Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Հուդա Մակաբեն պատերազմում է հարևան ցեղերի դեմ1 Երբ շրջակայքի հեթանոսն…

Հուդա Մակաբեն պատերազմում է հարևան ցեղերի դեմ

1 Երբ շրջակայքի հեթանոսները լսեցին, որ զոհասեղանը նորից են շինել ու սրբարանը վերականգնել առաջվա պես, խիստ զայրացան։ 2 Որոշեցին բնաջնջել իրենց մեջ բնակվող Հակոբի ցեղը և սկսեցին սպանել ու կոտորել նրանց։ 3 Հուդան միշտ պատերազմ էր մղում Եսավի որդիների դեմ՝ Իդումեայում՝ Ակրաբատինում, որովհետև սրանք եկել էին ու շուրջանակի պաշարել Իսրայելը։ Նա ծանր հարվածներ հասցրեց նրանց, ընկճեց նրանց և ավար առավ նրանց ունեցվածքը։ 4 Նա հիշեց Բեանի ցեղի չարագործությունները. նրանք որոգայթ էին ստեղծում ժողովրդի համար՝ դարանակալելով նրանց ճանապարհներին։ 5 Հուդայից փախչելով՝ նրանք ամրացան իրենց բերդերում, բայց նա եկավ, շրջապատեց նրանց ու հրդեհեց նրանց բերդերը՝ բոլոր բնակիչներով հանդերձ։ 6 Այնուհետև հարձակվեց ամովնացիների վրա, բայց այնտեղ նա պատահեց մի մեծ և հզոր զորքի, որի զորագլուխը Տիմոթեոսն էր։ 7 Նա բազմիցս սաստկորեն հարձակվեց նրանց վրա, 8 հարվածեց, վանեց նրանց, գրավեց Ազեր քաղաքն ու նրա գյուղերը և վերադարձավ Հուդայի երկիր։
9 Գաղաադում բնակվող բոլոր հեթանոսները հավաքվեցին իրենց կողմերում բնակվող հրեաների դեմ, որպեսզի բնաջնջեն նրանց, բայց հրեաները ապաստանեցին Դովթայիմ ամրոցում։ 10 Նրանք բանագնացներ ուղարկեցին Հուդայի ու նրա եղբայրների մոտ և ասացին. «Ահա մեզ վրա են հարձակվել բոլոր հեթանոսները։ Նրանք շրջապատել են մեզ և ուզում են մեզ բնաջնջել այստեղից։ 11 Նրանք պատրաստվում են գրավել այն բերդերը, որտեղ մենք պատսպարվել ենք։ Նրանց զորագլուխը Տիմոթեոսն է։ 12 Արդ, եթե քո ձեռքին հնար կա, շտապի՛ր փրկել մեզ նրանց ձեռքից, որովհետև մեզանից շատերն են սպանվել, 13 Տովբիայում գտնվող մեր բոլոր եղբայրները կոտորվել են, իսկ նրանց կանայք ու որդիները՝ գերեվարվել։ Իրենց ունեցած-չունեցածով առհասարակ կորստյան է մատնվել այնքան մարդ, ինչքան լինում է մի հազարապետի իշխանության տակ»։
14 Մինչ նամակներն էին ընթերցվում, Գալիլեայից օձիքները պատառոտված, ճակատները վիրավոր այլ գուժկաններ հասան։ Սրանք գուժելով 15 հայտնեցին. «Թշնամիները մեզ վրա են հարձակվել Պտղոմայիսից, Ծուրից ու Ծայդանից [Ο΄ Տյուրոս և Սիդովն
] և ողջ այլազգիների Գալիլեան, որպեսզի այնտեղ բնաջնջեն մեզ»։ 16 Երբ դա լսեցին Հուդան ու ժողովուրդը, անմիջապես խորհրդի հավաքվեցին, որպեսզի որոշեն, թե ի՛նչ ձեռնարկեն՝ փրկելու իրենց եղբայրներին, որոնք նեղության մեջ էին և տառապում էին պատերազմողների ձեռքին։ 17 Հուդան սկսեց խոսել իր եղբայր Շմավոնի հետ ու ասաց. «Ընտրի՛ր կտրիճ տղամարդկանց ու գնա՛ Գալիլեայի կողմերում նեղության մեջ գտնվող մեր եղբայրներին փրկելու, իսկ ես ու իմ եղբայր Հովնաթանը կգնանք Գաղաադի կողմերը»։
