Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

1 Դպրապետին՝ Իդիթոմին։ Օրհներգ Դավթի2 Ասացի, թե պիտի պահեմ իմ ճանապար…

1 Դպրապետին՝ Իդիթոմին։ Օրհներգ Դավթի

2 Ասացի, թե պիտի պահեմ իմ ճանապարհները,

Որպեսզի չմեղանչեմ լեզվով.

Բերանս զսպեցի,

Երբ մեղավորն ինձ հակառակվեց։

3 Խուլ եղա և խոնարհվեցի, հանուն բարության լռեցի,

Բայց ցավերս նորոգվեցին մեջս։

4 Սիրտս եռաց փորիս մեջ,

Եվ հուր վառվեց իմ մտածումների մեջ։

5 Խոսեցի իմ լեզվով և ասացի.

«Ցո՛ւյց տուր ինձ, Տե՜ր, վախճանս,

Եվ թե որքա՞ն է թիվն օրերիս, որպեսզի իմանամ,

Թե ինչքա՛ն է պակասել ինձանից։

6 Ահա սահման դրիր իմ օրերին,

Եվ կարողությանս ուժը ոչինչ է իմ առջև,

Որով բոլորովին ունայն է ամեն մսեղեն մարդ։

7 Իրապես, մարդ շրջում է ստվերի նման,

Սակայն իզո՜ւր է խռովվում.

Գանձ է դիզում՝ չիմանալով՝ ո՛ւմ համար։

8 Իսկ արդ ո՞վ է իմ համբերությունը, եթե ոչ դու, Տե՜ր,

Կամ ումի՞ց է իմ ուժն ու կարողությունը, եթե ոչ քեզանից։

9 Ինձ փրկեցիր իմ բոլոր անօրենություններից

Եվ անզգամներին նախատինք դարձրիր ինձ։

10 Խուլ եղա և չբացեցի բերանս, որովհետև դու արեցիր։

11 Ինձանից հեռացրո՛ւ իմ տանջանքները,

Որովհետև քո ձեռքի զորությունից ես նվաղեցի։

12 Կշտամբելով մեղքերի համար՝ խրատեցիր մարդուն,

Սարդոստայնի պես մաշեցիր նրա անձը,

Սակայն ունայն է ամեն մարդ։ Հանգիստ

13 Լսի՛ր, Տե՜ր, իմ աղոթքը, ակա՛նջ դիր խնդրանքներիս,

Գոնե արտասուքներս անպատասխան մի՛ թող։

Պանդուխտ եմ ես քո առաջ, օտարական ու անցավոր,

Ինչպես իմ բոլոր հայրերը։

14 Թո՛ւյլ տուր, որ հանգչեմ մինչև գնալս,

Քանի որ էլ չեմ լինի։