Հին Կտակարան
Նոր Կտակարան
Անտիոքոս Դ-ի մահը1 Անտիոքոս կայսրը գնում էր վերին գավառները, երբ տեղե…
Անտիոքոս Դ-ի մահը
1 Անտիոքոս կայսրը գնում էր վերին գավառները, երբ տեղեկացավ, որ Պարսից աշխարհում Ելիմայիս անունով մի քաղաք կա, հռչակավոր մի քաղաք՝ լի ոսկով ու արծաթով, 2 որտեղ գտնվող մեհյանը չափազանց հարուստ է. այնտեղ կան ոսկեձույլ մեծամեծ կուռքեր, բազում զենքեր, զրահներ ու վահաններ, որոնք թողել էր Ալեքսանդր Մակեդոնացի կայսրը, որ նախ թագավորել էր Հունաստանի վրա։ 3 Նա եկավ հասավ այդ քաղաքը և ուզում էր գրավել այն՝ կողոպտելու համար։ Երբ քաղաքացիները դա իմացան, 4 պատրաստվեցին ճակատամարտ տալու և թույլ չտվեցին, որ նա քաղաք մտնի։ Ալեքսանդրը վախեցավ ու արևելյան կողմերից շարժվեց գնաց բաբելացիների երկիրը։
5 Հարավային կողմերից Անտիոքոս կայսեր մոտ գուժկան եկավ ու հայտնեց, որ Հուդայի երկրի վրա հարձակված զորքը պարտվել է, 6 որ առաջինը Լյուսիասն է բազմաթիվ զինվորներով հարձակվել, բայց փախուստի է դիմել նրանց առջև, որ նրանք հզորացել են զենքերով, զորքերով, շատ ավար են վերցրել, կոտորել իրենց բանակները, իրենց կայքն ու ունեցվածքը բռնագրավել, 7 մեհյաններն ավերել, Երուսաղեմում զոհասեղանի վրա շինված կուռքը կործանել, սրբավայրը առաջվա պես շրջապատել բարձր պարիսպներով, դրա հետ նաև Բեթսուր քաղաքը։
8 Երբ թագավորը լսեց այս խոսքերը, ապշեց, շվարեց ու սաստիկ ցնցվեց, անկողին ընկավ ու հիվանդացավ, քանի որ չէր կատարվել իր հրամանը։ 9 Այնտեղ նա մնաց բազմաթիվ օրեր, որովհետև նրա սուր տագնապները կրկնվում էին. նա հասկացավ, որ մեռնում է։ 10 Նա կանչեց իր բոլոր բարեկամներին ու ասաց. «Քունը կտրվել է աչքերիցս, մտահոգություններից սրտաբեկ եմ լինում։ 11 Ինքս ինձ ասացի. “Ինչպիսի նեղությունների հասա ու ինչպիսի մեծ տվայտանքների մեջ եմ այժմ։ Կար ժամանակ, որ իմ զորքի համար քաղցր էի, բարերար ու սիրելի”։ 12 Հիմա հիշում եմ այն չարիքները, որ գործեցի Երուսաղեմում. բռնագրավեցի ոսկե ու արծաթե բոլոր սպասքները, իզուր զորք ուղարկեցի նրանց վրա, որ բնաջնջեմ նրանց։ 13 Հիմա հասկանում եմ, որ այդ պատճառով եկան ինձ վրա այս բոլոր չարիքները, և ահա ես տրտմության մեջ կորչում եմ օտար երկրում»։
14 Նա կանչեց Փիլիպպոսին՝ իր բարեկամներից մեկին, նրան իր ամբողջ թագավորության վերակացու նշանակեց. 15 նրան հանձնեց իր թագը, պատմուճանն ու մատանին, որպեսզի սնի ու դաստիարակի իր որդի Անտիոքոսին և իր փոխարեն նրան գահին նստեցնի։ 16 Անտիոքոս արքան մեռավ այնտեղ 149 թվականին։ 17 Լյուսիասը, իմանալով, որ արքան մեռել է, գահին նստեցրեց նրա որդի Անտիոքոսին և նրան կոչեց Եվպատոր Անտիոքոս։
Երուսաղեմի միջնաբերդի պաշարումը
18 Երուսաղեմի միջնաբերդում բնակվող թշնամիները նեղում էին սրբարանի շուրջը հասատատված իսրայելացիներին, անընդհատ չարիքներ էին նյութում և աջակցում հեթանոսներին։ 19 Ուստի Հուդան որոշեց բնաջնջել նրանց և հավաքեց բոլոր զորքերը, որոնք եկան և շրջապատեցին նրանց։ 20 Նրանք մի տեղ հավաքվեցին և պաշարեցին միջնաբերդը 150 թվականին. շինեցին բազմաթիվ պատվարներ, պաշարման աշտարակներ ու այլ մեքենաներ։ 21 Պաշարվածներից ոմանք դուրս ելան արգելափակոցից։ Նրանց միացան նաև մի քանի անօրեն իսրայելացիներ. 