Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Գերիների հետ վարվելը(Բ Օր. 15.12-18)1 «Սրանք են այն հրահանգները, որ պ…

Գերիների հետ վարվելը

(Բ Օր. 15.12-18)

1 «Սրանք են այն հրահանգները, որ պիտի տաս նրանց։

2 Եթե եբրայեցի ստրուկ գնես, նա թող ծառայի քեզ վեց տարի և յոթերորդ տարում առանց փրկագնի ազատ թող արձակվի։ 3 Եթե նա միայնակ է տունդ մտել, միայնակ էլ թող գնա, իսկ եթե իր կնոջ հետ է մտել, կինն էլ թող գնա նրա հետ։ 4 Եթե իր տերը նրան կին տա, և նրա համար տղաներ ու դուստրեր ծնի, ապա կինն ու զավակները թող պատկանեն նրա տիրոջը, և միայն նա թող ազատ արձակվի։ 5 Եթե ստրուկն ասի. “Սիրեցի իմ տիրոջը, իմ կնոջն ու իմ զավակներին և չեմ ցանկանում ազատ արձակվել”, 6 նրա տերը նրան թող կանգնեցնի Աստծու ատյանի առաջ, այնուհետև բերի իր տան դռան սեմի մոտ, հերյունով ծակի նրա ականջը, և նա թող ծառայի իրեն ցմահ։

7 Եթե որևէ մեկն իր դստերը վաճառի աղախնության, ապա այդ աղջիկը թող չազատագրվի այնպես, ինչպես ազատագրվում են ստրկուհիները։ 8 Եթե նրա տերն այլևս չցանկանա նրան, ապա պիտի թույլ տա նրան փրկագնով հետ գնելու. ամեն դեպքում օտարազգիի չի կարող վաճառել, քանի որ նրան անարգել է։ 9 Իսկ եթե նրան գնել է իր որդու համար, նրա հետ թող վարվի իր դուստրերի պես։ 10 Եթե նա այլ կին ևս առնի, նրան թող չզրկի սննդից, հագուստից ու ամուսնական պարտականությունից։ 11 Եթե այս երեք պահանջները չկատարի նրա նկատմամբ, ապա նա առանց փրկագնի թող ազատ արձակվի»։

Զանազան օրենքներ

12 «Եթե որևէ մեկը հարվածի մեկին, և սա մահանա, ապա հարվածողը մահապատժի թող ենթարկվի։ 13 Եթե սպանությունը կատարվել է ոչ թե սպանողի կամքով, այլ Աստված է մատնել նրա ձեռքը, ապա սպանողին թող ցույց տրվի մի տեղ, որտեղ նա ապաստան կգտնի։

14 Եթե մեկը մտադրվելով նենգությամբ սպանի իր նմանին, անգամ եթե փախուստի դիմելով ապաստանի իմ զոհասեղանին, նրան պիտի պոկել զոհասեղանից ու սպանել։

15 Ով հարվածի իր հորը կամ մորը, մահապատժի թող ենթարկվի։ 16 Ով որ չարաբանի իր հորն ու իր մորը, մահապատժի թող ենթարկվի։

17 Եթե մեկը գողանա Իսրայելի որդիներից մեկին և վաճառի, և կամ իր մոտ գտնեն նրան, ապա մահապատժի թող ենթարկվի։

18 Եթե երկու մարդ կռվեն, և նրանցից մեկը քարով կամ բռունցքով հարվածի մյուսին, և սա ոչ թե մահանա, այլ անկողին ընկնի, 19 և եթե ոտքի կանգնի ու կարողանա ցուպի օգնությամբ քայլել, հարվածողը թող անպարտ լինի, բայց տուժածի աշխատանքից զրկվելու վնասի ու բժշկության համար թող հատուցում վճարի։

