Հին Կտակարան
Նոր Կտակարան
Հիսուսը խոսում է տաճարի կործանման մասին(Մրկ. 13.1-2, Ղուկ. 21.5-6)1 Մ…
Հիսուսը խոսում է տաճարի կործանման մասին
(Մրկ. 13.1-2, Ղուկ. 21.5-6)
1 Մինչ Հիսուսը տաճարից դուրս էր եկել և գնում էր, աշակերտները մոտեցան՝ նրան ցույց տալու տաճարի շինությունները։ 2 Հիսուսը դիմեց նրանց և ասաց. «Տեսնո՞ւմ եք այդ ամենը. ճշմարիտ եմ ասում ձեզ, այդտեղ քարը քարի վրա չպիտի մնա, որ չքանդված չլինի»։ 3 Մինչ նա նստած էր Ձիթենյաց լեռան վրա, աշակերտներն առանձին մոտեցան նրան և ասացին. «Ասա՛ մեզ, դա ե՞րբ է լինելու, և կամ ի՞նչն է լինելու քո գալստյան ու այս աշխարհի վախճանի նշանը»։
Տառապանքներ և հալածանքներ
(Մրկ. 13.3-13, Ղուկ. 21.7-19)
4 Հիսուսը պատասխանեց և ասաց նրանց. «Զգո՛ւյշ եղեք, չլինի թե մեկը ձեզ խաբի, 5 որովհետև շատերը կգան իմ անունով և կասեն. “Ես եմ Քրիստոսը”, և շատերին կմոլորեցնեն։ 6 Լսելու եք պատերազմների ձայներ ու պատերազմների լուրեր։ Զգո՛ւյշ եղեք, չխռովվեք, որովհետև այդ ամենը պետք է լինի, բայց դա դեռ աշխարհի վախճանը չէ։ 7 Ազգը ազգի դեմ է ելնելու, թագավորությունը՝ թագավորության դեմ. լինելու են սով, համաճարակ, երկրաշարժներ տարբեր տեղերում։ 8 Բայց այս ամենը սկիզբն է երկունքի։ 9 Այդ ժամանակ ձեզ նեղության են մատնելու և սպանելու են ձեզ. իմ անվան պատճառով բոլոր ազգերի կողմից ատելի եք լինելու։ 10 Եվ այդժամ շատերը գայթակղվելու են, միմյանց մատնելու և միմյանց ատելու։ 11 Բազում սուտ մարգարեներ են ելնելու և շատերին մոլորեցնելու են։ 12 Անօրինության բազմանալու հետևանքով շատերի սերն է ցամաքելու։ 13 Բայց ով մինչև վերջ համբերի, նա՛ կփրկվի։ 14 Արքայության Ավետարանն է քարոզվելու ամբողջ աշխարհով մեկ՝ իբրև վկայություն բոլոր հեթանոսների, ապա գալու է աշխարհի վախճանը»։
Մեծ սրբապղծությունը
(Մրկ. 13.14-23, Ղուկ. 21.20-24)
15 «Արդ, երբ տեսնեք “ավերածության պղծությունը”*, որ տեղադրված կլինի սուրբ վայրում, որի մասին ասված է Դանիել մարգարեի* միջոցով (ով կարդում է, թող հասկանա), 16 այն ժամանակ ովքեր Հրեաստանում լինեն, թող լեռները փախչեն, 17 ով տանիքի վրա լինի, թող չիջնի տնից բան վերցնելու համար, 18 ով հանդում լինի, թող հետ չդառնա իր հագուստները վերցնելու համար։ 19 Բայց վա՜յ հղիներին ու ստնտուներին այդ օրերին։ 20 Աղոթե՛ք, որ ձեր փախուստը ձմռանը չլինի, ոչ էլ շաբաթ օրը, 21 որովհետև այդ ժամանակ այնպիսի մեծ նեղություն կլինի, որպիսին չի պատահել աշխարհի արարչագործության սկզբից մինչև այժմ և ոչ էլ կպատահի։ 22 Եվ եթե այդ օրերը չպակասեցվեին, ոչ ոք չէր փրկվի։ Բայց ընտրյալների համար այդ օրերը պակասեցվելու են։ 23 Այդ ժամանակ եթե մեկը ձեզ ասի՝ “Ահա այստեղ է Քրիստոսը”, կամ՝ “Ահա այնտեղ է”, չհավատաք, 24 որովհետև սուտ քրիստոսներ ու սուտ մարգարեներ են ելնելու և մեծ նշաններ ու հրաշքներ են ցույց տալու, եթե հնար լինի՝ նույնիսկ ընտրյալներին մոլորեցնելու աստիճան։ 25 Ահա նախապես ասացի ձեզ։ 26 Ուրեմն եթե ձեզ ասեն՝ “Ահա անապատում է”, չելնեք, կամ թե՝ “Ահա՛ մառանում է”, չհավատաք. 27 որովհետև ինչպես կայծակն է ելնում արևելքից և երևում է մինչև արևմուտք, այդպես էլ լինելու է Մարդու Որդու գալուստը։ 28 Որտեղ դիակն է, արծիվներն այնտեղ են հավաքվում»։
