Հին Կտակարան
Նոր Կտակարան
Կամ օրհնությունների օրհնություն ասված Իսրայելի արքա Սողոմոնի կողմիցՀա…
Կամ օրհնությունների օրհնություն ասված Իսրայելի արքա Սողոմոնի կողմից
Հարսն ասում է.
1 Թող համբուրի ինձ իր բերանի համբույրներով,
քանզի քո ստինքները լավ են գինուց,
և հոտը յուղերի քո՝ բոլոր խունկերից։
2 Քո անունը հեղված յուղ է անուշ,
դրա համար օրիորդները սիրեցին քեզ
և դեպի իրենց ձգեցին քեզ։
3 Քո յուղերի հոտի հետևից կընթանանք և մենք։
Հարսը պատմում է օրիորդներին փեսայի մասին, թե ի՛նչ է շնորհել իրեն.
Արքան տարավ ինձ Իր սենյակը։
Հարսը պատմում է օրիորդներին, և նրանք ասում են.
Ցնծանք և ուրախ լինենք քեզանով
և սիրենք քո ստինքները գինուց ավելի։
Օրիորդները հարսին ասում են փեսայի անունը.
Ուղղությունը սիրեց քեզ։
Հարսն ասում է.
4 Սև եմ ես և գեղեցիկ, դուստրե՛ր Երուսաղեմի,
Կեդարի վրանների և Սողոմոնի խորանի պես։
5 Մի՛ նայեք ինձ, որ սևացել-թխացել եմ,
արեգակն է ինձ թխացրել։
Իմ մոր որդիներն ինձ հետ դաժան վարվեցին
և ինձ այգեստանի պահապան դրեցին,
Սակայն իմ այգին չկարողացա պահել։
Հարսն ասում է փեսային.
6 Պատմի՛ր ինձ, իմ հոգո՛ւ սիրելի,
որտե՞ղ ես հովվում քո հոտը,
որտե՞ղ ես հանգչում միջօրեին.
միգուցե մոլորվեմ քո ընկերների երամակների մեջ։
Փեսան ասում է հարսին.
7 Եթե դու ինքդ չգիտես, գեղեցի՛կդ կանանց մեջ,
հետևի՛ր դու հոտերի ոտնահետքերին
և արածեցրո՛ւ քո ուլերին հովիվների վրանների մոտ։
8 Մերձավո՛ր իմ, քեզ նմանեցրի փարավոնի կառքերին լծված իմ երիվարներին։
Օրիորդներն ասում են.
9 Քանզի գեղեցկացան քո ծնոտները տատրակի նման
և քո պարանոցը՝ մանյակների պես։
10 Ոսկե զարդի պես դարձնենք քեզ՝
արծաթե կիտվածքներով հանդերձ,
11 մինչև արքան քեզ իր գիրկն ընդունի։
Հարսն ասում է ինքն իրեն և փեսային.
12 Իմ նարդոսն արձակեց իր հոտը,
ստաշխի ծրար է ինձ համար իմ եղբորորդին,
որը պիտի հանգստանա իմ ստինքների մեջ։
13 Նոճու ողկույզ է ինձ համար իմ եղբորորդին՝
Ենգադդի այգեստանների մեջ։
Փեսան ասում է հարսին.
14 Ահավասիկ գեղեցիկ ես, մերձավո՛ր իմ,
ահավասիկ գեղեցիկ ես.
քո աչքերն աղավնիներ են։
Հարսն ասում է փեսային.
15 Ահա բարետես ես, սիրեցյա՛լ իմ,
նաև գեղեցիկ մեր հանգստարանի հովանու ներքո։
16 Մեր տան գերանները մայրիներ են,
մեր ծածկերը՝ նոճիներ։