Հին Կտակարան
Նոր Կտակարան
Եզրասի ժամանումը Երուսաղեմ(Բ Եզր. 7.1-10)1 Այս ամենից հետո, պարսիկներ…
Եզրասի ժամանումը Երուսաղեմ
(Բ Եզր. 7.1-10)
1 Այս ամենից հետո, պարսիկների Արտաշես արքայի թագավորության ժամանակ, եկավ Եզրասը՝ որդին Ազարիայի, որը որդին էր Եզերիայի, որը՝ Քեղկեի, որը՝ Սաղեմի, 2 որը՝ Սադովկի, որը՝ Աքիտովբի, որը՝ Համարեթի, որը՝ Հազեկի, որը՝ Մարերովթի, որը՝ Զարեի, որը՝ Սեուիայի, որը՝ Բովկի, որը՝ Հաբասեի, որը՝ Փանեեսի, որը՝ Եղիազարի, որն էլ՝ առաջին քահանա Ահարոնի։ 3 Այս Եզրասը Աստծու կողմից Իսրայելին տրված Մովսեսի օրենքների հաջողակ դպիր էր. նա եկավ Բաբելոնից։ 4 Թագավորը նրան գնահատում էր մեծապես։ Նա շնորհ էր գտնում թագավորի առաջ իր բոլոր ծառայությունների ընթացքում։ 5 Նա դեպի Երուսաղեմ ելավ Իսրայելի որդիների, քահանաների, ղևտացիների, սաղմոսասացների, դռնապանների և տաճարի սպասավորների ուղեկցությամբ, Արտաշես արքայի թագավորության յոթերորդ տարվա հինգերորդ ամսին։ 6 Բաբելոնից ելնելով առաջին ամսվա ամսամուտին՝ նա Երուսաղեմ մտավ հինգերորդ ամսվա սկզբին, քանի որ Աստված հաջողեցրեց նրա ճանապարհը։ 7 Եզրասը լի էր իմաստությամբ, Տիրոջ պատվիրաններից ոչինչ չէր անտեսում և Տիրոջ օրենքի համաձայն՝ Իսրայելին ուսուցանում էր ողջ դատաստաններն ու իրավունքները։
Եզրասին տրված հրովարտակը
(Բ Եզր. 7.1-26)
8 Տիրոջ օրենքի քարոզիչ Եզրաս քահանային հասավ Արտաշես թագավորի հրամանագիրը, որը այս օրինակն ուներ. 9 «Արտաշես թագավորից Եզրաս քահանային և Տիրոջ օրենքի քարոզչին՝ ողջույն։ 10 Իմ մարդասիրական ոգու համաձայն, հրամայեցի. հրեա ազգից նրանք, որ ցանկանում են գնալ Երուսաղեմ, նաև քահանաներն ու ղևտացիները թող համարձակությամբ քեզ հետ ելնեն Երուսաղեմ։ 11 Նրանք, ովքեր փափագում են գնալ և պատրաստ են, թող քեզ հետ ելնեն, որովհետև այդպես հարմար գտանք ես և իմ յոթ խորհրդականները։ Հրամայում ենք, 12 որ տեղ հասնելով՝ նրանք Օրենքի համաձայն կատարեն ամեն ինչ, 13 և պատարագ մատուցեն Տիրոջը՝ Իսրայելի Աստծուն։ Ինչպես ես ու իմ յոթ խորհրդականները խոստացանք Երուսաղեմի տաճարին և Տիրոջը՝ Աստծուն պատկանող ողջ ոսկին ու արծաթը, որ գտնվում է բաբելացիների երկրում, թող վերցնեն ու հանձնեն՝ Երուսաղեմում։ 14 Եվ Տիրոջ՝ Աստծու քահանաները Երուսաղեմ տանելու համար թող բաբելացիների երկրից վերցնեն ոսկի և արծաթ, ցուլեր, խոյեր, գառներ և այլ նվիրական զոհեր, 15 որպեսզի Երուսաղեմում դրանք մատուցեն