Հին Կտակարան
Նոր Կտակարան
Աստծու ցասման յոթ սկավառակները1 Եվ տաճարից լսեցի մի բարձր ձայն, որ աս…
Աստծու ցասման յոթ սկավառակները
1 Եվ տաճարից լսեցի մի բարձր ձայն, որ ասում էր յոթ հրեշտակներին. «Գնացե՛ք, Աստծու ցասման յոթ սկավառակները թափե՛ք երկրի վրա»։ 2 Առաջինը գնաց և իր սկավառակի պարունակությունը թափեց երկրի վրա, և չար ու մեծ-մեծ պալարներ գոյացան այն մարդկանց վրա, որ ունեին գազանի դրոշմը ու երկրպագել էին նրա արձանին։
3 Երկրորդն իր սկավառակը թափեց ծովի մեջ։ Ջրերը փոխվեցին ու մեռելի արյան վերածվեցին, և ծովի մեջ եղած ամեն կենդանի արարած սատկեց։
4 Երրորդն իր սկավառակը թափեց գետերի և ջրերի աղբյուրների մեջ, և նրանք արյուն դարձան։ 5 Եվ լսեցի այդ հրեշտակից, որ ասում էր. «Արդար ես դու, որ էիր և ես, սո՛ւրբդ, որ այսպե՛ս դատաստան արեցիր. 6 որովհետև սրբերի և մարգարեների արյունը թափեցին, դրա համար էլ արյուն խմել տվեցիր նրանց, որին արժանի էին»։ 7 Ապա զոհասեղանից մի ձայն լսեցի, որ ասում էր. «Այո՛, Տե՛ր, Աստվա՛ծ Ամենակալ, արդար ու ճշմարիտ են քո դատաստանները»։
8 Չորրորդն իր սկավառակից թափեց արևի վրա։ 9 Եվ նրան թույլատրվեց մարդկանց խորշակահար անել կրակով, և մարդիկ այրվեցին սաստիկ տապից։ Նրանք հայհոյեցին Աստծուն, որ իշխանություն ունի այս պատուհասների վրա, սակայն չապաշխարեցին ու չփառաբանեցին Աստծուն։
10 Հինգերորդն իր սկավառակից թափեց գազանի գահի վրա, և գազանի թագավորությունը խավար դարձավ. մարդիկ ցավից իրենց լեզուներն էին կծոտում։ 11 Բայց իրենց ցավերի ու ախտերի պատճառով երկնքի Աստծուն էին հայհոյում և չէին ապաշխարում իրենց գործերից։
12 Վեցերորդն իր սկավառակից թափեց Եփրատ մեծ գետի վրա, և ցամաքեցին նրա ջրերը, որպեսզի ճանապարհ պատրաստվի Արևելքի թագավորին։ 13 Եվ տեսա, որ վիշապի, գազանի և սուտ մարգարեի բերանից ելնում էին երեք անմաքուր ոգիներ՝ նման գորտերի։ 14 Քանի որ նրանք դիվական ոգիներ էին, որոնք նշաններ էին գործում, գնում էին ամբողջ աշխարհի թագավորների մոտ՝ նրանց պատերազմի հավաքելու Ամենակալ Տիրոջ մեծ օրվա համար. 15 «Ահա՛ գալիս եմ ինչպես գող. երանի՜ նրան, որ արթուն է և պահում է իր զգեստները, որպեսզի մերկ ման չգա, և իր ամոթույքը չերևա»։ 16 Ապա ոգիները նրանց հավաքեցին մի տեղ, որ եբրայերեն կոչվում է Արմագեդոն։
17 Յոթերորդ հրեշտակն իր սկավառակից թափեց օդի մեջ և սրբարանից ու գահից լսելի եղավ մի բարձր ձայն, որ ասում էր. «Եղա՛վ»։ 18 Եվ եղան փայլատակումներ, ձայներ և որոտներ. մեծ երկրաշարժ եղավ, որպիսին չի եղել մարդու ստեղծվելուց ի վեր։ 19 Եվ մեծ քաղաքը երեք մասի բաժանվեց, ու ընկան ազգերի քաղաքները։ Մեծ Բաբելոնը հիշվեց Աստծու առաջ, և Աստված նրան տվեց իր սաստիկ բարկության գինու բաժակը։ 20 Եվ հեռու փախան բոլոր կղզիները, ու մեջտեղից վերացան լեռները։ 21 Մարդկանց վրա երկնքից թափվեց խոշոր, մեկ տաղանդաչափ կարկուտ։ Եվ մարդիկ հայհոյում էին Աստծուն, որ երկնքում է, կարկուտի պատուհասի պատճառով, որովհետև պատուհասը մեծ էր ու սաստիկ։