Հին Կտակարան
Նոր Կտակարան
1 Եվ երբ Հուդիթն ավարտեց իր աղոթքը և ասաց այս խոսքերը, 2 ոտքի կանգնեց…
1 Եվ երբ Հուդիթն ավարտեց իր աղոթքը և ասաց այս խոսքերը, 2 ոտքի կանգնեց խոնարհվելուց, կանչեց իր նաժիշտին, իջավ իր տունը, ուր որ լինում էր շաբաթ և տոնական օրերին։ 3 Հանեց այրիության զգեստը և այն քուրձը, որ հագել էր, լվաց իր մարմինը ջրով և օծվեց անուշահոտ յուղով, հյուսեց իր մազերը, կապեց ապարոշ իր ճակատին, հագավ ուրախության իր զգեստը, որ հագնում էր իր ամուսնու՝ Մանասեի կենդանության ժամանակ, 4 հագավ ոսկեզօծ կոշիկները, դրեց ձեռքերին ապարանջանները, գցեց իր պարանոցին թանկարժեք քարերով մանյակ, դրեց մատանիներ իր մատներին, գլխարկ՝ իր գլխին։ Եվ իր ողջ զարդարանքով ավելի պայծառացավ իր դեմքի գեղեցկությամբ՝ իրեն տեսնողներին խաբելու համար։ 5 Իր մախաղը տվեց աղախնին՝ լցնելով այն փոխինդով, թզի չրով և անարատ հացով, ապա՝ գինու տիկ և յուղի սրվակ։ Դասավորելով այն ամենն ըստ կարգի՝ տվեց իր աղախնին։ 6 Նրանք ելան Բետիղուա քաղաքի դուռը և այնտեղ տեսան Ոզիային, որ կանգնած էր դռների մոտ և նրա հետ՝ քաղաքի այլ ծերերին, այդ թվում՝ Քարբիին և Քարմիին։ 7 Եվ երբ նրանք տեսան Հուդիթին, որ կերպարանափոխվել էր դեմքի գեղեցկությամբ և զգեստով, հիացան նրա գեղեցկությամբ և ասացին նրան. 8 «Աստված, մեր հայրերի Աստված, թող քեզ շնորհ տա և կատարի քո սրտի կամքը Իսրայելի որդիների ցնծության, ուրախության և Երուսաղեմի բարօրության համար»։ 9 Եվ երկրպագեցին Աստծուն։ Հուդիթն ասաց նրանց. «Հրամայե՛ք, որ ինձ համար բացեն քաղաքի դռները, որպեսզի դուրս գամ կատարելու այն մտադրությունը, որի մասին ասել եմ ձեզ»։ Դռնապաններին հրամայեցին բացել դռները, ինչպես որ խոսել էին։ 10 Այնպես էլ արեցին։
Եվ ելավ Հուդիթը, նրա հետ նաև իր աղախինը։ Քաղաքի մարդիկ նայում էին նրա ընթացքին, մինչև որ իջավ սարից, անցավ ծործորի միջով, և այլևս նրան չտեսան։ 11 Նրանք ծործորի հովտով գնում էին ուղիղ ճանապարհով։ Եվ նրանց հանդիպեցին ասորեստանցիների պահապանները։ 12 Բռնեցին նրանց և հարցրին. «Ո՞վ ես դու, որտեղի՞ց ես գալիս և ո՞ւր ես գնում»։ Հուդիթն ասաց նրանց. «Ես եբրայեցիների դուստր եմ և փախել եմ նրանցից, քանի որ նրանք մեզ մատնելու են ձեր ձեռքը, որ ոչնչացնեք մեզ։ 13 Եվ ես եկա, որ կանգնելով ձեր զորապետ Հողոփեռնեսի առաջ՝ պատմեմ ճշմարտությունը, ցույց տամ նրան այն ճանապարհը, որով կարող է գնալ և տիրել ողջ լեռնակողմին, որ իր զորքը չտուժի»։ 14 Երբ այրերը լսեցին Հուդիթի խոսքերը, նայեցին նրա երեսին. նա շատ գեղեցիկ էր։ Եվ ասացին նրան. 15 «Այսօր փրկեցիր քեզ, արդ, շտապի՛ր դու տեսնել մեր տիրոջը, մեզ հետ ե՛կ նրա վրանի մոտ, և քեզ կհանձնենք նրա ձեռքը։ 16 Եվ երբ կանգնես նրա առաջ, չվախենաս, այլ ըստ քո մտածածի կպատմես նրան, և նա քո նկատմամբ բարի կգտնվի»։
17 Իրենցից հարյուր անձ ընտրեցին և ուղարկեցին նրա հետ։ Եվ նրանց տարան Հողոփեռնեսի վրանի մոտ։ 18 Եվ ողջ բանակին պատմեցին նրա գեղեցկության և գալստյան մասին։ Եվ մինչ նա Հողոփեռնեսի վրանի մոտ էր, և քանի դեռ նրա մասին պատմում էին Հողոփեռնեսին, շատերը գալիս էին տեսնելու նրան։ 19 Եվ հիանում էին նրա գեղեցկությամբ ու նրա շնորհիվ՝ Իսրայելի որդիներով։ Եվ մեկը մյուսին ասում էր. «Ո՞վ կարող է վատ բան մտածել մի ազգի մասին, որի կանայք այսպիսի գեղեցկություն ունեն։ Արդ նրանց տղամարդիկ չպետք է ապրեն, որպեսզի նրանց դուստրերը մեզ կնության մնան։ Իսկ եթե ապրեն, վնասակար կլինեն ողջ երկրի համար»։
20 Եվ Հողոփեռնեսի ծառաները դուրս եկան և նրան տարան վրանը։ 21 Հողոփեռնեսը նստած էր վարագույրով շուրջանակի փակված գահույքի վրա՝ ընդելուզված ոսկով, մարգարիտով և պատվական քարերով։ 22 Երբ լսեց Հուդիթի մասին, քանի որ գիշեր էր, արծաթե ջահերով և լապտերներով դուրս եկավ վրանի սրահը։ 23 Եվ երբ Հողոփեռնեսը տեսավ նրան, հիացավ նրա գեղեցկությամբ։ Իսկ Հուդիթը խոնարհվելով երկրպագեց Հողոփեռնեսին, բայց նրա ծառաները ոտքի հանեցին նրան։