Տիրոջ՝ Աստծու սեղանին։ 16 Եվ ամեն ինչ, որ ցանկանաս անել քո եղբայրների հետ, արա՛. ոսկին և արծաթը օգտագործի՛ր ըստ անհրաժեշտության, ի փառս Տիրոջ՝ քո Աստծու։ 17 Քահանայական զգեստներն ու Տիրոջ սպասքը տանելով Երուսաղեմ՝ հոգա՛ Տիրոջ՝ Աստծու տաճարի պետքերը և այդ ամենը դի՛ր Տիրոջ՝ քո Աստծու առջև՝ Երուսաղեմում։ 18 Իսկ այն ամենը, ինչ որ պակաս կլինի տաճարի պետքերի համար, կհատկացվի թագավորական գանձատնից։ 19 Ես՝ Արտաշես թագավորս, հրամայեցի Ասորիքի ու Փյունիկեի գանձապահներին, որ Եզրաս քահանային՝ Բարձրյալ Աստծու օրենքի քարոզչին անխափան արծաթ տան, որքան որ նա ցանկանա՝ մինչև հարյուր տաղանդ, 20 ինչպես նաև՝ մինչև հարյուր քոռ ցորեն և նույնչափ գինի ու ձեթ։ 21 Եվ ամեն ինչ օրենքի համաձայն թող մատուցվի Տիրոջը՝ Բարձրյալ Աստծուն, որպեսզի Աստծու ցասումը չթափվի իմ թագավորության և իմ որդու վրա։ 22 Հրամայում եմ նաև, որ ոչ ոք չհամարձակվի ձեր քահանաներից, ղևտացիներից, սաղմոսասացներից, դռնապաններից, տաճարի սպասավորներից ու Տիրոջ տան այլ ծառայողներից հարկ կամ որևէ այլ բան պահանջել։ 23 Իսկ դու, Եզրա՛ս, քո իմաստությամբ, որ տրվել է քեզ Աստծուց, վերակացուներ ու դատավորներ նշանակիր, որ Ասորիքի և Փյունիկեի կողմերում դատեն բոլոր նրանց, ովքեր ուսանել են Տիրոջ՝ քո Աստծու օրենքը, իսկ անտեղյակներին սովորեցրո՛ւ։ 24 Իսկ բոլոր նրանց, ովքեր կանտեսեն Տիրոջ՝ քո Աստծու օրենքը և մեր թագավորական պատվիրանը, քեզ իշխանություն է տրվում պատուհասելու և խոշտանգելու. եթե մահապարտ են՝ սպանելու, եթե արժանի են պատժի՝ պատժելու, տուգանելու կամ ձերբակալելու»։
Եզրասը փառաբանում է Աստծուն
(Բ Եզր. 7.27-28)
Եվ Եզրասը՝ Տիրոջ օրենքի ուսուցիչը, ասաց. 25 «Օրհնյա՜լ է Տերը՝ մեր հայրերի Աստվածը, որ այս ամենը տվեց թագավորի սրտին՝ փառավորելու Տիրոջ տաճարը, որ Երուսաղեմում է։ 26 Եվ ինձ մեծ պատվի արժանացրեց թագավորի և նրա բոլոր խորհրդականների, նրա սիրելիների և բոլոր մեծամեծների առաջ։ 27 Ես չափազանց քաջալերվեցի Տիրոջ՝ իմ Աստծու օգնությամբ»։ Ապա նա հավաքեց Իսրայելի բոլոր մարդկանց, որոնք նրա հետ Երուսաղեմ էին ելել։
Եզրասի հետ վերադարձողները
(Բ Եզր. 8.1-14)
