Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Մակաբեն ապստամբների զորապետ1 Մատաթիային փոխարինեց նրա որդին՝ Մակաբե մ…

Մակաբեն ապստամբների զորապետ

1 Մատաթիային փոխարինեց նրա որդին՝ Մակաբե մականվամբ Հուդան։ 2 Նրան աջակից եղան իր բոլոր եղբայրները և բոլոր նրանք, ովքեր իր հոր հետևորդներն էին։ Նրանք հանուն իսրայելացիների պատերազմ էին մղում խինդով և ուրախությամբ։
3 Մեծ էր Մակաբեի փառքը ժողովրդի վրա։
Նա զրահ հագավ իբրև մի հսկա,
կապեց պատերազմի զենքերը,
մեծամեծ պատերազմներ մղեց՝
իր նիզակով պաշտպանելով ամբողջ զորաբանակին։
4 Իր գործերով նա նմանվեց առյուծի
ու որսի վրա մռնչացող առյուծի ձագի։
5 Հետապնդելով հալածեց անօրեններին,
կրակի մատնեց իր ժողովրդին անհանգստացնողներին։
6 Անօրենները սարսափեցին նրա ահից,
ովքեր սատար էին անօրենության, խուճապի մատնվեցին.
նրա շնորհիվ փրկություն հաջողվեց։
7 Նա բազում թագավորների դառնություն պատճառեց,
իր գործերով ուրախացրեց Հակոբին,
դրա համար էլ նրա հիշատակը հավիտյանս օրհնությամբ է մնալու։
8 Նա անցնում էր Հուդայի երկրի քաղաքներով,
կոտորում այնտեղ գտնվող ամբարիշտներին,
որպեսզի Իսրայելից հեռացնի բարկությունը։
9 Նա հավաքում էր ցրվածներին և գտնում կորածներին։

Մակաբեի առաջին երկու հաղթանակները

10 Այս դեպքերից հետո Ապոլոնիոսը հեթանոսներից զորք հավաքեց, զենքի կոչեց նաև բազմաթիվ շամրտացիների, որպեսզի պատերազմի Իսրայելի դեմ։ 11 Երբ Հուդան դա իմացավ, ընդառաջ ելավ Ապոլոնիոսին և խփեց-սպանեց նրան, նրա զորքից շատերին վիրավորելով կոտորեց, իսկ մնացածներին փախուստի մատնեց, 12 ավարի ենթարկեց նրա ունեցվածքը։ Հուդան առավ Ապոլոնիոսի սուսերն ու իր ամբողջ կյանքում դրանով կռվեց նրանց զորքերի դեմ։ 13 Երբ Ասորիքի զորքերի հրամանատար Սերոնը լսեց, որ Հուդան զորք է հավաքել, և բազմաթիվ հավատացյալներ պատերազմի են գալիս նրա հետ, 14 ինքն իր մեջ մտածեց և ասաց. «Ես էլ անուն վաստակեմ ու փառքի տիրանամ իմ արքայության մեջ։ Պատերազմ մղեմ Հուդայի դեմ և պարտության մատնեմ նրանց, ովքեր անարգում են թագավորի հրամանը»։ 15 Նա դարձյալ զորք հավաքեց։ Նրան օգնության հասան անօրենների մեծ ուժեր, որպեսզի հարձակվեն ու վրեժ լուծեն իսրայելացիներից։ 16 Նա եկավ հասավ մինչև Բեթորոնի կողմերը։ Հուդան նրան ընդառաջ գնաց սակավաթիվ մարդկանցով։ 17 Երբ Հուդայի մարդիկ տեսան իրենց դեմ ճակատելու եկող զորաբանակը, սկսեցին խոսել ու ասացին. «Մենք ինչպե՞ս կարող ենք սակավաթիվ մարդկանցով մարտնչել այդքան հզոր բանակի դեմ, մանավանդ որ թույլ ու տկար ենք, որովհետև արդեն քանի օր է, ինչ քաղցած ենք»։ 18 Հուդան սկսեց նրանց քաջալերել ու ասաց. «Աստծու համար դյուրին գործ է շատ մարդկանց մատնել քչերի ձեռքը։ Երկնավորի համար տարբերություն չկա շատի ու քչի միջև, 19 որովհետև հաղթանակ ձեռք է բերվում ոչ թե շատ զորքով, այլ այն զորությամբ, որ երկնքից է գալիս։ 20 Նրանք մեզ վրա են գալիս ամբարտավան գոռոզությամբ և անօրենությամբ, որպեսզի կոտորեն մեզ և մեր կանանց ու երեխաներին գերեվարեն։ 21 Մենք մարտնչում ենք հանուն մեր անձերի ու հանուն մեր օրենքների։ 22 Տերը նրանց սատակեցնելու է մեր ոտքերի առաջ. գոտեպնդվե՛ք, քա՛ջ եղեք, մի՛ վախեցեք»։
23 Հազիվ էր նա իր խոսքերը վերջացրել, որ հարձակվեց Ասորիքի զորաբանակի վրա, կոտորեց այն թևը, որտեղ կազմ ու զինավառ կանգնած էր Սերոնը, հալածական արեց բանակն այդ վայրից և նրան ու ողջ զորքը փախուստի մատնեց։ 24 Նրանք հետապնդեցին դրանց մինչև Բեթորոնի դաշտի կողմերը, շատերին վիրավորելով դիաթավալ գետին տապալեցին։ Նրանցից մոտ ութ հարյուր մարդ ընկավ, իսկ մնացածները փախուստի դիմեցին դեպի փղշտացիների երկիրը։ 25 Հուդայի ու իր եղբայրների ահն ու սարսափը սկսեց տարածվել։ Այնուհետև նրանք որոշեցին ասպատակել իրենց շրջակայքում գտնվող հեթանոսների երկրները։ 26 Նրա համբավը հասավ մինչև թագավորին, որովհետև հեթանոսները պատմում էին նրա պատերազմների մասին։

