Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Ալեքսանդր Մակեդոնացի1 Փիլիպպոսի որդի Ալեքսանդր Մակեդոնացի կայսրը, քետ…

Ալեքսանդր Մակեդոնացի

1 Փիլիպպոսի որդի Ալեքսանդր Մակեդոնացի կայսրը, քետիմացիների երկրից գալով, պարտության մատնեց պարսիկների ու պարթևների արքա Դարեհին և թագավորեց նրա փոխարեն (դրանից առաջ նա իր թագավորությունը հաստատել էր ողջ Հունաստանի վրա)։ 2 Նա բազմաթիվ պատերազմներ մղեց, բերդեր գրավեց, բազում թագավորներ սպանեց 3 և հեթանոս տարբեր ազգերից մեծ ավար վերցրեց։ Ամբողջ աշխարհում խաղաղություն հաստատեց։ 4 Նա բազմաթիվ զորք հավաքեց, հարձակվեց երկրների ու բոլոր հզոր պետությունների վրա և ամբողջ աշխարհը հարկատու դարձրեց։
5 Դրանից հետո նա մահացու ախտով հիվանդացավ և անկողին ընկավ։ Երբ տեսավ, որ մեռնում է, 6 կանչեց մանկուց իր հետ սնված-դաստիարակված զորավարներին՝ իր կողմից փառքի արժանացած իր չորս կաթնեղբայրներին, ու քանի դեռ կենդանի էր, իր թագավորությունը բաժանեց և տվեց նրանց։ 7 Ալեքսանդրը տասներկու տարի թագավորելուց հետո մեռավ։ 8 Նրանից հետո իշխեցին նրա կաթնեղբայրները՝ յուրաքանչյուրն իրեն բաժին հասած տարածքում։ 9 Նրանք բոլորն էլ նրա մահից հետո թագ դրեցին իրենց գլխին։ Նրանցից հետո երկար տարիներ նույնը արեցին նաև նրանց որդիները։ Սրանք բազմացրին անօրենություններն ու երկիրը լցրին իրենց չարագործություններով։
10 Սրանցից է սերում չարիքի արմատ, դառնության շառավիղ, անօրեն Անտիոքոսը՝ Անտիոքոս արքայի որդին, որ պատանդ էր մնացել Հռոմ քաղաքում։ Նա թագավորեց հելլենիստական թվականության 137-րդ* տարում։
11 Այդ օրերին էր, որ իսրայելացիներից ելան անօրեն մարդիկ, որոնք, շատերին դյութելով պատիր ու շողոմ խոսքերով, ասացին. «Եկեք գնանք մեր շուրջը բնակվող բոլոր հեթանոս ազգերի հետ ուխտ դնենք ու դաշինք կնքենք, որովհետև այն օրից ի վեր, երբ մենք անջատվեցինք նրանցից ու հեռացանք, բազում մեծ չարիքներ պատահեցին մեզ»։ 12 Շատերին հաճելի թվացին այս խոսքերը։ 13 Ժողովրդի միջից ոմանք համաձայնվեցին գնալ ներկայանալ թագավորին, և թագավորը նրանց իրավունք տվեց ապրել հեթանոսների բոլոր օրենքներով։ 14 Նրանք Երուսաղեմում ըստ հեթանոսների օրենքների մեհենական հրապարակներ կառուցեցին, 15 իրենց համար անթլփատության օրենք հաստատեցին, հեռացան սուրբ կտակարանների ուխտից, միաբանվեցին հեթանոսների հետ և հոժարեցին չարիքներ գործել։