18 Նա այնտեղ թողեց Զաքարիայի որդի Հովսեփին ու զորագլուխ Ազարիային՝ ընտիր զորքերով հանդերձ, որպեսզի պահպանեն Հուդայի երկիրը։ 19 Պատվիրեց նրանց ու ասաց. «Առաջնորդե՛ք այս ժողովրդին, բայց մինչև այնտեղից մեր վերադառնալը ոչ մի ճակատամարտ չտաք հեթանոսների դեմ»։ 20 Զորք հավաքեցին ու այն բաժանեցին երկուսի միջև։ Երեք հազարը Շմավոնի հետ գնաց Գալիլեայի կողմերը, իսկ ութ հազարը՝ Գաղաադի երկիրը։

Շմավոնի և Հուդայի հաղթանակները

21 Շմավոնը գնաց գալիլեացիների երկիրը և պատերազմեց հեթանոսների դեմ։ Հեթանոսները կոտորվեցին նրա առջև։ 22 Նա նրանց հալածեց մինչև Պտղոմայիսի դարպասները։ Այդ օրը հեթանոսներից երեք հազար սպառազեն զինվոր կոտորվեց։ Նա ավար առավ նրանց ունեցվածքը։ 23 Ապա Գալիլեայի ու Արբաթի կողմերից վերցրեց հրեաներին՝ իրենց կանանցով, որդիներով, կահ-կարասիով ու գանձերով հանդերձ և մեծ ցնծությամբ ու ուրախությամբ նրանց բոլորին բերեց Հուդայի երկիր։
24 Հուդա Մակաբեն ու նրա եղբայր Հովնաթանն անցան Հորդանան գետի մյուս ափը և երեք օրվա ճանապարհ կտրեցին անապատով։ 25 Նաբատացիները* խաղաղությամբ ընդառաջ ելան նրանց և պատմեցին Գաղաադի երկրում իրենց եղբայրների հետ կատարված դեպքերի մասին, 26 թե ինչպես նրանցից շատերն արգելափակված են Բոսորա, Բոսոր, Ալեմա, Քասփով, Մակեդ և Կառնաիմ քաղաքներում (այս բոլոր քաղաքներն էլ ամուր էին ու մեծ), 27 ինչպես նաև Գաղաադի մյուս քաղաքներում։ Հայտնեցին նաև, որ թշնամին պայմանավորվել է վաղը ևեթ շրջապատել բերդերը, գրավել դրանք և նրանց բոլորին սպանել ու բնաջնջել մեկ օրում։ 28 Երբ Հուդան դա լսեց, անմիջապես մի զորագունդ կազմեց, ճանապարհ ընկավ անապատով և հանկարծակի հարձակվեց Բոսորայի վրա ու անսպասելի մի ժամի գրավեց ողջ քաղաքը։ Այնտեղ սրակոտոր արեց բոլոր արուներին, ավար առավ բոսորացիների ողջ ունեցվածքը և ամբողջ քաղաքը կրակի մատնեց։ 29 Ապա գիշերն իր զորագնդով դիմեց դեպի Դովթայիմ ամրոցը։ 30 Երբ առավոտը բացվելու վրա էր, նրանք բարձրացրին իրենց աչքերը և անթիվ-անհամար զորքեր տեսան, որոնք բերում էին սանդուղքներ, ռազմական մեքենաներ և այլ հարմարանքներ, որպեսզի ամրոցի վրա հարձակվեն ու պատերազմեն։ 31 Երբ Հուդան նայեց ու տեսավ, որ մարտն սկսված է, մի կողմից քաղաքի, իսկ մյուս կողմից՝ պաշարող զորքերի աղաղակը, կռվի ձայնն ու փողի ձայնը երկինք են հասնում, 32 իր զորքին դիմելով՝ ասաց. «Առո՛ւյգ եղեք և պի՛նդ կացեք. այսօր մարտնչե՛ք ձեր եղբայրների համար»։
33 Նա ամբողջ զորքը բաժանեց երեք գնդի և թշնամուն շրջապատելով՝ կռվի պատրաստվեց։ Փող հնչեցրին, քաջալերեցին միմյանց, աղոթքներով Աստծուն դիմեցին ու հարձակման անցան։ 34 Տիմոթեոսին ու իր զորքին իմաց տվեցին, որ Մակաբեն զորքով հարձակվել է։ Երբ նայեցին ու տեսան, խուճապի մատնվեցին ու ընկրկեցին և փախուստի դիմեցին։ Նա այդ օրը սաստիկ հարվածներ հասցրեց նրանց, հետապնդեց ու մեկը մյուսի հետևից դիաթավալ արեց։ Մոտ ութ հազար սպառազեն զինվոր սրակոտոր արեցին։
