Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

1 Սաղմոս Դավթի, երբ նա կերպարանափոխեց իր դեմքն Աբիմելեքի առջև, որն էլ…

1 Սաղմոս Դավթի, երբ նա կերպարանափոխեց իր դեմքն Աբիմելեքի առջև, որն էլ հետո Դավթին բաց թողեց, որ գնա

2 Ամեն ժամ պիտի Տիրոջն օրհնաբանեմ,

Ամեն ժամ նրա օրհնությունը բերանիս մեջ թող լինի։

3 Անձս Տիրոջով պիտի պարծենա.

Թող լսեն հեզերը և ուրախանան։

4 Մեծարե՛ք Տիրոջն ինձ հետ,

Միասին պանծացնենք նրա անունը։

5 Խնդրեցի Տիրոջը, և լսեց ինձ.

Իմ բոլոր նեղություններից փրկեց ինձ։

6 Մոտեցե՛ք Տիրոջը և առե՛ք լույսը,

Եվ ձեր երեսը թող չամաչի։

7 Այս աղքատը Տիրոջն աղոթեց, և Տերը լսեց նրան,

Նրա բոլոր նեղություններից փրկեց նրան։

8 Տիրոջ հրեշտակների բանակն

Իրենից երկյուղածների շուրջն է

Եվ պահում է նրանց։

9 Ճաշակե՛ք և տեսե՛ք, որ քաղցր է Տերը։

Երանելի է այն մարդը, որ նրան է հուսացել։

10 Երկյուղե՛ք Տիրոջից, նրա բոլո՛ր սրբեր,

Քանզի ոչինչ չի պակասի նրանից երկյուղածներից։

11 Մեծամեծերն աղքատացան և քաղցեցին,

Բայց ովքեր Տիրոջն են փնտրում,

Նրանցից չի պակասի ոչ մի բարիք։

12 Եկե՛ք, իմ որդինե՛ր, և լսե՛ք ինձ.

Տիրոջ երկյուղը ձեզ կուսուցանեմ։

13 Այն մարդը, որ ցանկանում է կյանքը,

Սիրում է տեսնել իր օրերը բարության մեջ.

14 Լռեցրո՛ւ լեզուդ չարությունից,

Շրթունքներդ թող նենգություն չխոսեն։

15 Չարից զգուշացի՛ր և բարի՛ք գործիր,

Խնդրի՛ր խաղաղություն և հետևի՛ր նրան։

16 Տիրոջ աչքն արդարների վրա է,

Նրա ականջները՝ նրանց աղոթքներին։

17 Տերը հատուցում է չարագործներին՝

Նրանց հիշատակը երկրի երեսից ջնջելու։

18 Տիրոջն աղոթեցին արդարները, և Տերը լսեց նրանց.

Իրենց բոլոր նեղություններից փրկեց նրանց։

19 Տերը մոտ է նրանց, ովքեր սրտամաշ են,

Եվ հոգով խոնարհներին փրկում է։

20 Բազում են արդարների նեղությունները,

Բայց ամեն ինչից Տերը փրկում է նրանց

21 Եվ պահպանում է նրանց բոլոր ոսկորները,

Որպեսզի ոչ մեկը չփշրվի։

22 Մեղավորին չարությունը կսպանի,

Արդարին ատողը կպատժվի։

23 Տերը փրկում է իր ծառաների հոգիները,

Եվ բոլոր նրան հուսացողները չեն զղջա։