Հին Կտակարան
Նոր Կտակարան
Տովբիթի աչքերի բուժումը1 Այսպես նա գնաց նրանց հետ, մինչև որ մոտեցան Ն…
Տովբիթի աչքերի բուժումը
1 Այսպես նա գնաց նրանց հետ, մինչև որ մոտեցան Նինվեին։ Ռաֆայելը Տովբիային ասաց. 2 «Եղբա՛յր, չգիտե՞ս, թե ինչպիսի՛ վիճակում թողեցիր քո հորը։ 3 Արի՛ կնոջիցդ առաջ անցնենք և նախապատրաստենք տունը։ 4 Վերցրո՛ւ նաև ձկան լեղին»։ Նրանք գնացին, շունն էլ գնաց նրանց հետևից։ 5 Իսկ Աննան, ըստ սովորության, նստած սպասում էր իր որդու ճանապարհին։ 6 Նա տեսավ, որ որդին գալիս է, և ասաց. «Ահա գալիս է քո որդին, նաև այն մարդը, որ ընկերացել էր նրան»։
7 Ռաֆայելը Տովբիային ասաց. «Ես գիտեմ, որ քո հոր աչքերը կբացվեն։ 8 Այդ լեղին քսի՛ր նրա աչքերի շուրջը. այն կկսկծացնի ու նրա աչքերից կհեռացնի սպիտակ փառը, և նա կտեսնի»։
9 Աննան ընդառաջ գնաց, իր որդու վզով ընկավ ու ասաց նրան. «Որդյա՛կ իմ, ես քեզ տեսա, սրանից հետո ես անհոգ կմեռնեմ»։ Եվ երկուսով լաց եղան։ 10 Տովբիթը դուրս ելավ դռների մոտ։ Նա խարխափում էր ու գլորվում։ Որդին շտապեց նրա մոտ, 11 բարձրացրեց ու կանգնեցրեց հորը։ Ապա լեղին քսեց հոր աչքերին ու ասաց. «Հայրի՛կ, տոկա՛ և համբերի՛ր»։ 12 Մի պահ անց փառն անմիջապես կեղևահան եղավ ու թափվեց նրա աչքերից։ 13 Նա տեսավ իր որդուն ու նրա վզով ընկավ, լաց եղավ ու ասաց.
14 «Օրհնյա՜լ ես, Տե՛ր, Աստվա՛ծ,
և հավիտյանս օրհնյալ է քո անունը,
օրհնյալ են քո բոլոր սուրբ հրեշտակները,
որովհետև դու խրատեցիր ինձ, ապա ողորմեցիր,
քանի որ ահա տեսնում եմ իմ որդի Տովբիային»։
15 Նրա որդին ուրախությամբ ներս մտավ ու հորը պատմեց այն մեծասքանչ դեպքերի մասին, որ իր հետ կատարվեցին Մարաստանում։
16 Ապա Տովբիթը խնդությամբ և Աստծուն օրհնաբանելով ընդառաջ ելավ իր հարսին Նինվեի դռների մոտ։ Ովքեր տեսնում էին նրան, զարմանում էին, որ նա տեսնելով է քայլում։ Տովբիթը նրանց առջև գոհություն էր մատուցում Աստծուն, որովհետև ողորմել էր իրենց։ 17 Երբ Տովբիթը մոտեցավ իր հարսին, օրհնեց նրան ու ասաց. «Բարի եկար, դո՛ւստրս, թող օրհնյալ լինի Աստված, որ քեզ բերեց մեզ մոտ, և թող օրհնվեն քո հայրն ու մայրը»։ 18 Նրա բոլոր եղբայրները, որ Նինվեում էին, ուրախացան 19 և այնտեղ յոթ օր հարսանիք արեցին։