28 Սրանք են այն իշխանները՝ ըստ իրենց հայրերի նահապետական տների և ըստ իրենց ընտանիքների, որոնք Արտաշես արքայի թագավորության ժամանակ Եզրասի հետ ելան Բաբելոնից. 29 Փանեեսի որդիներից՝ Գերսոնը, Իթամարի որդիներից՝ Գամայելը, Դավթի որդիներից՝ Փարեսը, 30 Փորոսի որդիներից՝ Զաքարիասը և նրա հետ գերված հարյուր հիսուն այր. 31 Փաաթմովաբի որդիներից՝ Ելիաովնիասը՝ Զարեի որդին և նրա հետ՝ երկու հարյուր այր. 32 Զաթսեսի որդիներից՝ Հեզոնիոսը՝ Հեթելեի որդին և նրա հետ՝ երեք հարյուր այր. Ադինոբի որդիներից՝ Հովնաթանի որդին և նրա հետ՝ երեք հարյուր հիսուն այր. 33 Ելամի որդիներից՝ Հեսիասը՝ Գոթողիայի որդին և նրա հետ՝ յոթանասուն այր. 34 Սափատի որդիներից՝ Զաքարիասը՝ Միքայելի որդին և նրա հետ՝ յոթանասուն այր. 35 Հովաբի որդիներից՝ Աբադեասը՝ Եզելի որդին և նրա հետ՝ երկու հարյուր տասներկու այր. 36 Բանեյի որդիներից՝ Ասալիմովթը՝ Հովսափի որդին և նրա հետ՝ հարյուր վաթսուն այր. 37 Բեբիի որդիներից՝ Զաքարիան՝ Բեբեի որդին և նրա հետ՝ քսանութ այր. 38 Ասգաթի որդիներից՝ Հովհաննեսը՝ Կատանի որդին, և նրա հետ՝ հարյուր տասը այր. 39 Ադոնիկամի որդիներից, վերջինները, որոնց անուններն են՝ Ելիփալատ, Դևուել և Սամեաս և նրանց հետ՝ յոթանասուն այր. 40 Բանեի որդիներից՝ Ութին՝ Աստավկուրիի որդին և նրա հետ՝ յոթանասուն այր։
Եզրասը գտնում է քահանաներ և ղևտացիներ տաճարի համար
(Բ Եզր. 8.15-20)
41 Եվ հավաքելով նրանց Թերան կոչվող գետի ափին ու երեք օր իջևանելով այնտեղ, երբ մարդահամար արեցի, 42 և քահանաների ու ղևտացիների որդիներից ոչ ոք չգտնվեց նրանց մեջ, 43 ես լուր ուղարկեցի Եղիազարին, Իդուելոնին, Սամեասին, Հովրիբոնին, Նաթանին, Եննատանին, Զաքարիային և Մոսոլամոնին՝ օրենքի այս իշխաններին ու վարդապետներին, 44 և նրանց ասացի, որ գնան Գանձավորների իշխան Ադդեոյի մոտ, 45 և պատվիրեցի նրանց, որ Ադդեոյին ու նրա եղբայրներին և Գանձավորների տարածքում եղող բոլորին ասեն, որ մեզ քահանաներ ուղարկեն Տիրոջ տան համար։ 46 Եվ մեզ այրեր ուղարկեցին, որոնք տիրապետում էին Տիրոջ խոսքերին ու գիտակ էին Տիրոջ օրենքներին։ Իսրայելի որդի Ղևիի որդի Մոոլի որդիներն էին դրանք՝ Ասեբեբիան և նրա որդիներն ու եղբայրները՝ տասնութ հոգի։ 47 Նաև Քանունեի որդիներից Ասեբիանը, Անունոն և Ովսեա եղբայրը՝ իրենց որդիներով՝ քսան հոգի։ 48 Իսկ տաճարի սպասավորներից, որոնց Դավիթը և իշխանները կարգեցին ղևտացիներին օգնելու համար՝ երկու հարյուր քսան հոգի։ Բոլորի անունները ցուցակագրվեցին։
Ճամփորդության նախապատրաստությունները
(Բ Եզր. 8.21-30)