Անտիոքոսը հարձակվում է Եգիպտոսի վրա

16 Երբ Անտիոքոսի թագավորությունը հզորացավ, նա մտադրվեց թագավորել նաև Եգիպտոսի վրա, որպեսզի միացնի երկու թագավորությունները։ 17 Նա մեծ զորքով, ռազմակառքերով, փղերով ու բազում նավերով արշավեց Եգիպտոսի վրա, 18 որպեսզի պատերազմի Եգիպտոսի Պտղոմեոս թագավորի դեմ։ Պտղոմեոսը պարտություն կրեց նրանից ու փախուստի դիմեց։ Այդ կռվում բազմաթիվ մարդիկ վիրավոր ընկան։ 19 Անտիոքոսն ասպատակեց ամբողջ երկիրը. նրա զորքերը հանկարծակի վրա էին հասնում, արագ հավաքում էին ավարն ու գրավում Եգիպտոսի բոլոր բերդերը։
20 Եգիպտացիներին հաղթելուց հետո Անտիոքոսը հարյուր քառասուներեք թվականին վերադարձավ և մեծ զորքով հարձակվեց Երուսաղեմ քաղաքի վրա, 21 հանդուգն գոռոզությամբ մտավ սուրբ տաճար, հափշտակեց ոսկե զոհասեղանը, լույսի աշտանակը, գանձատան բոլոր իրերը, 22 առաջավորության հացի սեղանը, սկիհներն ու տաշտերը, բոլոր խնկամաններն ու վարագույրները, պսակներն ու տաճարի առջևի ոսկե զարդերը և ձուլեց բոլորը։ 23 Նա վերցրեց արծաթն ու ոսկին, զենքն ու զրահը, ռազմական բոլոր իրերը, գտավ 24 ու վերցրեց թաքցրած գանձերն ու թանկարժեք բոլոր անոթները և գնաց իր երկիրը։ Նա շատ արյուն թափեց, շատ մարդկանց սպանեց և մեծ ամբարտավանությամբ խոսեց։ 25 Մեծ սուգ պատեց Իսրայելին իրենց բոլոր բնակավայրերում։
26 Հառաչեցին իշխաններն ու ծերերը,
թուլացան աղջիկներն ու երիտասարդները,
խամրեց կանանց գեղեցկությունը,
27 բոլոր փեսաները ողբացին ու լացին,
սգո բանտի վերածվեցին բոլոր հարսների ննջասենյակները։
28 Երկիրն անգամ սարսռաց իր բնակիչների համար,
և անարգանքն ու ամոթը համակեց Հակոբի ամբողջ տունը։

Երուսաղեմի ամրոցի կառուցումը

29 Այդ դեպքերից երկու տարի հետո Անտիոքոս արքան հարկահան մի իշխան ուղարկեց Հուդայի երկրի քաղաքները։ Նա Երուսաղեմ եկավ մեծաթիվ զորքով 30 և սկսեց նենգությամբ խաղաղություն քարոզել։ Նրանք հավատացին սրան։ Բայց նա հանկարծակի հարձակվեց քաղաքի վրա, մեծ հարվածներ հասցրեց բնակիչներին և բազմաթիվ իսրայելացիներ սպանեց։ 31 Նա ավարի մատնեց քաղաքը, հրկիզեց նրա բոլոր փայտակերտ շինությունները, քանդեց, ավերեց քաղաքը շրջափակող պարիսպներն ու նրա ապարանքների բոլոր պատերը։ 32 Գերեվարեցին կանանց ու մանուկներին, տիրացան նրանց բոլոր անասուններին։ 33 Նրանք քաղաքի վերին կողմը ամուր պարիսպներով ու հզոր աշտարակներով ամրոց շինեցին, և դա նրանց համար ամրացված քաղաքի միջնաբերդը եղավ։ 34 Այնտեղ լցրին մեղսագործ, անօրեն մարդկանց, 35 զենքերով զինեցին նրանց, մթերքներով ապահովեցին և Երուսաղեմի ողջ ավարը կուտակեցին ներսում։ Դրանք Իսրայելի համար մշտապես մեծ որոգայթ եղան, 36 արգելք՝ սրբարանին ու չար սատանա։ 37 Նրանք սրբարանի շուրջն անմեղ արյուն թափեցին և պղծեցին սրբարանը։ 38 Դրանից հետո նրանց պատճառով Երուսաղեմի բնակիչները փախստական դարձան։ Երուսաղեմը օտարների բնակավայր դարձավ և օտարացավ իր հարազատ զավակներից, որովհետև նրա որդիները լքեցին նրան։
39 Ավերվեց նրա սրբարանն ու վերածվեց անապատի։
Նրա տարեկան տոները սգի վերածվեցին,
իսկ նրա շաբաթ օրերը՝ նախատինքի ու ամոթի։
Արհամարհվեց նրա պատիվը,
40 նրա փառքը լցվեց անարգանքով,
նրա վեհությունը սգի վերածվեց։

