Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Աստղերի և բնական ուժերի պաշտամունքը1 Բնությամբ ունայն էին բոլոր այն մ…

Աստղերի և բնական ուժերի պաշտամունքը

1 Բնությամբ ունայն էին բոլոր այն մարդիկ, որ աստվածգիտություն չունեին և անկարող էին տեսանելի բարի բաներից իմանալ, թե ո՛րն է Գոյը, և ոչ էլ նայելով գործերին՝ ճանաչեցին նրանց Ճարտարապետին։ 2 Այլ նրա փոխարեն աստվածներ համարեցին կա՛մ կրակը, կա՛մ հողմը, կա՛մ արագահոս օդը, կա՛մ աստղերի համաստեղությունները, կա՛մ հորդ ջրերը և կա՛մ երկնային լուսատուները՝ աշխարհի արբանյակները։ 3 Եվ եթե դրանց գեղեցկությամբ հրճվելով՝ նրանց աստվածներ կարծեցին, ապա պիտի իմանային, թե որքա՜ն առավել ևս լավ է դրանց Տերը՝ գեղեցկության արարչապետը, դրանց ստեղծողը։ 4 Իսկ եթե զարմանում են դրանց ուժի և ազդեցության վրա, ապա թող իմանան, թե որքա՜ն առավել ևս զորավոր է նա, որ ստեղծել է դրանք։ 5 Քանզի արարվածների մեծությունից և գեղեցկությունից էլ հասնում ենք դրանք արարչագործողի գաղափարին։ 6 Սակայն այդ մարդկանց մեղադրելու տակավին քիչ բան կա, քանի որ նրանք, թեև մոլորված, Աստծուն են որոնում և կամենում են գտնել նրան։ 7 Անդրադառնալով նրա գործերին՝ քննում և տեսողությամբ հավանելով տեսանելիները՝ համոզվում են, որ դրանք գեղեցիկ են։ 8 Բայց նրանք ևս արժանի չեն ներման, 9 որովհետև եթե կարողացան այդքան խելամուտ լինել, որ ընդունակ եղան զննելու աշխարհը, ապա ինչո՞ւ անմիջապես չկարողացան գտնել դրա Տիրոջը։
10 Թշվառական են նրանք, և մեռելների վրա է նրանց հույսը, ովքեր աստվածներ համարեցին մարդկային ձեռքի գործերը, ոսկին և արծաթը, արվեստի ճարտար կերտվածքները, կենդանիների նմանությունները կամ նախնիների ձեռակերտ անօգուտ ինչ-որ քար։ 11 Մի ատաղձագործ, սղոցելով գեղեցիկ ինչ-որ ծառ, վարպետորեն քերեց նրա ողջ կեղևը և կյանքում օգտագործելու համար պատրաստեց վայելուչ և պիտանի մի անոթ։ 12 Իսկ տաշեղը վառեց կերակուր պատրաստելու համար և հագեցավ, 13 կամ անպետք, խոտելի և ծուռումուռ փայտը վերցրեց ու տաշեց գործի խոր իմացությամբ և իմաստուն խելամտությամբ ձևավորեց՝ նմանեցրելով մարդու կերպարանքին 14 կամ դարձրեց անարգ կենդանու ճշգրիտ նմանություն։ Կրով ծեփեց և կարմիր սնգույրով ներկեց այն, կավով սվաղեց նրա բոլոր խորդուբորդությունները 15 և նրա համար արժանի տուն շինեց, այն դրեց պատին և ամրացրեց երկաթով՝ 16 զգուշանալով, որ չկործանվի։ Որովհետև գիտեր, որ նա ինքն իր անձին օգնել չի կարող, քանզի արձան է և կարոտ օգնության։ 17 Ամուսնության, որդիների և ունեցվածքի համար մոտենում ու շշնջում է այդ անշունչ կերտվածքին, աղաչում է և չի ամաչում, առողջության համար դիմում է այդ ապիկարին, 18 կյանքի համար աղերսում է այդ անշունչին, աղոթում է այդ անկարին, որ թև ու թիկունք լինի իրեն։ Եվ նրանից, որ ոտքն առաջ տանել չի կարող, 19 ճանապարհորդության, հարստության և գործերի հաջողության համար է խնդրում և նրանից, որ ձեռքը շարժել չի կարող, խնդրում է ձեռքերի կորով և արգասավորություն։