Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Տիրոջ ծառան1 Հակոբն իմ ծառան է.օգնական պիտի լինեմ նրան։Իմ ընտրյալն Իս…

Տիրոջ ծառան

1 Հակոբն իմ ծառան է.

օգնական պիտի լինեմ նրան։

Իմ ընտրյալն Իսրայելն է,

որին ընդունեց իմ հոգուն։

Իմ շունչը կտարածեմ նրա վրա,

և նա հեթանոսների դատաստանը կտեսնի։

2 Նա չի աղաղակելու և չի վիճելու,

ոչ ոք դրսում նրա ձայնը չի լսելու,

3 անգամ ջախջախված եղեգը նա չի ջարդելու

և առկայծող պատրույգը չի մարելու,

այլ արդարությամբ դատաստան է տեսնելու։

4 Նա պիտի ծագի և չպիտի խորտակվի,

քանի դեռ երկրի վրա չի հաստատել դատաստանը.

և ազգերն իրենց հույսը պիտի դնեն նրա անվան վրա։

5 Այսպես է ասում Տերը՝ Աստված,

որ ստեղծեց երկինքը և կանգնեցրեց այն,

հաստատեց երկիրն ու ամեն բան, ինչ կա նրա վրա,

շունչ տվեց այնտեղ գտնվող մարդկանց,

հոգի՝ բոլոր նրանց, ովքեր ոտք են դնում երկրի վրա.

6 «Ես՝ Տերը՝ Աստված,

արդարությամբ կանչեցի քեզ,

բռնեցի քո աջ ձեռքից և զորացրի քեզ,

իբրև ուխտ տվեցի քեզ ժողովրդին

և իբրև լույս՝ ազգերին,

7 որպեսզի կույրերի աչքերը բացես

և խավարի մեջ նստած կալանավորներին հանես բանտից ու զնդանից։

8 Ես եմ Տերը՝ Աստված. սա է իմ անունը,

իմ փառքը ուրիշին չեմ տա,

ոչ էլ իմ առաքինությունը՝ կուռքերին»։

9 Ինչ որ կանխատեսվել էր,

այն կատարվեց,

իսկ նոր բաները, որ

ես կպատմեմ ձեզ,

մինչև լինելը ցույց տրվեց ձեզ։

Օրհնության երգ

10 Օրհնեցե՛ք Տիրոջը նոր օրհներգությամբ,

քանզի նրա իշխանությունը բարձունքներում է փառաբանվում,

և նրա անունը՝ երկրի ծագերից,

ծովերում նավարկողներից,

կղզիներից ու նրանց բնակիչներից։

11 Թող ուրախ լինեն անապատն ու նրա ավանները,

Կեդարի բանակատեղիներն ու բնակիչները,

թող ուրախանան Վեմի բնակիչները,

լեռների գագաթներից կանչեն,

12 փառք տան Աստծուն,

իսկ կղզիները պատմեն նրա առաքինության մասին։

13 Տերը՝ Զորությունների Աստվածը, պիտի գա ու պատերազմ մղի,

նախանձախնդրություն պիտի հարուցի

և բարձրաձայն գոչի իր թշնամիների վրա։

Տերը պիտի օգնի իր ժողովրդին

14 Սկզբից իսկ լուռ եմ եղել.

մի՞թե միշտ լուռ պիտի մնամ ու հանդուրժեմ.

դիմացա ծննդկանի նման,

հիմա պիտի սարսափեցնեմ ու միանգամից ցամաքեցնեմ։

15 Լեռներն ու բլուրները պիտի հարթեցնեմ

և նրանց ամբողջ խոտը չորացնեմ,

գետերը պիտի վերածեմ կղզիների

և ճահճուտները ցամաքեցնեմ։

16 Կույրերին պիտի առաջնորդեմ մի ճանապարհով, որ նրանք չգիտեն,

պիտի քայլել տամ այնպիսի շավիղներով, որոնք ծանոթ չեն նրանց.

խավարը լույս պիտի դարձնեմ նրանց համար

և դժվարը՝ դյուրին։

Այս բաները պիտի անեմ նրանց համար և չեմ լքելու նրանց։

17 Բայց նրանք երես դարձրին ինձնից։

Ամոթ ու պատկառա՛նք ունեցեք դուք, որ ապավինել եք կուռքերին

և ձուլածոներին ասում եք.

«Մեր աստվածներն եք դուք»։

Կույր և խուլ ժողովուրդ

18 Խուլե՛ր, լսե՛ք, կույրե՛ր, նայե՛ք, որ տեսնեք.

19 ո՞վ է կույրը, եթե ոչ իմ ծառան,

ովքե՞ր են խուլերը, եթե ոչ այն մարդիկ, որ տիրում են նրանց։

Ո՞վ է կույրը, եթե ոչ հեռացածը։

Կուրացան Աստծու ծառաները։

20 Շատ անգամ տեսաք, բայց չզգուշացաք,

բաց էին ձեր ականջները, բայց չլսեցիք։

21 Տերը՝ Աստված, կամենում էր, որ իր արդարությունը հաստատվի

և օրհնություն մատուցվի,

բայց տեսա, 22 որ ժողովուրդը կողոպտվեց ու ավարի մատնվեց.

բոլոր շտեմարաններում,

միաժամանակ նաև բոլոր ապարանքներում,

որտեղ և թաքցրին նրանց,

որոգայթներ կային.

նրանք հափշտակության մատնվեցին,

և ոչ ոք չկար, որ նրանց փրկեր,

ավարառության ենթարկվեցին,

և չգտնվեց մեկը, որ ասեր. «Հե՛տ տուր»։

23 Ձեզնից ո՞վ է նա, որ ականջ կդնի այս ամենին

և կմտածի այն մասին, թե ի՛նչ է կատարվելու հետագայում։

24 Ո՞վ մատնեց Հակոբին հափշտակության,

Իսրայելին՝ ավարառուների ձեռքը.

ո՞չ արդյոք Աստված, որի հանդեպ մեղք գործեցին,

չկամեցան ընթանալ նրա ճանապարհներով

և չլսեցին նրա օրենքները։

25 Նա նրանց վրա թափեց իր զայրույթն ու բարկությունը,

պատերազմի դատապարտեց նրանց,

բոլոր կողմերից կրակի մեջ առավ նրանց,

բայց նրանցից ոչ մեկը չգիտակցեց և ուշադրություն չդարձրեց։