Անտիոքոս կայսրը Լյուսիասին հանձնարարում է կործանել Իսրայելը

27 Երբ Անտիոքոս կայսրը լսեց այս դեպքերի մասին, խիստ զայրացավ։ Նա իր բոլոր երկրներից զորահավաք անելով՝ շատ մեծ բանակ կազմեց։ 28 Նա բաց արեց գանձատունը, զինվորներին մեկ տարվա ռոճիկ բաշխեց և պատվիրեց նրանց, որ պատրաստ լինեն ամեն ինչի։ 29 Երբ Անտիոքոսը տեսավ, որ գանձատունը դատարկվել է, և նվազել է երկրի հարկը այն երկպառակության և հարվածների պատճառով, որ նա հասցրել էր երկրին՝ վաղ ժամանակներից նախնիների սահմանած օրենքները եղծելով, 30 զարհուրեց, որ գուցե նվերներն ու ռոճիկները բավական չլինեն առաջվա նման առատաձեռնորեն բաժանելու համար։ 31 Եվ նա վարանեց։ Մտածեց մտնել Պարսից աշխարհը, հարկ հավաքել այդ տարածքներից և շատ արծաթ կուտակել։ 32 Նա այնտեղ թողեց Լյուսիասին՝ թագավորական տոհմից հռչակավոր մի մարդու՝ իբրև Եփրատի կողմերի ու եգիպտացիների սահմանների արքունի գործերի վերակացու, 33 որպեսզի նա դաստիարակի իր որդի Անտիոքոսին, մինչև որ ինքը վերադառնա այնտեղից։ 34 Նա զորքի կեսն ու փղերը թողեց նրա մոտ և կարգադրեց նրան անել այն ամենը, ինչ կամենում էր ու ինչ խորհել էր։ Պատվիրեց Հուդայի երկրի և Երուսաղեմի բնակիչների 35 վրա գումարտակ ուղարկել, որպեսզի կոտորի նրանց, բնաջնջի Իսրայելի զորությունն ու Երուսաղեմի մնացած բնակիչներին, այնտեղից ջնջի նրանց հիշատակը, 36 նրանց բոլոր սահմաններում օտարազգիներ բնակեցնի և նրանց ողջ երկիրը, հողակտորների վերածելով, բաժանի։ 37 Իսկ ինքը վերցրեց զորքի մյուս կեսը և 147 թվականին Անտիոքից՝ իր թագավորանիստ քաղաքից, շարժվեց, անցավ Եփրատ մեծ գետն ու գնաց վերին գավառների կողմերը։