49 Այնտեղ պահք հայտարարեցինք ու Տիրոջ՝ մեր Աստծու առջև աղոթք մատուցեցինք՝ 50 դյուրություն ու հաջողություն խնդրելով մեր որդիների և նրանց համար, որ մեզ հետ էին։ 51 Քանզի հարմար չհամարեցինք թագավորից մեզ ուղեկցող հետևակներ ու հեծյալներ խնդրել, որ պաշտպանեին մեզ մեր հակառակորդներից։ 52 Որովհետև թագավորին ասել էի, թե Տիրոջ՝ մեր Աստծու զորությունը մեզ հետ է և բոլոր նրանց հետ, ովքեր փնտրում են նրան։ 53 Այդ իսկ պատճառով հորդորեցի պահք պահել և աղոթել, որպեսզի Տերը պահպանի մեզ և մեր ճանապարհը խաղաղ անցնի։ 54 Եվ ընտրեցի ցեղերի գլխավոր քահանաներին՝ տասներկու հոգու՝ Եսերեբիային, Ասամիային ու նրանց հետ տասը այլ եղբայրների։ 55 Ապա կշռեցի ու նրանց տվեցի Տիրոջ տան արծաթն ու ոսկին, սպասքն ու քահանայական հանդերձանքը, որ մեզ պարգևել էին թագավորն ու նրա խորհրդականները, իշխաններն ու ողջ Իսրայելը։ 56 Եվ կշռելով նրանց տվեցի վեց հարյուր հիսուն տաղանդ արծաթ, հարյուր տաղանդ արծաթե սպասք, հարյուր տաղանդ ոսկի, ինչպես նաև քսան ոսկե և տասներկու ոսկեգույն մաքրափայլ պղնձե անոթներ։ 57 Եվ ասացի նրանց. «Տիրոջ համար սուրբ եք և՛ դուք, և՛ այս ամբողջ ոսկե ու արծաթե սպասքը. աղո՛թք մատուցեք Տիրոջը, և Տերը՝ մեր հայրերի Աստվածը, կպահպանի ու խաղաղությամբ կհասցնի սրբության վայրը։ 58 Արթո՛ւն մնացեք և պահպանե՛ք, մինչև որ տեղ հասնելով դրանք հանձնեք Երուսաղեմում գտնվող քահանաների ու ղևտացիների գլխավորներին և Իսրայելի գերդաստանների իշխաններին»։ 59 Եվ Տիրոջ տաճարի պահապանները՝ քահանաներն ու ղևտացիները, վերցրին արծաթը, ոսկին և սպասքը՝ տանելու Երուսաղեմ՝ Տիրոջ տաճարը։
Ժամանում Երուսաղեմ
(Բ Եզր. 8.31-36)
60 Առաջին ամսվա տասներկուսին ելնելով՝ մեկնեցինք Թերան գետից և Տիրոջ բարձր ու հզոր բազկի հովանու ներքո եկանք հասանք Երուսաղեմ։ Տերը՝ մեր Աստվածը, մեզ փրկեց մեր բոլոր թշնամիներից, և ողջ-առողջ հասանք Երուսաղեմ։ 61 Եվ երբ երեք օր հանգստացանք Երուսաղեմում, չորրորդ օրը, արծաթն ու ոսկին կշռելով, մուծեցինք Տիրոջ՝ մեր Աստծու տուն՝ անձամբ Մարմովթի քահանային՝ Ուրիի որդուն։ 62 Նրա հետ էին նաև ղևտացիներ Եղիազարը՝ Փենեսի որդին, Հովսաբդոսը՝ Հեսուի որդին, Մովեթը՝ Սաբանի որդին, որոնց և տվեցինք կշռով ու հաշվով, և հաշվեկշիռն արձանագրվեց նույն օրը։ 63 Եվ նրանք, որ ինձ հետ ելել էին Բաբելոնի գերությունից, զոհ մատուցեցին Տիրոջը՝ Իսրայելի Աստծուն. Իսրայելի համար՝ տասներկու ցուլ, փրկության համար՝ իննսուն խոյ, յոթանասուներկու գառ և տասներկու նոխազ. այս ամենը զոհ մատուցեցին Տիրոջը՝ Իսրայելի Աստծուն։ 64 Եվ թագավորի հրամանագիրը տվեցին թագավորի գործակալներին, Ստորին Ասորիքի և Փյունիկեի իշխաններին ու գավառապետներին, և մեր ազգն ու Տիրոջ տաճարը փառավորվեցին մեծ պատվով։
