային նվեր կտանեն.

կաշառքով կընդունի Եփրեմին.

Իսրայելը կամաչի իր խորհուրդների համար։

7 Սամարիան մերժեց իր թագավորին,

ինչպես չոր ոստը՝ ջրի երեսից։

8 Կվերցվեն Ովնի մեհյանները՝ Իսրայելի մեղքերը.

փուշ ու տատասկ կբուսնեն նրանց զոհասեղաններին,

և կասեն լեռներին. «Ընկե՛ք մեզ վրա»,

և բլուրներին. «Ծածկե՛ք մեզ»։

Աստված հայտնում է Իսրայելի վճիռը

9 «Այն օրվանից, ինչ բարձունքները կան,

Իսրայելը մեղանչել է։

Այնտեղ կանգ առան,

բայց նրանք չեն հասնի բարձունքներին.

պատերազմ եկավ անօրենության որդիների վրա՝ 10 խրատելու նրանց.

և ազգերը կհավաքվեն նրանց դեմ՝

խրատելու նրանց իրենց երկու անիրավությունների համար։

11 Եփրեմը վարժված երինջ է, հակառակասեր,

բայց ես վերահասու կլինեմ նրա պարանոցի գեղեցկությանը.

կելնեմ Եփրեմի վրա և կանտեսեմ Հուդային,

և Հակոբը կհզորանա նրա դեմ։

12 Սերմանե՛ք ձեզ համար արդարությամբ

և քաղե՛ք կենաց պտուղ.

լուսավո՛ր դարձրեք ձեզ համար գիտության լույսը,

փնտրե՛ք Տիրոջը,

մինչև արդարության պտուղները գան ձեզ։

13 Ինչո՞ւ չլսելու տվեցիք ամբարշտությունը,

փայփայեցիք նրա անօրենությունները

և կերաք ստության պտուղը.

որովհետև հույսդ դրեցիր քո կառքերի վրա,

քո զորքերի բազմության վրա։

14 Քո ժողովրդի վրա ավեր կգա,

և քո բոլոր պարսպապատ քաղաքները կկործանվեն,

ինչպես Սաղմանա իշխանը՝ Հերոբովի տնից

պատերազմի օրերին. մորը կոտորեցին որդիների կողքին,

15 նույնպես կանեն ձեզ, ո՛վ Իսրայելի տուն,

ձեր չարիքների երեսից»։