Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Աստծու մեծությունը1 Նա, որ կենդանի է հավիտյան, ամեն ինչ ստեղծեց հավաս…

Աստծու մեծությունը

1 Նա, որ կենդանի է հավիտյան, ամեն ինչ ստեղծեց հավասարապես, և միայն Տերն է արդար համարվում։ Ոչ մեկին չի տրված պատմել նրա գործերը։
2 Ո՞վ կքննի նրա մեծագործությունները։
3 Ո՞վ կչափի նրա հզորության մեծությունը։
4 Ո՞վ կհամարձակվի պատմել նրա ողորմության մասին։
5 Հնարավոր չէ ո՛չ նվազեցնել, ո՛չ ավելացնել և ո՛չ էլ հետազոտել Տիրոջ զարմանահրաշ գործերը։
6 Երբ մարդը համարի, թե ավարտել է, կզգա, թե նոր է սկսել, և երբ դադարի պատմելուց, ապշահար կմնա։

Մարդու ոչնչությունը

7 Ի՞նչ է մարդը, և ի՞նչ է նրա օգուտը։
8 Ո՞րն է նրա բարիքը, ո՞րն է նրա չարիքը։ Մարդու օրերի թիվը ինչքան էլ շատ լինի, հարյուր տարի է։ Ինչպես ջրի կաթիլը ծովի համեմատությամբ և խիճը՝ ավազի, այնպես տարիներն են սակավ հավիտենական օրերի համեմատ։
9 Սրա համար է, որ Տերը համբերատար է նրանց նկատմամբ և նրանց վրա հեղում է իր ողորմությունը։
10 Նա տեսավ և իմացավ նրանց կործանումը, որ դաժան էր։
11 Սրա համար էլ բազմապատկեց իր ներողամտությունը։
12 Մարդու ողորմությունն իր մերձավորի վրա է, իսկ Տիրոջ ողորմությունը՝ բովանդակ մարմնավորի։
13 Տերը հանդիմանում, խրատում և ուսուցանում է և իբրև հովիվ՝ նրան իր հոտն է վերադարձնում։
14 Ողորմում է նրանց, ովքեր ընդունում են խրատը և շտապում են լսել նրա վճիռները։

Տալու ազնիվ ձևը

15 Որդյա՛կ, քո բարիքին արատ մի՛ խառնիր և քո տվածներին՝ տրտմության խոսքեր։
16 Մի՞թե ցողը չի զովացնում տոթը. այդպես էլ լավ խոսքն ավելի լավ է, քան նվերը։ Շնորհալի մարդը երկուսն էլ ունի։
17 Հիմարն ապերախտությամբ նախատում է,
18 չարակամ մարդու նվերը արցունք է բերում աչքերին։

Իմաստունի խոհեմությունը

19 Խոսելուց առաջ մտածի՛ր և դեռ չհիվանդացած՝ հո՛գ տար քո մասին.
20 նախքան Տիրոջ դատաստանը քննի՛ր քո անձը և նրա այցելության ժամանակ ողորմություն կգտնես։
21 Մեղանչելու ժամանակ ցո՛ւյց տուր, որ դարձի ես գալիս։
22 Մի՛ հապաղիր ժամանակին կատարել խոստումդ և մինչև մահ մի՛ հետաձգիր արդարացումդ։
23 Աղոթելուց առաջ նախապատրաստի՛ր քեզ և մի՛ եղիր այն մարդու նման, որ փորձում է Տիրոջը։
24 Հիշի՛ր վախճանի օրվա ցասումը և վրեժխնդրության ժամանակը, երբ Տերը քեզնից կշրջի իր երեսը։
25 Լիության ժամանակ հիշի՛ր աղքատության ժամանակը և հարստության օրերին՝ աղքատությունն ու նեղությունը։
26 Առավոտից մինչև երեկո փոփոխվում է ժամանակը. Տիրոջ առջև ամեն ինչ հարափոփոխ է։
27 Իմաստուն մարդն ամեն ինչում զգույշ կլինի և մեղքի ժամանակ կխուսափի բազում հանցանքներից։
28 Ամեն խելամիտ մարդ ճանաչում է իմաստությունը և գոհություն կտա նրան, ով գտել է այն։
29 Խելամիտ խոսքերով իրենք էլ են իմաստնանում և ճշմարիտ ու տեղին առակներ բերում։
30 Որդյա՛կ, անձնատուր մի՛ եղիր հեշտասիրությանը
31 և թշնամիներից ոտնակոխ չես լինի։
32 Մի՛ ուրախացիր փափուկ կյանքով և մի՛ կապվիր դրան։
33 Գրավ դրած և պարտք վերցրած փողերով մի՛ աղքատացիր, քանզի հարբեցող մշակը նույնպես հարստության չի հասնի։