Հին Կտակարան
Նոր Կտակարան
Ոսկե հորթը(Բ Օր. 9.7-29)1 Իսկ ժողովուրդը, տեսնելով, որ լեռից Մովսեսի …
Ոսկե հորթը
(Բ Օր. 9.7-29)
1 Իսկ ժողովուրդը, տեսնելով, որ լեռից Մովսեսի իջնելն ուշացավ, հավաքվեց Ահարոնի մոտ ու ասաց նրան. «Վե՛ր կաց և մեզ համար աստվածնե՛ր ստեղծիր, որ առաջնորդեն մեզ, որովհետև չգիտենք, թե ի՛նչ եղավ այն մարդը՝ Մովսեսը, որ մեզ Եգիպտոսից դուրս հանեց»։ 2 Ահարոնն ասաց նրանց. «Ձեր կանանց, ձեր տղաների ու աղջիկների ականջներից հանե՛ք ոսկե գինդերը և բերե՛ք ինձ»։ 3 Ողջ ժողովուրդն իրենց կանանց ականջներից հանեց ոսկե գինդերը և բերեց Ահարոնին։ 4 Եվ վերցրեց նրանց ձեռքից, կաղապարի մեջ ձուլեց և ձուլածո մի հորթ պատրաստեց։ Եվ ասացին. «Սրանք են քո աստվածները, Իսրայե՛լ, որ հանեցին քեզ եգիպտացիների երկրից»։
5 Երբ Ահարոնն այդ տեսավ, նրա առաջ զոհասեղան շինեց։ Եվ Ահարոնը քարոզեց ու ասաց. «Վաղը Տիրոջ տոնն է»։ 6 Առավոտյան վեր կենալով՝ նա ողջակեզներ մատուցեց, ինչպես նաև փրկության զոհեր։ Ժողովուրդը նստեց ուտելու և ըմպելու, ապա վեր կացավ պարելու։
7 Տերը Մովսեսին ասաց. «Գնա՛, շտապ իջի՛ր, որովհետև քո ժողովուրդը, որին հանեցիր եգիպտացիների երկրից, անօրինացավ։ 8 Շուտ շեղվեցին այն ճանապարհից, որ պատվիրեցիր նրանց. իրենց համար ձուլածո հորթ ստեղծեցին և երկրպագում են նրան, զոհեր մատուցում ու ասում. “Սրանք են քո աստվածները, Իսրայե՛լ, որ հանեցին քեզ Եգիպտոսից”»։ 9 Եվ Տերն ասաց Մովսեսին. «Տեսնում եմ, որ այս ժողովուրդը խստապարանոց է։ 10 Թող, որ իմ զայրույթով կոտորեմ նրանց և քեզ մեծ ազգ դարձնեմ»։ 11 Մովսեսն աղաչեց Տիրոջը՝ իր Աստծուն՝ ասելով. «Տե՛ր, ինչո՞ւ ես այդպես խիստ զայրանում քո ժողովրդի վրա, որին քո մեծ զորությամբ ու հզոր բազկով դուրս բերեցիր եգիպտացիների երկրից։ 12 Այնպես չլինի, որ եգիպտացիները, որոնց միջից հանեցիր մեզ, ասեն. “Չար մտադրությամբ դուրս բերեց նրանց, որպեսզի լեռների վրա կոտորի և ջնջի նրանց երկրի երեսից”։ Մի՛ զայրացիր, հրաժարվի՛ր քո ժողովրդին չարիք պատճառելուց։ 13 Հիշի՛ր քո ծառաներ Աբրահամին, Իսահակին ու Հակոբին, որոնց քո անձով երդվեցիր, խոսեցիր նրանց հետ՝ ասելով. “Երկնքի աստղերի չափ պիտի բազմացնեմ ձեր սերունդը”։ Եվ այն երկիրը, որ խոստացար տալ նրանց զավակներին, թող հավիտյան տիրեն դրան»։ 14 Եվ Տերը մեղմացավ ու նրանց չպատժեց։
15 Մովսեսը վերադառնալով իջավ լեռից՝ Վկայության երկու տախտակները ձեռքին։ Քարե տախտակներ՝ գրված երկու երեսին՝ այս ու այն կողմից։ 16 Տախտակներն Աստծու գործն էին, տախտակների վրա դրոշմած գիրը՝ Աստծու գիրը։ 17 Հեսուն, լսելով աղաղակող ժողովրդի ձայնը, Մովսեսին ասաց. «Բանակատեղիից պատերազմի ձայն է գալիս»։ 18 Մովսեսն ասաց. «Ո՛չ հարձակվողների կոչեր են և ո՛չ էլ պարտվածների աղաղակ։ Այլ գինուց ընդարմացած մարդկանց ձայնն եմ ես լսում»։ 19 Երբ Մովսեսը մոտեցավ բանակատեղիին և տեսավ հորթն ու պարողներին, խիստ զայրացավ, նետեց ձեռքում եղած երկու տախտակներն ու դրանք ջարդուփշուր արեց լեռան ստորոտին։
