Հին Կտակարան
Նոր Կտակարան
Տասներկուսի ընտրությունը(Մրկ. 3.13-19, Ղուկ. 6.12-16)1 Հիսուսը, իր մո…
Տասներկուսի ընտրությունը
(Մրկ. 3.13-19, Ղուկ. 6.12-16)
1 Հիսուսը, իր մոտ կանչելով իր տասներկու աշակերտներին, նրանց իշխանություն տվեց պիղծ ոգիներ հանելու և բոլոր ցավերն ու բոլոր հիվանդությունները բժշկելու։ 2 Տասներկու առաքյալների անունները սրանք էին. առաջին՝ Սիմոն, որ Պետրոս անվանվեց, և նրա եղբայրը՝ Անդրեաս, Զեբեդեոսի որդի Հակոբոս և նրա եղբայրը՝ Հովհաննես, 3 Փիլիպպոս և Բարթողոմեոս, Թովմաս և Մատթեոս մաքսավոր, Ալփեոսի որդի Հակոբոս և Ղեբեոս, որ Թադեոս անվանվեց, 4 Սիմոն Կանանացի և Հուդա Իսկարիովտացի, որն էլ մատնեց նրան։
Տասներկուսի առաքելությունը
(Մրկ. 6.7-13, Ղուկ. 9.1-6)
5 Հիսուսը տասներկուսին ուղարկեց և պատվիրեց նրանց՝ ասելով. «Հեթանոսների մոտ տանող ճանապարհով չգնաք և սամարացիների որևէ քաղաք չմտնեք, 6 այլ նախընտրե՛ք գնալ Իսրայելի տան կորած ոչխարների մոտ։ 7 Երբ գնաք, քարոզե՛ք և ասե՛ք, որ մոտեցել է երկնքի արքայությունը։ 8 Հիվանդներին բժշկե՛ք, բորոտներին մաքրե՛ք, դևերին հանե՛ք, ձրի առաք, ձրի էլ տվեք։ 9 Ձեռք մի՛ բերեք ո՛չ ոսկի, ո՛չ արծաթ, ո՛չ էլ պղնձադրամ՝ ձեր գոտիների մեջ, 10 ո՛չ պարկ՝ ճանապարհի համար, ո՛չ երկու հագուստ, ո՛չ կոշիկ, ո՛չ էլ ցուպ։ Մշակն արժանի է իր կերակրին։ 11 Որ քաղաքը կամ որ գյուղը մտնեք, հարցրե՛ք, թե ո՛վ է այնտեղ արժանավոր, և այնտեղ մնացե՛ք, մինչև ելնեք այնտեղից։ 12 Երբ այդ տունը մտնեք, ողջո՛ւյն տվեք նրան և ասե՛ք. «Ողջո՜ւյն այս տանը»։ 13 Եթե տունն արժանի լինի, ձեր ողջույնը նրա վրա թող իջնի, իսկ եթե արժանի չլինի, ձեր ողջույնը ձեզ թող վերադառնա։ 14 Եթե մեկը չընդունի ձեզ և չլսի ձեր խոսքերը, երբ այդ քաղաքից դուրս գաք, թա՛փ տվեք փոշին ձեր ոտքերից։ 15 Ճշմարիտ եմ ասում ձեզ, դատաստանի օրը սոդոմացիների ու գոմորացիների երկրի համար ավելի դյուրին կլինի, քան այդ քաղաքի համար»։
Նեղություններ և հալածանքներ
(Մրկ. 13.9-13, Ղուկ. 21.12-17, 12.2-12)
16 «Ահա ես ձեզ ուղարկում եմ որպես ոչխարներ՝ գայլերի մեջ։ Այսուհետև օձերի պես խորագե՛տ եղեք և աղավնիների պես՝ միամիտ։ 17 Զգո՛ւյշ եղեք մարդկանցից, որովհետև ձեզ դատարաններ կհանձնեն և ձեզ իրենց ատյաններում կտանջեն։ 18 Ձեզ կառավարիչների ու թագավորների առաջ կտանեն իմ պատճառով, որպեսզի նրանց և հեթանոսներին վկայություն տաք։ 19 Բայց երբ ձեզ մատնեն, չմտագոհվեք, թե ինչպե՛ս կամ ի՛նչ պիտի խոսեք, որովհետև այդ ժամին ձեզ կտրվի այն, ինչ պիտի խոսեք, 20 որովհետև ոչ թե դուք եք խոսելու, այլ ձեր Հոր Հոգին, որ կխոսի ձեր միջոցով։