22 միասին գնացին արքայի մոտ ու ասացին. «Մինչև ե՞րբ դատաստան չես անելու և մեր եղբայրների վրեժը չես լուծելու։ 23 Մենք հաճույքով ենք ծառայել քո հորը և կատարել նրա հրամանները։ 24 Դրա համար էլ մեր ժողովրդի որդիների համար թշնամիներ դարձանք, և այժմ շրջապատել են մեզ և մեզնից ում գտնում են, սպանում են և հափշտակում մեր ունեցվածքը։ Բացի այդ, մեզնից ում գտնում էին, սպանում էին և հափշտակում մեր ունեցվածքը։ 25 Նրանք ոչ միայն մեզ վրա ձեռք բարձրացրին, այլև իրենց բոլոր սահմաններում բնակվողների վրա։ 26 Այժմ էլ եկել պաշարել են մեզ, փակել և շրջապատված են պահում Երուսաղեմի միջնաբերդը, որպեսզի գրավեն այն։ Նրանք նաև ամրացրել են սրբարանն ու Բեթսուրը։ 27 Եթե չշտապեք, սրանից ավելի վատ գործեր կանեն, և դուք այլևս առաջն առնել չեք կարողանա»։
Բեթզաքարիայի ճակատամարտը
28 Երբ թագավորն այդ լսեց, խիստ բարկացավ, հրամայեց կանչել իր բարեկամներին ու զորքի վրա նշանակված զորապետներին։ 29 Այլ թագավորություններից և նույնիսկ կղզիներից բազմաթիվ վարձկան զինվորներ եկան նրա մոտ։ 30 Նրա զորքերի թիվն էր՝ հարյուր հազար վահանակիր ու նիզակավոր հետևակ, քսան հազար սպառազեն հեծյալ, երեսուներկու վարժված մարտական փիղ։ 31 Նրանք եկան, անցան Իդումեայի միջով, ճակատ կազմեցին, շրջապատեցին Բեթսուր քաղաքը և բազում օրեր պատերազմեցին դրա շուրջը և բոլոր կողմերում ռազմական սարքեր պատրաստեցին։ Բայց պաշարվածները դուրս եկան քաղաքից, այրեցին սարքերը և քաջաբար կռվեցին նրանց դեմ։ 32 Հուդան միջնաբերդից մեկնեց և եկավ, բանակ դրեց Բեթզաքարիայում՝ թագավորի բանակի դեմ հանդիման։ 33 Թագավորն առավոտյան կանուխ վեր կացավ, բանակը տարավ տեղավորեց Բեթզաքարիայի ճանապարհի երկարությամբ և զորքերը դասավորելով՝ պատրաստվեց ճակատամարտ տալու։ Փող փչեցին, 34 փղերին պատերազմի պատրաստելու համար խաղողի հյութ, զմուռս ու գինի խմեցրին, 35 բաժանեցին գնդերի միջև, ամեն մի փղի մոտ դրեցին հազար սպառազեն զինվոր՝ հագած շղթայագործ զրահներ և գլուխներին պղնձե սաղավարտներ. յուրաքանչյուր գազանի հետ նշանակվեց նաև հինգ հարյուր ընտիր հեծյալ։ 36 Որտեղ փղերը կանգնում էին, նրանք էլ էին կանգնում, և ուր գնում էին փղերը, նրանք էլ էին գնում։ 37 Փղերի վրա հատուկ հարմարանքներով ամրացրին վանդակակալ մարտկոցներ, փղապաններին նստեցրին դրանց գլուխներին, 38 իսկ մնացած այրուձին տեղավորեցին գնդի աջ ու ձախ թևերին։
39 Երբ արեգակը շողարձակեց ոսկյա և պղնձյա վահանների վրա, լեռները փայլատակեցին դրանց շողքից և ցոլարձակեցին վառվող ջահերի պես։ 40 Թագավորի բանակի մի մասը տարածվել էր բարձր լեռների վրա, մի մասը՝ ձորերի ու կիրճերի, իսկ մյուս մասն էլ՝ դաշտերի վրա, և վստահ ու դասավորված առաջ էին շարժվում։ 41 Բոլոր նրանք, ովքեր լսում էին բազմության աղաղակները, զենքերի շաչյունը, ձիերի վրնջյունն ու սպառազեն վահանակիրների ոտքերի դոփյունը, սարսռում էին։
