Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Տիրոջ ծառան պիտի անարգվի մարդկանցից1 Տե՛ր, ո՞վ հավատաց մեր տված լուրի…

Տիրոջ ծառան պիտի անարգվի մարդկանցից

1 Տե՛ր, ո՞վ հավատաց մեր տված լուրին,

և ո՞ւմ հայտնի դարձավ Տիրոջ բազուկը։

2 Նրա առջև կանգնեցինք որպես մանուկ,

որպես արմատ՝ ելած անջրդի հողից.

ո՛չ տեսք ուներ նա, ո՛չ էլ վեհություն։

Տեսանք մենք նրան,

բայց նա ո՛չ տեսք ուներ, ո՛չ էլ գեղեցկություն։

3 Նրա տեսքն ավելի անարգ էր ու նսեմ,

քան բոլոր մարդկանց որդիներինը։

Նա հարվածների ենթակա մի մարդ եղավ,

որ ցավերին համբերել գիտի.

իր երեսը դարձնելով՝ արհամարհվեց ու բանի տեղ չդրվեց։

4 Նա մեր մեղքերն էր վերցնում

և մեզ համար չարչարվում,

սակայն մենք նրա ցավերը,

հարվածներն ու չարչարանքները համարեցինք

իբրև Աստծուց եկած բան։

5 Բայց նա վիրավորվեց մեր մեղքերի համար

և մեր անօրենությունների համար պատժվեց.

մեր խաղաղության համար նա՛ պատիժ կրեց,

և նրա վերքերով մենք բժշկվեցինք։

6 Ամենքն էլ մոլորված ոչխարներ են.

մարդն իր ճանապարհին մոլորվեց,

և Տերը նրա՛ն մատնեց մեր մեղքերի համար։

7 Ու նա վշտից իր բերանն անգամ չի բացում։

Նա մորթվելու տարվեց ոչխարի պես.

և գառան նման անմռունչ կանգնած է խուզողի առաջ

և այնպես իր բերանը չի բացում։

8 Նրա խոնարհության շնորհիվ նրա դատաստանը վերացավ,

և նրա ազգատոհմի մասին ո՞վ պիտի պատմի։

Երկրի վրա վերջ տվեցին նրա կյանքին.

իմ ժողովրդի անօրենությունների պատճառով նա մահվան մատնվեց։

9 Պիտի պատժեմ չարերին

նրա գերեզմանի փոխարեն և հարուստներին՝

նրա մահվան փոխարեն,

որովհետև նա անօրենություն չգործեց,

և նենգությունը տեղ չգտավ նրա բերանում։

10 Տերը կամենում է մաքրել նրան վերքերից։

Եթե մեղքերի զոհը մատուցեք,

ապա երկարակյաց սերնդի կարժանանաք,

որի միջոցով Տերը կցանկանա ազատել

11 նրան իր ցավերից, նրան լույս ցույց տալ և օժտել իմաստությամբ,

արդարացնել արդարին,

որը հոժարակամ ծառայեց շատերին

և իր վրա է վերցնելու նրանց մեղքերը։

12 Ահա թե ինչու նա շատ բան պիտի ժառանգի

և հզորների ավարը պիտի բաժանի,

որովհետև նրա անձը մահվան մատնվեց,

և նա հանցավորների հետ դասվեց։

Նա շատերի մեղքերը կրեց

և նրանց անօրենությունների համար դատապարտվեց։