Լյուսիասի բանակը ներխուժում է Հուդայի երկիր

38 Լյուսիասն ընտրեց Պտղոմեոսին՝ Դորիմենի որդուն, Նիկանորին և Գորգիային՝ հզոր մարդկանց, արքայի բարեկամներին ու խորհրդականներին, 39 և նրանց հանձնեց քառասուն հազար հեծյալ և յոթ հազար բտած ձի, որպեսզի թագավորի հրամանի համաձայն հարձակվեն Հուդայի երկրի վրա և ավերեն ու կործանեն այդ երկիրը։ 40 Նրանք իրենց ամբողջ զորքով եկան ու բանակ դրեցին Ամմաուսի մոտակայքում, դաշտավայրի տափարակ մասում։ 41 Երբ այդ երկրի վաճառականները լսեցին, որ զորք է եկել, որպեսզի ավարի մատնի Հուդայի երկիրը, գերեվարի նրա որդիներին ու դուստրերին, վերցրին իրենց արծաթն ու ոսկին և այնքան մարդ, ինչքան կարող էին՝ իրենց օգնելու համար, որպեսզի գան ու գնեն իսրայելացիներին՝ որպես իրենց համար ստրուկների։ Նրանց միացան նաև Ասորիքի, Իդումեայի և փղշտացիների երկրի զորքերը։ 42 Երբ Հուդան ու իր եղբայրները տեսան, որ ամեն տեսակ չարիքներ են կուտակվում իրենց վրա, և այս զորքն էլ եկել, պաշարված է պահում իրենց սահմանները, երբ նաև տեղեկացան ժողովրդին կորստի ու բնաջնջման մատնելու թագավորի հրամանի մասին, 43 սկսեցին իրար հետ խոսել և ասացին. «Եկեք սրտապնդվենք, կանխենք մեր ժողովրդի անկումը, պատերազմենք հանուն մեր սրբությունների, հանուն մեր ազգի»։ 44 Եվ ժողովուրդը հավաքվեց, որպեսզի պատրաստվի պատերազմի. աղոթք արեցին ու Տիրոջից ողորմածություն խնդրեցին։
45 Երուսաղեմն ավերակ ու ամայի էր,
նրա բնակիչներից չկար մեկը, որ ելումուտ աներ։
Օտարազգիները ոտնակոխ էին անում նրա սրբությունները,
քաղաքի միջնաբերդը հեթանոսների բնակության վայր էր դարձել։
Վերացավ ուրախությունը Հակոբի տնից,
պակասեցին փողերի ու տավիղների ձայները,
լռեցին երաժշտության ցանկալի և ուրախ հնչյունները։

Հրեաները պատրաստվում են պատերազմի

46 Բոլորը եկան հավաքվեցին Մասեփայում՝ Երուսաղեմի դեմ հանդիման, որովհետև Մասեփայում նախկինում իսրայելացիների աղոթատեղի կար։ 47 Ծոմ պահեցին, քուրձ հագան, մոխիր ու հող վերցրին, լցրին իրենց գլուխներին և պատառոտեցին օձիքները։ 48 Բացում էին Օրենքի մատյանները՝ խորհուրդ ստանալու, ինչպես հեթանոսները՝ կուռքերից, 49 բերեցին քահանայության զգեստները, բերքի առաջին պտուղներն ու տասանորդները, ոտքի հանեցին այն նազարիներին, որոնց ուխտի օրերն ավարտվել էին։ 50 Նրանք բարձր ձայնով միաբերան դեպի երկինք էին աղաղակում՝ ասելով. «Հիմա ի՞նչ անենք սրանց հետ կամ ո՞ւր տանենք, 51 որովհետև քո սրբությունները ոտնակոխ են եղել, քո քահանաները սգի ու տառապանքի մեջ են, 52 բոլոր հեթանոսներն ահա հավաքվել են, որ բնաջնջեն մեզ։ Դու գիտես, թե նրանք ի՛նչ են խորհում մեր մասին։ 53 Արդ մենք ինչպե՞ս կարող ենք դեմ կանգնել, եթե դու չօգնես մեզ»։
54 Նրանք փող էին փչում, աղաղակ բարձրացնում, բարձր ձայնով դեպի երկինք դիմում։ 55 Դրանից հետո Հուդան սկսեց առաջնորդներ նշանակել ժողովրդի վրա՝ հազարապետներ, հարյուրապետներ, հիսնապետներ ու տասնապետներ։ 56 Իսկ տուն կառուցողներին, նշանվածներին, այգի տնկողներին ու վախկոտներին պատվիրեց, որ Օրենքի համաձայն իրենց տները վերադառնան։ 57 Ամբողջ զորքը հասավ ու բանակ դրեց Ամմաուսից հարավ։ 58 Այնտեղ Հուդան սկսեց քաջալերել զորքին՝ ասելով. «Զինվե՛ք, գոտեպնդվե՛ք ու պատրաստվե՛ք, որ վաղն առավոտյան պատերազմ մղենք այս հեթանոսների դեմ, որոնք հավաքվել են մեր դեմ՝ բնաջնջելու մեզ ու մեր սրբությունները։ 59 Ավելի լավ է մեռնենք պատերազմի դաշտում, քան տեսնենք մեր ազգի ու մեր սրբությունների անարգանքը։ 60 Ինչ երկնային Տիրոջ կամքն է, այդպես էլ թող կատարվի»։