42 Հուդան եկավ հասավ իր բանակով, դասավորեց գնդերը, պատրաստվեց, հարձակվեց, դեմ հանդիման բախվեց թագավորի բանակին և նույն տեղում՝ թագավորի աչքի առաջ, վեց հարյուր սպառազեն հեծյալների դիաթավալ արեց։ 43 Այդ տեղում Եղիազար Ավարանը, աչքերը վեր բարձրացնելով, տեսավ, որ փղերից մեկն արքայական զենք ու զրահով է զինված և տարբերվում է մյուսներից։ Կարծելով, թե արքան հենց դրա վրա է, 44 հարձակվեց այդ գնդի վրա, 45 աջ ու ձախ կոտորեց, գնաց հասավ մինչև տարբերանշաններ ունեցող փղին, զենքը քաշեց, 46 մտավ փղի տակ, հարվածեց ու տապալեց նրան։ Փիղը տապալվեց, ընկավ նրա վրա ու ճզմեց նրան։
47 Երբ հրեաները տեսան թագավորի բանակի ուժը, խույս տվեցին նրանցից, 48 սակայն ուր էլ գնում էին, նրանց դեմ էին ելնում արքունի գնդերը, մինչև որ եկան հասան Երուսաղեմի կողմերը։
Սիոն լեռան պաշարումը և Բեթսուրի գրավումը
Արքան եկավ, բանակ դրեց Հուդայի երկրի ու Սիոն լեռան մոտ։ 49 Նա խաղաղություն առաջարկեց Բեթսուր քաղաքին։ Նրանք ելան և ցրվեցին այդ քաղաքից, որովհետև այնտեղ պաշար չունեին երկար ժամանակ շրջափակված լինելու պատճառով։ Բացի այդ, երկրում հանգստյան տարի էր։ 50 Թագավորը գրավեց Բեթսուր քաղաքը և հրամայեց քաղաքում պահապան զորք թողնել, 51 իսկ ինքը երկար ժամանակ պաշարված պահեց սուրբ քաղաքը։ Նրա շուրջը կանգնեցրին պաշարման աշտարակներ ու մարտական սարքեր, կրակ ու քարանետ հարմարանքներ, բաբաններ, նետաձգության աշտարակներ ու պարսատիկավորների աշտարակներ։ 52 Պաշարվածներն էլ իրենց հերթին քաղաքում սկսեցին նրանց ամեն մի հարմարանքի դիմաց մի հարմարանք պատրաստել և կռվեցին շատ օրեր։ 53 Սակայն մթերք չկար ամբարներում, որովհետև հանգստյան տարի էր, և երկրի գաղթականներն էլ սպառել էին ամբարված մթերքները։ 54 Քիչ մարդիկ էին մնացել այնտեղ՝ սրբավայրում, որովհետև սովը գնալով սաստկանում էր, և ամեն ոք ցրվել էր իր տեղը։
Անտիոքոս Ե արքան կրոնական ազատություն է տալիս հրեաներին
55 Լյուսիասը լսեց, որ Փիլիպպոսը, որին Անտիոքոսն ինքը հրամայել էր սնել ու դաստիարակել իր Անտիոքոս որդուն, որպեսզի նրան գահ բարձրացնի, 56 վերադարձել է Պարսկաստանից ու պարթևների երկրից, և որ ամբողջ զորքը նրան է հարել, և որ կամենում է իր ձեռքը վերցնել երկրի կառավարումը։ 57 Ուստի նա եկավ և ասաց արքային ու բանակի բոլոր մեծամեծներին. «Զորքերը միշտ նեղության մեջ են, մթերքը նվազել է, կերակուրը՝ պակասել։ Այն վայրը, որի համար պատերազմ է մղվում, ամուր է ու անառիկ, իսկ թագավորության խնդիրները նեղ կացության մեջ են մեզ դրել։ 58 Արդ, եկեք հաշտություն առաջարկենք, դաշինք կնքենք և խաղաղություն հաստատենք այդ ազգի մարդկանց հետ։ 59 Նրանց հետ համաձայնության գանք, որ առաջվա պես ապրեն իրենց օրենքների համաձայն։ Որովհետև իրենց օրենքները վերացնելու պատճառով նրանք բարկացան մեզ վրա, ընդդիմացան ու այս բոլոր բաներն արեցին»։
60 Թագավորին ու նրա իշխաններին խոհեմ թվացին այս խոսքերը։ Նա բանագնացներ ուղարկեց՝ խաղաղություն առաջարկելու։ Հրեաներն ընդունեցին այդ։ 61 Թագավորն ու զորապետները երդումով հաստատեցին իրենց խոսքը, որից հետո նրանք դուրս եկան ամրոցից։ 62 Բայց երբ թագավորը մտավ Սիոն լեռը և տեսավ այդ վայրի ամրությունը, դրժեց իր տված երդումը և հրամայեց քանդել այն շրջապատող պարիսպները։ 63 Ապա շտապ գնաց Անտիոքի կողմերը և տեսավ, որ Փիլիպպոսը տիրել է քաղաքին։ Նա ճակատամարտ տվեց նրա դեմ և բռնությամբ գրավեց քաղաքը։