Հրեաների խառն ամուսնությունները
(Բ Եզր. 9.1-15)
65 Իսկ այս ամենը կատարվելուց հետո Իսրայելի որդիների առաջնորդներն ու իշխանները եկան ինձ մոտ և ասացին. 66 «Իսրայելի որդիները, նրանց իշխանները, քահանաներն ու ղևտացիները խառնվեցին հեթանոսների, այլազգիների և անհավատների պղծության հետ, քանանացիների ու քետացիների, փերեզացիների և հեբուսացիների, մովաբացիների և ամովնացիների, եգիպտացիների և եդովմացիների հետ։ 67 Որովհետև նրանք իրենց սրտի սիրով ամուսնացան նրանց դուստրերի հետ, և նրանց սուրբ սերմը խառնվեց երկրի այլազգի հեթանոսների մեջ. այս անօրենությունը հանձն առան բոլոր իշխաններն ու մեծամեծները, և նրանք եղան այս չար խառնակությունների առաջնորդները»։ 68 Լսելով այս ամենը՝ ես պատռեցի իմ հանդերձը և ողբալով սկսեցի փետել իմ գլխի մազերն ու իմ մորուքը, նստեցի սգավոր և տրտում։ 69 Եվ երբ լսեցին իմ ողբը, որ Տիրոջ՝ Իսրայելի Աստծու համար էր, բոլորը հավաքվեցին՝ տեսնելու, թե ի՛նչ եմ անելու իրենց անօրենության պատճառով, իսկ ես այդպես տրտմած նստեցի մինչև երեկո՝ մինչև երեկոյան զոհաբերության ժամը։ 70 Ապա ելնելով սգից, պատառոտված հանդերձով ու ծունկի եկած՝ ձեռքերս բարձրացրի դեպի Տերը՝ Աստված, և աղաղակելով ասացի. 71 «Տե՜ր, ամաչում ու դողում ենք քո առաջ, 72 որովհետև գլխից վեր մեղքեր գործեցինք, և մեր անօրենությունները երկնքից ավելի վեր բարձրացան։ 73 Մեր հայրերի տարիներից ու ժամանակներից մինչև այսօր մեծամեծ մեղքերի մեջ ենք մենք։ 74 Եվ մեր մեղքերի ու մեր հայրերի հանցանքների համար մենք գերության մատնվեցինք մեր եղբայրներով, մեր թագավորներով և մեր քահանաներով հանդերձ։ Երկրի բոլոր թագավորները, սրի բերան քշելով, գերեցին մեզ և ավերեցին մեր բնակավայրերը, և մենք մինչև այսօր ամոթահար մնացինք։ 75 Եվ այժմ, Տե՜ր, որքա՜ն եղավ քո ողորմությունը մեր հանդեպ, որ քո սրբության այս վայրում արմատ, զավակ և անուն թողեցիր։ 76 Տիրոջ՝ մեր Աստծու տաճարում լույս հայտնեցիր և մեր ստրկության ժամանակ կերակուր տվեցիր մեզ։ 77 Գերության ժամանակ մեզ չլքեցիր, այլ օգնական եղար մեզ համար, Տե՜ր, պարսից թագավորի առջև մեզ շնորհի արժանացրիր, 78 և նա պատիվ տվեց մեզ ու դարմանեց մեր կարիքները։ Նա փառավորեց Տիրոջ՝ մեր Աստծու տաճարը, վերականգնեց ու շենացրեց Սիոն անապատը և մեզ հաստատեց Հուդայի երկրում ու Երուսաղեմում։ 79 Եվ այժմ, Տե՛ր, այս ամենի դիմաց ի՞նչ պատասխան տանք քեզ. չէ՞ որ անտեսեցինք քո օրենքն ու հրամանները, Տե՜ր, որ մեզ տվեցիր քո ծառա մարգարեների ձեռքով, ասելով. 