Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

1 Կեղծ կշեռքը պիղծ է Տիրոջ առջև, իսկ արդար կշեռքն ընդունելի է նրան։2 …

1 Կեղծ կշեռքը պիղծ է Տիրոջ առջև, իսկ արդար կշեռքն ընդունելի է նրան։

2 Ուր թշնամանք է մտնում, այնտեղ է նաև անարգանքը։ Խոնարհների բերանը իմաստություն է խորհում։

3 Ուղիղների կատարելությունը առաջնորդելու է իրենց, իսկ արհամարհողների գայթակղությունը կործանելու է իրենց։

4 Ունեցվածքը չի օգնի դատաստանի օրը, այլ արդարությունը կփրկի մահից։ Արդարը մեռնելով մեծ ափսոսանք է թողնում, ամբարիշտների կորուստը բիրտ ու անարգ կլինի։

5 Մաքուր մարդու արդարությունն ուղղում է ճանապարհները, իսկ անիրավը մատնվում է ամբարշտության։

6 Ուղղամիտների արդարությունը փրկում է իրենց, իսկ անօրենները պիտի կորչեն անմտությամբ։

7 Արդար մարդու վախճանումով նրա հույսը չի կորչում, բայց ամբարիշտների պարծանքը պիտի կորչի։

8 Արդարը որսացողներից պիտի ազատվի, նրա փոխարեն ամբարիշտը պիտի բռնվի։

9 Անօրենների բերանը որոգայթ է ընկերներին, իսկ արդարների իմաստությունը հաջողություն է։

10 Արդարների բարությամբ կառուցվում է քաղաքը, իսկ ամբարիշտների կորստյամբ ուրախություն է լինում։

11 Ուղղամիտների օրհնությամբ բարձրանում է քաղաքը, բայց կկործանվի ամբարիշտների բերանով։

12 Պակասամիտն արհամարհում է ընկերներին, իմաստուն մարդը լռություն է սիրում։

13 Երկերեսանի մարդը գաղտնիքը հայտնում է ատյանում, իսկ վստահելի մարդը ծածկում է իրողությունը։

14 Առաջնորդ չունեցողները կթափվեն տերևների նման, բազում խորհուրդներով փրկություն կգտնվի։

15 Անզգամը չարիք է գործում, երբ խառնվում է արդարներին և ատում է զգուշության ձայնը։

16 Շնորհալի կինը բարձրացնում է ամուսնու փառքը, իսկ իրավունքն ատող կինը անարգանքի աթոռ է։ Ծույլերը կարոտ պիտի մնան հարստությանը, իսկ ժրաջանները կհաստատվեն հարստության մեջ։

17 Ողորմած մարդը բարիք է գործում իր հոգուն, իսկ անողորմը կործանում է իր մարմինը։

18 Ամբարիշտն անիրավ գործեր է անում, իսկ արդարների զավակը ճշմարտության վարձն է։

19 Արդար որդին կյանքի համար է ծնվում, իսկ ամբարիշտը հալածում է մահը։

20 Աստծու համար պիղծ են թյուր ճանապարհները, և նրան ընդունելի են ուղիղ ճանապարհով ընթացողները։

21 Անիրավ մարդուն երաշխիք կանգնողը անպատիժ չի մնա։ Իսկ ով արդարություն է սերմանում, արժանի վարձ կստանա։

22 Ինչպես ոսկե գինդը խոզի քթին, այնպես է գեղեցկությունը չարաբարո կնոջ համար։

23 Արդարների ցանկությունն ամբողջովին բարի է, իսկ ամբարիշտի հույսը պիտի կորչի։

24 Կան, որ բաշխում են իրենց ունեցածը և ստանում են բազմապատիկ, և կան, որ անհագ հավաքում են, բայց մնում են կարոտյալ։

25 Ամեն անկեղծ անձ օրհնված է, իսկ բարկացող մարդը տգեղ է կերպարանքով։

26 Ով ցորենը խնայի, պիտի թողնի օտարներին. ով կուտակի, հրապարակավ պիտի անիծվի, իսկ ով բաշխի առատորեն, կօրհնվի։

27 Ով բարիք է անում, բարության շնորհ կգտնի, իսկ ով չարիք է անում, չարիքը կհասնի նրան։

28 Ով հույսը դնում է հարստության վրա, պիտի կործանվի, իսկ ով օգնում է արդարներին, պիտի պայծառանա։

29 Ով չի հոգում իր տան մասին, հողմի բաժին է դառնալու, և անմիտը ծառայելու է իմաստունին։

30 Արդարության պտղից է բուսնում կյանքի ծառը, անօրեն անձինք տարաժամ պիտի վերանան։

31 Եթե արդարը հազիվ է փրկվում, ի՞նչ կլինի ապա մեղավորի և ամբարիշտի վերջը։