20 Եթե մեկը գավազանով հարվածի իր ստրուկին կամ իր ստրկուհուն, և սա մեռնի նրա հարվածից, ապա տերը վրեժխնդրության պիտի ենթարկվի դատաստանով, 21 իսկ եթե նա մեկ կամ երկու օր ապրի, տերը վրեժխնդրության չի ենթարկվի, քանի որ նրան իր արծաթով է գնել։

22 Եթե երկու տղամարդ կռվելիս զարնվեն մի հղի կնոջ, և կինը, երեխան դեռ չձևավորված, վիժի, հարվածողը թող հատուցի վնասն ըստ կնոջ ամուսնու պահանջի և ըստ դատավորների։ 23 Իսկ եթե երեխան ձևավորված լինի, ապա թող հատուցի ըստ հետևյալ կարգի՝ կյանքի դիմաց՝ կյանք, 24 աչքի դիմաց՝ աչք, ատամի դիմաց՝ ատամ, ձեռքի դիմաց՝ ձեռք, ոտքի դիմաց՝ ոտք, 25 խարանի դիմաց՝ խարան, վերքի դիմաց՝ վերք, հարվածի դիմաց՝ հարված։

26 Եթե մեկը հարվածի իր ստրուկի կամ իր աղախնու աչքին ու կուրացնի նրան, ապա թող նրան ազատ արձակի իր վնասված աչքի փոխարեն։ 27 Եթե ջարդի իր ստրուկի կամ աղախնու ատամը, ապա իր ջարդած ատամի համար նրան թող ազատ արձակի»։

28 «Եթե մի ցուլ հարվածի մի տղամարդու կամ կնոջ, և սրանք մեռնեն, ապա ցուլը թող քարկոծվի, նրա միսը թող չուտեն, բայց ցլի տերը անպարտ թող լինի։ 29 Եթե ցուլը նախկինում ևս հարվածող է եղել, և նրա տիրոջը բողոքած են եղել, բայց սա ցլին մեջտեղից չի վերացրել, և եթե ցուլը տղամարդ կամ կին սպանի, ապա ցուլը թող քարկոծվի, և ցլի տերը նրա հետ թող մահապատժի ենթարկվի։ 30 Իսկ եթե նրան թույլատրվի փրկագին վճարել, ապա թող վճարի կյանքի համար այնչափ, որչափ կնշանակվի փրկագինը։ 31 Եթե ցուլը մի տղայի կամ մի աղջկա հարվածի, նույն կերպ թող վարվեն նրա հետ։ 32 Իսկ եթե ցուլը մի ստրուկի կամ աղախնու հարվածի, ցլատերը նրանց տիրոջը երեսուն կրկնադրամ արծաթ թող վճարի, իսկ ցուլը թող քարկոծվի։

33 Եթե մեկը փոս բացի կամ ջրհոր փորի ու դրանք չծածկի, և դրանց մեջ արջառ կամ էշ ընկնի, 34 փոսի տերը արծաթ թող վճարի անասունի տիրոջը, իսկ լեշը թող իրենը լինի։

35 Եթե մեկի ցուլը հարվածի մի ուրիշ մարդու ցլին, և սա սատկի, կենդանի մնացած ցուլը թող վաճառեն և դրա արժեքը թող բաժանեն։ Թող բաժանեն նաև սպանված ցուլը։ 36 Իսկ եթե նախկինում էլ գիտեին, որ ցուլը հարվածող է, և դրա տիրոջը բողոքած են եղել, բայց նա իր ցլին մեջտեղից չի վերացրել, թող ցլի փոխարեն ցուլ տա, իսկ սպանված ցուլը թող նրան տրվի»։

Փոխհատուցման հրահանգները

37 *«Իսկ եթե մեկը արջառ կամ ոչխար գողանա և մորթի կամ վաճառի, ապա մեկ արջառի փոխարեն հինգ արջառ թող հատուցի, իսկ մեկ ոչխարի փոխարեն՝ չորս ոչխար։

 

* Որոշ թարգմ. 21.37-22.30-ը համարակալված է որպես 22.1-31։