Անտիոքոսն ստիպում է պաշտել կուռքերին

41 Ողջ աշխարհում հրովարտակներ արձակվեցին, 42 որ երկրի բոլոր բնակիչները հրաժարվեն իրենց օրենքներից և ընդունեն մեկ օրենք՝ նրա՛ օրենքը։ Բոլոր ազգերը ենթարկվեցին արքունի հրամանին։ 43 Իսրայելացիներից շատերը նույնպես դավանեցին անօրեն կրոնը, զոհեր մատուցեցին նրանց կուռքերին ու պղծեցին իրենց շաբաթ օրերը։ 44 Թագավորը սուրհանդակների միջոցով հրովարտակներ ուղարկեց Երուսաղեմ ու Հուդայի երկրի քաղաքները և հրամայեց ընդունել օտարոտի օրենքներ, 45 սրբարանից վերացնել ողջակեզները, զոհերն ու հեղման ընծաները, պղծել շաբաթ օրերն ու ամենամյա տոները, 46 ապականել սրբարանն ու քահանաներին, 47 կռապաշտական զոհասեղաններ կանգնեցնել, մեհյաններ կառուցել, խոզեր ու անմաքուր անասուններ զոհել, 48 իրենց որդիներին անթլփատ թողնել և իրենց անձերն ամեն տեսակ անօրեն պղծություններով պղծել, 49 որպեսզի բոլորովին մոռանան իրենց հավատն ու փոխեն օրենքները։ 50 Իսկ նա, ով չէր ենթարկվի թագավորի հրամանին, կդատապարտվեր մահվան։ 51 Բոլոր վայրերում ոստիկանն արեց այն ամենը, ինչ գրել էր թագավորը։ Հուդայի երկրի քաղաքներին հրամայեց, որ քաղաք առ քաղաք զոհեր մատուցեն։ 52 Բոլոր նրանք, որ հեռացել էին Օրենքից, նրանց մոտ հավաքվեցին և երկիրը չարագործություններով լցրին։ 53 Նրանք Իսրայելին ստիպեցին քաշվել ավելի ամուր տեղեր և ապաստաններ։
54 145 թվականի Քասղև ամսի 25-ին նա զոհասեղանի վրա բարձրացրեց “ավերածության պղծությունը”*։ Ամբողջ Հուդայի երկրի քաղաքների շուրջը մեհյաններ կառուցեցին 55 և ապարանքների բոլոր դռների մոտ ու քաղաքների բոլոր ճանապարհների վրա խունկ ծխեցին։ 56 Պատառոտում ու կրակն էին նետում իրենց ձեռքն ընկած Օրենքի բոլոր գրքերը։ 57 Ում մոտ Օրենքի գիրք էին գտնում, կամ ով Օրենքին հավատարիմ էր մնացել, թագավորի հրամանի համաձայն նրան մահապատժի էին ենթարկում։ 58 Այսպես ամսեամիս սաստկանում էր հրամանը այն իսրայելացիների նկատմամբ, որոնք գտնվում էին քաղաքներում։ 59 Ամսի քսանհինգին զոհ էին մատուցում զոհասեղանի վրա կառուցված հեթանոսական բագինների վրա։ 60 Հրամանի համաձայն՝ սպանում էին այն կանանց, որոնք թլփատել էին իրենց երեխաներին 61 և ըստ արքունի հրամանի՝ երեխաներին կախում էին իրենց իսկ մայրերի պարանոցներից։ Նույն կերպ էին վարվում թե՛ թլփատողների և թե՛ նրանց որդիների հետ։
62 Սակայն բազմաթիվ իսրայելացիներ որոշեցին չուտել պիղծ բաներ, 63 գերադասեցին հոժարակամ մեռնել, բայց երբեք իրենց անձը չպղծել անմաքուր կերակուրներով, որպեսզի չպղծեն սուրբ ուխտը։ Եվ նրանցից շատերը մեռան։ 64 Աստծու բարկությունը իջել էր Իսրայելի վրա։