20 Եվ վերցնելով նրանց ստեղծած հորթը՝ այրեց կրակով, ապա մանրեց, փոշու վերածեց, փոշին խառնեց ջրին ու խմեցրեց Իսրայելի որդիներին։
21 Մովսեսն ասաց Ահարոնին. «Ի՞նչ է արել քեզ այս ժողովուրդը, որ նրան այդպիսի մեծ մեղքերի մղեցիր»։ 22 Ահարոնն ասաց Մովսեսին. «Մի՛ զայրացիր, տե՛ր իմ, որովհետև դու ինքդ էլ գիտես քո ժողովրդի մոլուցքը։ 23 Որովհետև ասացին. “Մեզ համար աստվածնե՛ր ստեղծիր, որ մեզ առաջնորդեն, որովհետև չգիտենք, թե ի՛նչ պատահեց այն մարդուն՝ Մովսեսին, որը Եգիպտոսից հանեց մեզ”։ 24 Եվ նրանց ասացի. “Եթե որևէ մեկը ոսկի ունի, նրա վրայից հանե՛ք դա և բերե՛ք ինձ”։ Նրանք ինձ տվեցին ոսկին. ես այն նետեցի կրակը, և ահա եղավ այս հորթը»։
25 Մովսեսը տեսավ, որ ժողովուրդը հանցանքի մեջ է ընկել, որովհետև Ահարոնը նրանց մղել է դրան՝ ի չարախնդություն իրենց թշնամիների։ 26 Մովսեսը, կանգնելով բանակատեղիի մուտքի մոտ, ասաց. «Ով Տիրոջն է պատկանում, ինձ մոտենա»։ Նրա շուրջը հավաքվեցին Ղևիի բոլոր որդիները։ 27 Եվ նրանց ասաց. «Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Յուրաքանչյուրն իր սուրը թող կապի իր ազդրին. մտե՛ք բանակատեղիի մի մուտքից ու անցե՛ք դեպի մյուսը, և ձեզնից յուրաքանչյուրը թող սպանի իր եղբորը, իր ընկերոջն ու իր մերձավորին”»։ 28 Ղևիի որդիներն արեցին այնպես, ինչպես ասել էր Մովսեսը։ Այդ օրը ժողովրդի միջից շուրջ երեք հազար մարդ ընկավ։ 29 Մովսեսն ասաց նրանց. «Այսօր ձեր ձեռքով ծառայեցիք Տիրոջը՝ յուրաքանչյուրդ սպանելով իր որդուն կամ իր եղբորը, որի համար այսօր ձեզ վրա կիջնի Տիրոջ օրհնությունը»։
30 Հաջորդ օրը Մովսեսն ասաց ժողովրդին. «Դուք մեծ մեղք եք գործել, բայց ես հիմա կբարձրանամ Աստծու մոտ, որպեսզի ձեր մեղքերի համար քավություն խնդրեմ»։ 31 Մովսեսը վերադարձավ Տիրոջ մոտ ու ասաց նրան. «Աղաչում եմ քեզ, Տե՛ր, այս ժողովուրդը մեծ մեղք է գործել՝ իր համար ոսկե աստվածներ պատրաստելով։ 32 Արդ, եթե ներելու ես նրանց մեղքերը, ների՛ր, իսկ եթե ոչ, ուրեմն իմ անունը ևս ջնջի՛ր քո մատյանից, որի մեջ գրեցիր»։
33 Տերն ասաց Մովսեսին. «Եթե մեկը մեղանչի իմ առաջ, կջնջեմ նրան իմ մատյանից։ 34 Բայց հիմա գնա՛, իջի՛ր և այդ ժողովրդին առաջնորդի՛ր այն վայրը, որի մասին ասել եմ քեզ։ Իմ հրեշտակը կգնա քո առջևից։ Բայց այն օրը, երբ այցելեմ, նրանց մեղքերը իրենց վրա պիտի դնեմ»։ 35 Եվ Տերը ժողովրդին պատուհասեց այն հորթի համար, որ ստեղծել էր Ահարոնը։