Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Անտիոքոսի և Լյուսիասի արշավանքները Ք.ա. 163 թ.1 Հարյուր քառասունինը թ…

Անտիոքոսի և Լյուսիասի արշավանքները Ք.ա. 163 թ.

1 Հարյուր քառասունինը թվականին՝ Հուդա Մակաբեի ժամանակ, Անտիոքոսը 2 Լյուսիասի հետ մեծաթիվ զորքով եկավ Հուդայի երկիր։ Նա ուներ հարյուր տասը հազար վահանակիր զինվորներ, հինգ հազար երեք հարյուր հեծելազոր, քսաներկու փղեր և երեք հարյուր գերանդակիր մարտակառքեր։ 3 Շիմոնն [Ο΄
Մենելաոս
] էլ, իրեն խելացի կարծելով, միացել էր նրանց, որ իբր իր երկրի փրկության համար բարեխոսի, մինչդեռ իր մտքի խորհուրդը քահանայապետությունն ստանալն էր։ 4 Բայց Արքայից Արքան* խիստ շարժել էր Անտիոքոսի բարկությունն անօրեն Շիմոնի դեմ, և հատկապես երբ Լյուսիասն էլ հաստատեց, որ այս Շիմոնն է այդ երկրում կատարվող բոլոր չարագործությունների պատճառը, նա հրամայեց բռնել նրան ու տեղի օրենքի համաձայն սպանել։ 5 Այդտեղ կար հիսուն կանգուն բարձրությամբ մի աշտարակ, որը լցված էր մոխրով։ Այն ուներ ձագարաձև, բոլոր կողմերից թեքությամբ դեպի ներս, դեպի մոխիրը տանող մի բացվածք։ 6 Նրա մեջ էին նետում այն հանցագործին, որ տաճարին վնաս էր տվել կամ այլ մեծամեծ չարիքներ գործել։ 7 Հրամայեցին այսպիսի պատժով մեջտեղից վերացնել անօրեն Շիմոնին, 8 որ երկրի վրա արժանի չլինի հողի ու պատանքի։ Քանի որ նա բազում չարիքներ էր գործել այն սեղանի հանդեպ, որտեղ պահվում էին սուրբ կրակն ու մոխիրը, դրա համար էլ նա մոխրահեղձ մահով գտավ իր վախճանը։

Մակաբեի հաղթանակը Մովդիիմի մոտ

9 Անտիոքոս արքան գալիս էր վայրենի մտադրությամբ, որպեսզի իր հոր ժամանակ եղածներից ավելի դաժան տանջանքների ենթարկի հրեաներին։ 10 Երբ Հուդան դա իմացավ, ժողովրդին պատվիրեց, որ զօր ու գիշեր դիմեն Տիրոջը, որպեսզի Նա, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա օգնական լինի այն մարդկանց, 11 որոնց ուզում են հեռացնել իրենց հայրերի օրենքներից ու սուրբ տաճարից, և չմատնի իրենց անօրեն հեթանոսների ձեռքը։ 12 Երբ բոլորը միասին արտասվելով ու ծոմ պահելով միահամուռ այս աղոթքն արեցին՝ երեք օր անընդհատ գետնին ընկած, Հուդան հորդորեց նրանց, որ պատրաստ լինեն։ 13 Նա առանձին հավաքեց ժողովրդի ծերերին և խորհուրդ արեց։ «Քաղաքներն ամրացնենք,- ասաց,- քանի դեռ թագավորի զորքերը Հուդայի երկիր չեն մտել։ 14 Աստծու կամքով մենք քաջությամբ ելնենք, կենաց և մահու կռիվ մղենք մեր օրենքների, քաղաքի, տաճարի, երկրի ու տերության համար»։ Երբ այս բանն ասաց, անմիջապես զորքով շարժվեցին Մովդիիմ քաղաքի կողմերը և այնտեղ բանակ դրեցին։ 15 Նա պատերազմի նշանաբան տվեց և իր անձը, զորքն ու բանակի հաղթությունը հանձնեց Աստծուն։ Ապա վերցրեց լավ սպառազինված ընտիր երիտասարդներ, գիշերով ներխուժեց թագավորի բանակը, մտավ վրանը, կոտորեց մոտ չորս հազար գիշերային պահակների, սպանեց առաջնորդող փղին ու փղապետին և այդպես դռնապաններին կոտորելով՝ վերադարձավ։ 16 Այն ժամանակ ամբողջ բանակը խռովքով ու սարսափով բռնվեց։ 17 Բոլորը հուսալքված, թուլացած, ուժասպառ եղած ու տարակուսած դիմավորեցին առավոտը։

Անտիոքոսը հաշտություն է խնդրում հրեաներից

18 Եբրայական բանակի՝ երկնքի օգնությամբ պայմանավորված այսպիսի համարձակությունն ու խիզախությունը ճաշակելով՝ թագավորը խորամանկությամբ մեկ այլ փորձ արեց, բայց անհաջողության մատնվեց։ 19 Նա արշավեց Բեթսուր՝ մի ամուր բերդ, և պաշարեց այն, բայց այդտեղ էլ հարվածներ ստանալով՝ պարտություն կրեց, 20 որովհետև ներսում գտնվողներին Հուդան ինքը գաղտնի անցքերից նետ, զենք ու մթերք էր մատակարարում։ 21 Հրեաների գնդից Ռոդոկ անունով մեկն այս գաղտնիքը հայտնեց թշնամուն։ Փնտրեցին, գտան նրան ու պատժեցին. նա սրի զոհ դարձավ։ 22 Երբ թագավորին հայտնի դարձավ, որ բերդում գտնվողներն ուժեղ են, ուժի գործադրումից հրաժարվելով՝ սկսեց խորամանկորեն համոզել բերդում գտնվողներին, թե դաշինք է առաջարկում և հրաժարվում բերդը գրավելուց։ Տեղնուտեղը հարձակվեց Հուդայի բանակի վրա, բայց երկու կողմից էլ անհաջողություն կրելով՝ ընկրկեց։ 23 Երբ դրանից հետո նրան հայտնեցին Փիլիպպոսի մոլեգին ընթացքի մասին, թե բռնությամբ արքունի գործերին տիրացած՝ շրջում է երկրում, թուլացավ, հուսալքվեց, տրտմեց և եբրայեցիներին խնդրեց համաձայնության գալ։ Ուխտ դրեց, երդում տվեց, որ նրանց բոլոր իրավունքները կվերականգնի։ Խաղաղության դաշինք կնքեց, զոհ մատուցեց ու պատվեց տաճարը։ Նա քաղցր սիրով գթություն և մարդասիրություն ցույց տվեց նրանց բոլոր վայրերում, 24 պատվեց Մակաբեին և նրան նախկինից ավելի մեծ փառքով կարգեց նրանց վրա։ Այնտեղ՝ Դովրայից մինչև Գերարա, սպարապետ նշանակեց Հեգեմոնիդեսին, 25 իսկ ինքը եկավ մտավ Պտղոմայիս։ Քաղաքի բնակիչները խիստ զայրացել էին, որ նա խաղաղության դաշինք է կնքել։ Նրանք չէին հանդարտվում, այլ խռովության մեջ էին, որպեսզի չեղյալ հայտարարի հաշտության համաձայնությունը։ 26 Եկավ Լյուսիասն ինքը, կանգնեց նրանց առջև, ողջախոհությամբ համոզեց նրանց ու հանդարտեցրեց, ապա վերադարձավ Անտիոք։
Ահա այսպես ավարտվեց թագավորի այս արշավանքը։