Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Երազների մասին1 Դատարկ և սուտ են անմիտ մարդու հույսերը. անուրջները թև…

Երազների մասին

1 Դատարկ և սուտ են անմիտ մարդու հույսերը. անուրջները թևավորում են անզգամներին։
2 Ով հավատում է երազներին, նա նման է մեկին, որը փորձում է բռնել ստվերը և վազել քամու հետևից։
3 Ինչպես ունայն է դեմքի անդրադարձը դեմքի դիմաց, այնպես էլ՝ երազներ տեսնելը։
4 Պիղծ բանից մաքուր բան չի լինի, և սուտ բանից՝ ստույգ բան։
5 Ունայն են այն գուշակությունները, նշաններն ու երազները, 6 որոնք երկնում է բանդագուշակի սիրտը, եթե դրանք Բարձրյալից չեն առաքված։
7 Քո սիրտը մի՛ տուր դրանց, քանզի շատերին մոլորեցրին երազները, և դրանց վրա հույս դնողները խոտորվեցին։
8 Օրենքը գործադրվում է առանց խաբեության, և հավատարիմ շուրթերի վրա իմաստությունը մարդու կատարելությունն է։

Ճանապարհորդության օգուտը

9 Ճանապարհորդող մարդը շատ բան իմացավ. բազմափորձ մարդը խելամտորեն է պատմում։
10 Ով փորձառու չէ, քիչ բան գիտի,
իսկ ճանապարհորդողը կմեծացնի իր գիտելիքը։
11 Շատ բան տեսա իմ պանդխտության ժամանակ, և իմ իմաստությունն ավելին է, քան իմ խոսքը։
12 Շատ անգամ մահու չափ վտանգվեցի և փրկվեցի իմ փորձառությամբ։

Տիրոջ երկյուղը

14 Տիրոջից երկնչողների հոգին ապրելու է, քանզի նրանց հույսն իրենց փրկարարի վրա է։
15 Ով երկնչում է Տիրոջից, նա ոչ մեկից երկյուղի կասկած չի ունենա, 16 ոչ ոքից չի վախենա, քանզի նրա հույսը Տերն է։
17 Ով երկնչում է Տիրոջից, երանելի է նրա հոգին։
18 Ո՞ւմ է ապավինում նա, և ո՞վ է նրա նեցուկը։
19 Տիրոջ աչքն իր սիրելիների վրա է, նա նրանց զորության պաշտպանն է, ուժի ամրությունն է, ապաստան է խորշակից և հովանի՝ միջօրեի տապից։
20 Պահպանություն է գայթակղությունից և ապահովություն գլորումից. վեհացնում է հոգին, լուսավորում է աչքը, մարդկանց բժշկություն, օրհնություն և կյանք է տալիս։

Ճշմարիտ զոհաբերությունը

21 Ով անարդար զոհ է մատուցում, նրա զոհաբերումը արհամարհված է. հաճելի չէ անօրենների մատուցած զոհը։
23 Բարձրյալը չի ընդունում ամբարիշտների զոհաբերությունները և ոչ էլ դրանց շատությամբ է քավություն տալիս մեղքերին։
24 Ով զոհ է մատուցում օտարների ունեցվածքից, նույնն է, թե որդուն զոհում է իր հոր առաջ։
25 Կարոտյալների հացը աղքատների կյանքն է. ովքեր զրկում են նրանց, մարդասպաններ են։
26 Ով մերձավորին զրկում է կերակուրից, նա սպանում է նրան։
27 Ով զլանում է տալ վարձկանի վարձը, նա թափում է նրա արյունը։
28 Մեկը շինում է, մյուսը՝ ավերում. ի՞նչ օգուտ կա դրանից, բացի տանջանքից։
29 Մեկն աղոթում է, և մյուսը՝ անիծում. ո՞ւմ ձայնը կլսի Տերը։
30 Ով մաքրվում է մեռելին դիպչելուց և դարձյալ հպվում է նրան, ի՞նչ օգուտ ունեցավ իր լվացվելուց։
31 Ինչպես այն մարդը, որ մեղքի պատճառով ծոմ է պահում և դարձյալ գնում ու նույն բանն է անում, ո՞վ կլսի նրա աղոթքը, և ի՞նչ օգուտ ունեցավ նա իր խոնարհվելուց։