80 “Այն երկիրը, որ դու մտնելու ես ժառանգելու, պղծված է այդ երկրի ազգերի պղծություներից և լի է նրանց աղտեղություններով։ 81 Արդ դու նրանց դուստրերից քո որդիներին կին մի՛ առ և քո դուստրերին մի՛ տուր նրանց որդիներին։ 82 Եվ երբեք մի՛ ձգտիր խաղաղություն հաստատել նրանց հետ, որպեսզի կարողանաս վայելել այդ երկրի բարիքները, և քո որդիները հավիտյան ժառանգեն այդ երկիրը”։ 83 Եվ ինչ տանջանք որ գալիս է մեզ վրա, մեր գործերի և մեր չար մեղքերի պատճառով է։ 84 Այլ դու, Տե՜ր, բազում անգամ թողություն տվեցիր մեր մեղքերին և մեզ այսպիսի զավակ ու արմատ պարգևեցիր, թեև մենք դարձյալ խոտորվեցինք ու խախտեցինք քո օրենքները և խառնվեցինք այս երկրի հեթանոսների աղտեղություններին։ 85 Սակայն դու չբարկացար մեզ վրա և անհետ չկորցրիր մեր արմատը, զավակն ու անունը։ 86 Տե՛ր, Աստվա՛ծ Իսրայելի, արդար ես դու և ճշմարիտ, չսպառեցիր մեր սերունդը, այլ զավակով ու արմատով մնացինք մինչև այսօր։ 87 Եվ արդ, քո առջև ենք այսօր մեր անօրենություններով, և այլևս չենք կարող կանգնել քո առջև, որովհետև մեր գլխից վեր անօրենություններ ու չարիքներ գործեցինք»։
Խառն ամուսնությունների լուծարումը
(Բ Եզր. 10.1-17)
88 Եվ երբ Եզրասը այս խոստովանություններով ու մեծամեծ ողբերով երեսնիվայր ընկած այսպես աղոթում էր Տիրոջ տաճարի առաջ, բոլոր նրանք, ովքեր գտնվում էին Երուսաղեմում, անհամար բազմությամբ, այրերով ու կանանցով, երիտասարդներով ու կույսերով հավաքվեցին նրա մոտ, և ժողովուրդը մեծ սուգ արեց։ 89 Իսրայելի որդիներից Հեքոնիան՝ Հեելուի որդին, դիմեց Եզրասին ու ասաց. «Մենք մեղանչեցինք Տիրոջ՝ Աստծու առջև և կին առանք այս երկրի այլազգիներից, և այդ անօրենությունները այսօր մեզ վրա են։ 90 Եկեք բոլորս երդում տանք Տիրոջ առաջ և հեռացնենք մեզանից մեր կանանց, որոնց առել ենք այլազգիներից, նրանց որդիներով հանդերձ, ինչպես որ հրամայվում է Տիրոջ՝ մեր Աստծու օրենքներում։ 91 Վե՛ր կաց փութով և գործի՛ր, քանզի մեր գործը քո ձեռքում է, և մենք քեզ հետ ենք, ինչ որ հրամայես՝ կանենք»։ 92 Եվ Եզրասը, ոտքի կանգնելով, երդվեցրեց քահանաների ու ղևտացիների ցեղերի իշխաններին և ողջ Իսրայելին՝ գործելու այդպես, և երդվեցին։