Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Ողորմության մասին1 Ով պահում է Օրենքը, նա բազմացնում է զոհաբերություն…

Ողորմության մասին

1 Ով պահում է Օրենքը, նա բազմացնում է զոհաբերությունները։
2 Ով լսում է պատվիրանները, զոհ է մատուցում փրկության համար։
4 Ով ընտիր ալյուր է մատուցում, շնորհ է փոխհատուցում, և ով ողորմություն է անում, օրհնության զոհ է մատուցում։
5 Տիրոջը հաճելի է, որ մարդ զերծ մնա չարությունից, և մարդու համար քավություն է անիրավությունից հեռու մնալը։
6 Տիրոջ առջև ձեռնունայն մի՛ երևա, 7 քանզի այս բոլորն արվում է պատվիրանի համար։
8 Արդարի ընծան լիացնում է զոհասեղանը, և դրա անուշահոտությունը Տիրոջ առջև է։
9 Արդար մարդու զոհն ընդունելի է, և դրա հիշատակը չի մոռացվի։
10 Լիառատ աչքով փառավորի՛ր Տիրոջը և նրա համար մի՛ պակասեցրու քո ձեռքի պտուղը։
11 Քո դեմքը թող զվարթ լինի ամեն տեսակ պտուղ և ընծա մատուցելիս և տասանորդն ուրախությա՛մբ ընծայիր։
12 Բարձրյալին տո՛ւր ըստ նրա տվածների և լիառա՛տ աչքով տուր քո ձեռքի բարիքներից, 13 քանզի Տերը հատուցող է և յոթնապատիկ կհատուցի քեզ։
14 Մի՛ տուր կաշառքի նման, քանզի այն ընդունելի չի լինի։
15 Հույս մի՛ դիր անարդար զոհի վրա, քանզի Տերը դատավոր է, և նրա մոտ աչառություն չկա։
16 Նա կողմնակալ չէ աղքատի հանդեպ և կլսի զրկվածի աղոթքը։
17 Անտես չի անի ո՛չ որբերի պաղատանքը և ո՛չ էլ այրու, երբ նա աղոթք է մատուցում։
18 Մի՞թե արտասուք չի իջնում այրու այտերից, և մի՞թե նրա աղաղակը նրանց դեմ չէ, ովքեր արտասուք են թափել տալիս նրան։
20 Ով հոժարությամբ է պաշտամունք մատուցում, ընդունելի կլինի այն, և նրա խնդրանքները կհասնեն մինչև երկինք։
21 Տառապյալի աղոթքները կանցնեն ամպերի միջով և մինչև չմոտենան Աստծուն, չեն մխիթարի նրան և չեն հեռանա, մինչև Բարձրյալը չայցելի, 22 չդատի արդարությամբ և չհրապարակի վճիռը. Տերը չի ուշանա ու չի հանդուրժի նրանց, մինչև չփշրի անողորմների մեջքը՝ վրեժխնդիր չլինի հեթանոսներից,
23 մինչև չոչնչացնի թշնամիների բազմությունը և չփշրի անիրավների գավազանները,
24 մինչև ըստ իրենց գործերի չհատուցի արդարներին և մարդկանց գործերն էլ՝ ըստ իրենց խորհուրդների,
25 մինչև չդատի իր ժողովրդին և իր ողորմությամբ չուրախացնի նրանց։
26 Բարեպատեհ է նրա ողորմությունը նեղության ժամանակ, ինչպես անձրևաբեր ամպը՝ երաշտի ժամանակ։