Հին Կտակարան
Նոր Կտակարան
Եսայու մարգարեությունն իր որդու մասին1 Տերն ինձ ասաց. «Քեզ համար մի ն…
Եսայու մարգարեությունն իր որդու մասին
1 Տերն ինձ ասաց. «Քեզ համար մի նոր մեծադիր մատյա՛ն վերցրու. նրա մեջ ճարտար մարդու գրչով գրի՛ր՝ “Արագորեն ավարառությա՛ն ենթարկել, շուտափույթ կողոպո՛ւտ կուտակել, քանզի ժամը հասել է”։ 2 Ինձ համար վկաներ կկարգես հավատարիմ մարդկանց՝ Ուրիա քահանային և Բարաքիայի որդի Զաքարիային»։ 3 Ես մերձեցա իմ մարգարե կնոջը, նա հղիացավ ու մի որդի ծնեց։ Տերն ինձ ասաց. «Նրա անունը դի՛ր “Արագ-արագ կողոպտի՛ր և շուտ-շուտ ավա՛ր առ”, 4 քանի որ մինչ մանուկը կսովորի “հայր” կամ “մայր” ասել, Դամասկոսի հարստությունը և Սամարիայի ավարը կբերվեն Ասորեստանի թագավորի առաջ»։
Ասորեստանի թագավորի հարձակումը
5 Ապա Տերը նորից խոսեց ինձ հետ և ասաց.
6 «Քանի որ այդ ժողովուրդն արհամարհեց Սիլովամի հանդարտահոս ջուրը
և ուզեց իր համար թագավորներ ընտրել Ռասիմին և Ռոմելայի որդուն,
7 դրա համար էլ Տերը ձեզ վրա պիտի թափի հորդ ու հզոր գետի ջուրը՝
Ասորեստանի արքային ու նրա զորությունը։
Նա կգա հասնի ձեր բոլոր ձորերը
և կճեմի ձեր պարիսպների վրայով.
8 այն մարդուն, որ ի վիճակի կլինի բարձրացնել իր գլուխը,
և այն զորավորին, որ ունակ կլինի որևէ բան անելու,
կվերացնի Հուդայի երկրից.
նրա բանակը կլցվի ձեր լայնարձակ երկիրը»։
Աստված մեզ հետ է,
9 իմացե՛ք, հեթանոսնե՛ր,
պիտի պարտվեք. լուրը հասցրե՛ք աշխարհի չորս կողմերը.
դուք, որ հզորացել եք, պիտի պարտվեք։
Թեև դուք դարձյալ ուժեղանալու եք,
բայց էլի պարտության եք մատնվելու։
10 Ինչ խորհուրդ էլ անեք,
Տերը խափանելու է այն,
և ինչ էլ ասելու լինեք, չի հաստատվելու,
քանզի Տերը՝ Աստված, մեզ հետ է։
11 Այսպես է ասում Տերը նրանց, ովքեր ընդդիմանում են նրա բազկի զորությանը՝ հետևելով այս ժողովրդի ճանապարհին.
12 «Ասում են, թե երբեք խիստ չեն խոսում.
բայց չէ՞ որ ինչ խոսում է այդ ժողովուրդը, խիստ է։
Մի՛ սարսափեք այն բանից, ինչից նրանք են վախենում,
և մի՛ անհանգստացեք։
13 Իրեն՝ Զորությունների Տիրո՛ջը, սրբացրե՛ք,
թող ձեր վախը նա՛ լինի։
14 Եթե հույսդ նրա վրա դնես,
նա քեզ համար սրբություն կլինի,
և քո ոտքը քարի չի դիպչի, դու չես սայթաքի։
Բայց Հակոբի տունը որոգայթի, և Երուսաղեմի բնակիչները ծործորների մեջ են։
15 Դրա համար էլ այնտեղ շատերը պիտի տկարանան,
ընկնեն ու խորտակվեն.
մարդիկ, որոնք ապահովության մեջ էին,
պաշարման պիտի ենթարկվեն»։
Զգուշանալ վհուկներից և հետևել Աստծուն
16 Այն ժամանակ պիտի հայտնվեն նրանք, ովքեր փակի տակ են դնելու օրենքները, որպեսզի որևէ մեկը չկարողանա սովորել 17 և ասել. «Կմնամ ու կսպասեմ Աստծուն, որն իր երեսը դարձրեց Հակոբի տնից, հույս կդնեմ նրա վրա»։ 18 Ահավասիկ ես և իմ զավակները, որ Աստված ինձ պարգևեց, Իսրայելի տան մեջ նշաններն ու վկաները պիտի լինեն Զորությունների Տիրոջ կողմից, որ բնակվում է Սիոն լեռան վրա։ 19 Եվ եթե ձեզ ասեն՝ «Հարցրե՛ք վհուկներին ու մեռելահարցուկներին, նանրախոսներին ու որովայնախոսներին», այն ժամանակ ասացե՛ք. «Մի՞թե որևէ ազգ իր Աստծուն չպիտի դիմի, ողջերի համար մեռածների՞ն պիտի հարցնեն։ 20 Չէ՞ որ օրենքը տվեց օգնության համար, որպեսզի ասեն, թե սրանք այն խոսքերը չեն, որոնց համար կարելի է կաշառք տալ»։
Նեղության ժամանակներ
21 Սոսկալի սովը պիտի սպառնա ձեզ,
և երբ քաղցած լինեք, պիտի վշտանաք,
հայհոյանք թափեք իշխանի ու աշխարհի հասցեին։
Իրենց աչքերը պիտի ուղղեն դեպի վեր՝ երկնքին,
22 պիտի նայեն դեպի ներքև՝ երկրին,
և ահա կարիք, տառապանք, խավար,
նեղություն, անձկություն ու մթություն, այնպես
որ ոչ ոք չկարողանա տեսնել։
23 Եվ նա, ով նեղության մեջ լինի,
չի տկարանալու, մինչև որ գա ժամանակը, որ շուտ է գալու,
ո՜վ Զաբուղոնի՛ երկիր, երկի՛ր Նեփթաղիմի, ճանապա՛րհ ծովի,
նաև մյուսներդ, որ բնակվում եք ծովեզերքին
և Հորդանան գետի այն կողմում,
հեթանոսների՛ Գալիլեա և Հուդայի՛ կողմեր։