35 Այնուհետև գնաց դեպի Մայափի կողմը, ճակատամարտ տվեց նրա դեմ, գրավեց այն, սպանեց այդտեղի բոլոր արուներին, ավար առավ նրանց կայքն ու ունեցվածքը և քաղաքը հրի մատնեց։ 36 Այնտեղից շարժվեց, եկավ պաշարեց Քասփովը, Մակեդը, Բոսորն ու Գաղաադի մնացած քաղաքները։
37 Այս դեպքերից հետո Տիմոթեոսը դարձյալ զորք հավաքեց, եկավ բանակ դրեց Ռափովնի դիմաց՝ գետի այն կողմում։ 38 Հուդան հետախույզներ ուղարկեց, որպեսզի հետախուզեն նրանց բանակատեղին։ Եկան, պատմեցին ու ասացին. «Միախմբվել են մեր շրջապատում բնակվող բոլոր ցեղերն ու ազգերը։ Շատ մեծ զորք են կուտակել։ 39 Իբրև օգնական՝ բազմաթիվ արաբներ են վարձել, բանակ դրել գետի այն կողմում և պատրաստվում են գալ, հարձակվել քեզ վրա»։ Երբ Հուդան դա լսեց, անմիջապես նախահարձակ եղավ։ 40 Երբ Տիմոթեոսը դա տեսավ, սկսեց խոսել իշխանների հետ ու ասաց. «Երբ նա կհասնի գետի ափին, ուշադի՛ր եղեք Հուդայի ու նրա գնդի նկատմամբ։ Եթե նա հասնի ու միանգամից անցնի գետը, ապա մենք չենք կարող դեմ կանգնել նրան, որովհետև նա մեզ անպայման կհաղթի, 41 իսկ եթե հասնի գետի ափին ու բանակ դնի այնտեղ, նշանակում է՝ վախենում է։ Այդ դեպքում մենք կանցնենք գետը, կկռվենք ու կհաղթենք նրան»։ 42 Նա հազիվ էր խոսքը վերջացրել, որ Հուդան զորքով հասավ գետի ափը։ Այնտեղ՝ գետի ափին, պաշտոնյաներին պատվիրեց, որ ոչ ոքի թույլ չտան բանակ դնել գետի ափին, այլ բոլոր պատերազմիկներն իր հետևից գնան։ 43 Ինքը միանգամից հասավ, անցավ գետը ու հարձակվեց. նախ առաջապահ գունդը տեղում ջարդեց, ամբողջ զորքը փախուստի մատնեց, իսկ բոլոր ցեղերն ու ազգերը, զենքերը նետելով, փախան-գնացին բերդի կողմը՝ Կառնաիմի մեհյանում ապաստանելու։ 44 Սրանք եկան հասան, պաշարեցին քաղաքն ու հրդեհեցին բերդը՝ մեհյանով հանդերձ։ Կառնաիմը ընկճվեց և չկարողացավ դիմադրել Հուդային։
45 Հուդան հրաման տվեց Գաղաադի կողմերում ապրող բոլոր հրեաներին իրենց կանանցով, երեխաներով ու ամբողջ կահ-կարասիով հանդերձ՝ մեծաթիվ մի բազմություն, տեղափոխել ու բերել հասցնել Հուդայի երկիրը։ 46 Նրանք եկան հասան Եփրոն քաղաքի դարպասին։ Սա ճանապարհի վրա, ամուր մի վայրում գտնվող մեծ քաղաք էր, և իրենք աջ կամ ձախ շեղվելու ուրիշ ճանապարհ չունեին, այլ միայն քաղաքի միջով պիտի անցնեին։ 47 Երբ քաղաքում գտնվող զորքերը տեսան ժողովրդի ամբոխն ու զորքի բազմությունը, դարպասները փակեցին, դռների հետևը քարեր լցրին և թույլ չտվեցին, որ նրանք անցնեն քաղաքի միջով։ 48 Երբ Հուդան դա տեսավ, խաղաղության առաջարկով դիմեց նրանց և ասաց. «Թո՛ւյլ տվեք, որ անցնենք ձեր երկրով և գնանք, հասնենք մեր երկիրը։ Մենք ձեզ ոչ մի վնաս չենք պատճառի, միայն մեր ոտքերը կանցնեն ձեր հողի վրայով»։ Սակայն նրանք չհամաձայնեցին դարպասները բացել նրա առջև։