21 Եղբայրն իր եղբորը մահվան կմատնի, հայրը՝ որդուն։ Զավակները ծնողների դեմ կելնեն և նրանց կսպանեն։ 22 Եվ իմ անվան պատճառով բոլորից ատված կլինեք։ Բայց ով համբերի մինչև վերջ, նա՛ կփրկվի։
23 Երբ ձեզ հալածեն մի քաղաքում, փախե՛ք դեպի մեկ ուրիշը, և եթե ձեզ այնտեղից էլ հալածեն, փախե՛ք դեպի մյուսը։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, Իսրայելի քաղաքները սպառած չեք լինի նախքան Մարդու Որդու գալուստը։ 24 Աշակերտն առավել չէ ուսուցչից, ոչ էլ ծառան՝ իր տիրոջից։ 25 Աշակերտին բավական է, որ իր ուսուցչի նման լինի, և ծառային՝ իր տիրոջ նման։ Եթե տանտիրոջը Բեեղզեբուղ կոչեցին, որքա՜ն ավելի նրա ընտանիքի անդամներին։ 26 Այսուհետև նրանցից չվախենաք, որովհետև չկա ծածուկ բան, որ չհայտնվի, և գաղտնի բան, որ չիմացվի։ 27 Ինչ որ ձեզ ասում եմ խավարի մեջ, ասե՛ք լույսի մեջ, և ինչ որ լսում եք շշուկով, քարոզե՛ք տանիքների վրա։ 28 Եվ մի՛ վախեցեք նրանցից, ովքեր մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարողանում։ Այլ դուք հատկապես վախեցե՛ք նրանից, ով կարող է թե՛ հոգին և թե՛ մարմինը կորստյան մատնել գեհենի մեջ։ 29 Չէ՞ որ երկու ճնճղուկ մեկ լումայով է վաճառվում, բայց նրանցից ոչ մեկն իսկ առանց ձեր Հոր գիտության գետնին չի ընկնում։ 30 Իսկ ձեր գլխի յուրաքանչյուր մազն անգամ հաշվված է։ 31 Արդ, մի՛ վախեցեք, որովհետև բազմաթիվ ճնճղուկներից ավելի արժեք ունեք։ 32 Ամեն ոք, ով ինձ կխոստովանի մարդկանց առջև, ես էլ նրան կխոստովանեմ իմ Հոր առջև, որ երկնքում է։ 33 Իսկ ով ինձ կուրանա մարդկանց առջև, ես էլ նրան կուրանամ իմ Հոր առջև, որ երկնքում է»։
Սուր և խաչ
(Ղուկ. 12.51-53, 14.26-27)
34 «Չկարծե՛ք, թե եկել եմ երկրի վրա խաղաղություն բերելու. չեմ եկել խաղաղություն բերելու, այլ սուր, 35 որովհետև եկել եմ բաժանելու
որդուն իր հորից,
դստերը՝ իր մորից,
և հարսին՝ իր սկեսուրից։
36 Մարդու թշնամիներն իր ընտանիքի անդամները կլինեն (Միք. 7.6)։
37 Ով իր հորը կամ մորը սիրում է ինձնից ավելի, ինձ արժանի չէ։ Ով իր որդուն կամ դստերը ինձնից ավելի է սիրում, ինձ արժանի չէ։ 38 Եվ ով չի վերցնում իր խաչը և չի գալիս իմ հետևից, ինձ արժանի չէ։ 39 Ով ջանա փրկել իր կյանքը առանց ինձ, կկորցնի այն, իսկ ով ինձ համար կորցնի իր կյանքը, նրան կփրկեմ։ 40 Ով ձե՛զ է ընդունում, ի՛նձ է ընդունում, և ով ի՛նձ է ընդունում, ինձ ուղարկողին է ընդունում։ 41 Ով մարգարեին ընդունում է իբրև մարգարեի, մարգարեի վարձ կստանա։ Ով արդարին ընդունում է իբրև արդարի, արդարի վարձ կստանա։ 42 Եվ ով այս փոքրիկներից մեկին թեկուզ մի բաժակ սառը ջուր տա խմելու՝ իբրև աշակերտի, ճշմարիտ եմ ասում ձեզ, իր վարձը չի կորցնի»։