Հին Կտակարան
Նոր Կտակարան
1 Տեսիլք, որը տեսավ Ամբակում մարգարեն։Ամբակումի գանգատն անարդարության…
1 Տեսիլք, որը տեսավ Ամբակում մարգարեն։
Ամբակումի գանգատն անարդարության դեմ
2 Մինչև ե՞րբ, Տե՛ր, աղաղակեմ, և չլսես,
զրկված՝ ձայն տամ քեզ, և չփրկես։
3 Ինչո՞ւ ինձ տառապանք ու հոգնություն ցույց տվեցիր՝
թշվառություն և ամբարշտություն տեսնելու։
Իմ առաջ դատաստան եղավ, և դատավորը կաշառք էր վերցնում։
4 Դրա համար օրենքը մերժվեց,
և արդարադատությունը գլուխ չի գալիս.
քանի որ ամբարիշտը ճնշում է արդարին,
որի համար սխալ դատաստան էր լինում։
Աստծու պատասխանը. բաբելացիների ներխուժումը
5 Տեսե՛ք, արհամարհողնե՛ր, և նայե՛ք,
հիացմունքով զարմացե՛ք և չքացե՛ք,
որովհետև ես մի գործ եմ անում ձեր օրերում,
որին չեք հավատա, թեպետ մեկը պատմի ձեզ։
6 Ահա ես արթնացնում եմ քաղդեացիներին՝
դաժան և արագընթաց ազգին,
որ ընթանում է երկրի լայնությամբ՝
ժառանգելու վրանները, որոնք իրենը չեն։
7 Ահեղ ու երևելի է.
նրա դատաստանն իրենից կլինի,
և իր տեսիլքն իրենից կելնի։
8 Նրանց ձիերն ավելի արագ կվազեն, քան ընձառյուծները,
ավելի կատաղի, քան արաբացիների գայլերը.
նրանց զինյալները կասպատակեն,
կդիմեն հեռուներից և կսլանան,
ինչպես արծիվները ցանկությամբ՝ կերակուրի վրա։
9 Ամբարիշտների վախճանը կհասնի նրա երեսի դեմ դարձածների համար։
Գերությունը կհավաքի, ինչպես ավազը։
10 Ինքը թագավորների հետ զեխություն կանի,
բռնակալները նրա խաղալիքն են,
և ինքը բոլոր ամրոցների հետ ամբողջությամբ խաղ կանի,
հողակույտեր կհավաքի և կպահի այն։
11 Այն ժամանակ կփոխվի նրա միտքը,
կանցնի և կախորժի՝ ասելով.
«Այս զորությունն իմ աստծունն է»։
Ամբակումը նորից է գանգատվում
12 Ի սկզբանե մի՞թե դու չես Տերը՝ մեր Աստվածը.
չենք մեռնի.
Տե՛ր, նրան դրեցիր դատաստանի և ստեղծեցիր ինձ՝
հանդիմանելու նրա խաղը։
13 Սուրբ է քո աչքը չարիքներ տեսնելու համար,
և չես կարողանա նայել տառապանքներին.
ինչո՞ւ նայեցիր արհամարհողներին և չսաստեցիր,
երբ ամբարիշտը կուլ էր տալիս արդարին։
14 Մարդկանց կդարձնես ծովի ձկների
և սողունների՞ պես, որոնք առաջնորդ չունեն։
15 Վախճանը կարթով կորզեց,
իր ցանցով բռնեց նրան և իր ուռկաններով ժողովեց նրան,
որի համար կուրախանա և կցնծա նրա սիրտը։
16 Դրա համար զոհ կմատուցի իր ուռկանին
և խունկ կծխի իր ցանցին,
քանի որ նրանցով ուռճացրեց իր բաժինը
և իր ընտիր կերակուրը։
17 Դրա համար կտարածի իր ցանցը
և չի խնայի մշտապես կոտորելու ազգերին։