49 Այն ժամանակ Հուդան հրամայեց փող հնչեցնել ու հայտարարել. «Այժմ ամեն մի գունդ, որտեղ կանգնած է, այդտեղ էլ թող բանակի»։ 50 Յուրաքանչյուր գունդ, որտեղ կանգնել էր, այդտեղ էլ բանակեց։ Նրանք այդ ամբողջ ցերեկն ու ամբողջ գիշերը կռվեցին, մինչև քաղաքն իրենց ձեռքը հանձնվեց։ 51 Այստեղ նրանք սրակոտոր արեցին նրանց բոլոր արուներին, հիմնահատակ կործանեցին, ավարի մատնեցին քաղաքը և դիակները կոխոտելով՝ անցան քաղաքի միջով։ 52 Նրանք Հորդանան գետի միջով անցան տափարակ մի վայր՝ մի մեծ դաշտ, և այնտեղ բանակատեղի դրեցին Բեթսովնի դեմ հանդիման։ 53 Այնտեղ նա հոգ տարավ հետ մնացած ժողովրդի մասին։ Հուդան բոլորին հուսադրում էր։ Ճանապարհի ողջ ընթացքում նա այսպես էր վարվում, մինչև նրանց բերեց հասցրեց Հուդայի երկիր։ 54 Եկան, հասան, ցնծությամբ և ուրախությամբ բարձրացան Սիոն լեռը, այնտեղ ողջակեզներ ու զոհեր մատուցեցին, որովհետև նրանցից ոչ ոք չէր սպանվել, և վերադարձել էին իրենց տեղը խաղաղությամբ։

Հովսեփի և Ազարիայի պարտությունը

55 Այն օրերին, երբ Հուդան ու Հովնաթանը Գաղաադի երկրում էին, իսկ իրենց եղբայր Շմավոնը՝ գալիլեացիների երկրում՝ Պտղոմայիսի դիմաց, 56 Զաքարիայի որդի Հովսեփն ու Ազարիան՝ զորքերի իշխաններ, լսելով պատերազմում նրանց արած քաջագործությունների մասին, 57 ասացին. «Եկեք մենք էլ գնանք, պատերազմ մղենք մեր շրջակայքում գտնվող հեթանոսների դեմ և մենք էլ փառք վաստակենք»։ 58 Նրանք զորքերի համար ժամ նշանակեցին և շարժվեցին-գնացին Յամնիայի կողմերը։ 59 Գորգիասն իր մոտ գտնվող զորքով այդ քաղաքից մարտի դուրս ելավ և ճակատեց նրանց դեմ։ 60 Հովսեփն ու Ազարիան պարտության մատնվեցին և հալածական դարձած՝ փախան մինչև Հուդայի երկրի սահմանները։ Այդ օրը նրանց զորքից շուրջ երկու հազար մարդ ընկավ։ 61 Այդ մեծ աղետը ժողովրդին պատահեց, որովհետև նրանք չլսեցին Հուդային ու նրա եղբայրներին, այլ մտածեցին, որ իրենք էլ նրա նման քաջի անուն կարող են վաստակել։ 62 Սակայն նրանք այն մարդկանց սերնդից չէին, որոնց միջոցով Իսրայելին փրկություն էր տրվել։
63 Հուդան ինքը և իր եղբայրները հռչակավոր դարձան ժողովրդի աչքին և բոլոր հեթանոս ազգերի մեջ, որտեղ որ լսում էին նրանց անունները։ 64 Ժողովուրդը հավաքվում էր նրանց մոտ ու օրհնում նրանց։ 65 Այնուհետև Հուդան իր եղբայրների հետ ելավ հարավային կողմում գտնվող Եսավի որդիների դեմ պատերազմելու։ Այնտեղ նա հարվածեց Քեբրոն քաղաքին ու նրա գյուղերին, քանդեց, կործանեց նրա բոլոր ամրությունները և նրա աշտարակները շուրջանակի հրի մատնեց։ 66 Ապա նա ելավ, գնաց այլազգիների երկիրը և եկավ հասավ Մարիսայի կողմերը։ 67 Այդ օրը կռվում ընկան քահանաներ, որոնք կամենում էին քաջագործություն անել, քանի որ անխոհեմաբար էին պատերազմելու ելել։ 68 Հուդան շուռ եկավ Ազովտի կողմը՝ դեպի այլազգիների երկիրը, ավերեց նրանց մեհյանները, կործանեց նրանց կուռքերը, հրի մատնեց նրանց քաղաքները, ավար առավ նրանց կայքն ու ունեցվածքը և վերադարձավ Հուդայի երկիր։