Մարդու Որդու գալուստը
(Մրկ. 13.24-27, Ղուկ. 21.25-28)
29 «Նեղության այդ օրերից անմիջապես հետո արեգակը կխավարի, լուսինն իր լույսը չի տա, աստղերը երկնքից կընկնեն, և երկնային զորությունները կսասանվեն։ 30 Ապա երկնքում կերևա Մարդու Որդու նշանը։ Եվ այդժամ երկրի բոլոր ցեղերը կողբան և կտեսնեն Մարդու Որդուն, որ գալիս է երկնքի ամպերի վրայով (Դան. 7.13, Մտթ. 26.64բ), զորությամբ ու մեծ փառքով։ 31 Նա կուղարկի իր հրեշտակներին բարձրաձայն փողահարությամբ, որոնք նրա ընտրյալներին կհավաքեն չորս կողմերից՝ երկնքի մեկ ծայրից մինչև մյուս ծայրը»։
Թզենու դասը
(Մրկ. 13.28-31, Ղուկ. 21.29-33)
32 «Թզենո՛ւց դաս առեք, որովհետև երբ նրա ճյուղերը փափկում են և տերև են արձակում, իմանում ենք, որ ամառը մոտ է։ 33 Նույնպես և դուք, երբ այս ամենը տեսնեք, իմացե՛ք, որ Մարդու Որդին դռների մոտ է։ 34 Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս սերունդը չի անցնի, մինչև որ այս ամենը չկատարվի։ 35 Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց իմ խոսքերը չեն անցնի»։
Օրը և ժամը ոչ ոք չգիտի
(Մրկ. 13.32-37, Ղուկ. 21.34-36)
36 «Բայց այդ օրվա ու ժամի մասին ոչ ոք չգիտի՝ ո՛չ երկնքի հրեշտակները, ո՛չ էլ Որդին, այլ միայն Հայրը։ 37 Մարդու Որդու գալուստը կլինի Նոյի օրերի պես, 38 որովհետև ինչպես ջրհեղեղին նախորդած օրերին էր, երբ ուտում-խմում էին, կին էին առնում և մարդու գնում, մինչև այն օրը, երբ Նոյը տապանը մտավ, 39 և նրանք ոչինչ չիմացան, մինչև որ ջրհեղեղը եկավ ու բնաջնջեց բոլորին,- այնպես էլ կլինի Մարդու Որդու գալուստը։ 40 Այդ ժամանակ, եթե արտում երկու հոգի լինեն, նրանցից մեկը կվերցվի, իսկ մյուսը կթողնվի։ 41 Եվ եթե երկու կին մի երկանքով աղալիս լինեն, նրանցից մեկը կվերցվի, իսկ մյուսը կթողնվի։ 42 Արթո՛ւն մնացեք, որովհետև չգիտեք, թե ո՛ր ժամին կգա ձեր Տերը։ 43 Ա՛յս իմացեք. եթե տանտերն իմանար, թե ո՛ր պահին էր գողը գալու, կհսկեր և չէր թողնի, որ իր տուն սողոսկեր։ 44 Ուստի դուք էլ պատրա՛ստ եղեք, որովհետև Մարդու Որդին կգա այն ժամին, երբ չեք սպասի»։
Հավատարիմ և չար ծառաները
(Ղուկ. 12.41-48)
45 «Իսկ ո՞վ է այն հավատարիմ ու իմաստուն ծառան, որին իր տերը ծառաների վրա կարգած կլինի՝ նրանց ժամանակին կերակուր տալու։ 46 Երանի՜ այն ծառային, որին, երբ տերը գա, այդպես արած կգտնի։ 47 Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ նրան իր ամբողջ ունեցվածքի վրա վերակացու կկարգի։ 48 Իսկ եթե ծառան չար լինի և իր մտքում ասի՝ “Իմ տերն ուշանում է”, 49 և սկսի իր ծառայակիցներին ծեծել, հարբեցողների հետ ուտել-խմել, 50 այդ ծառայի տերը կգա այն օրը, երբ նա չի սպասի, և այն ժամին, երբ նա տեղյակ չի լինի, 51 և նրան մեջտեղից կկտրի և նրա բաժինը կեղծավորների հետ կդնի. այնտեղ լաց կլինի և ատամների կրճտոց»։