Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

1 Դպրապետին՝ ինչպես «Իդիթոմը»։ Սաղմոս Ասափի2 Իմ ձայնով ես Տիրոջն աղոթ…

1 Դպրապետին՝ ինչպես «Իդիթոմը»։ Սաղմոս Ասափի

2 Իմ ձայնով ես Տիրոջն աղոթեցի,

Իմ ձայնով՝ Աստծուն, և նա նայեց ինձ։

3 Իմ նեղության օրերին Աստծուն փնտրեցի՝

Գիշերով ձեռքերս պարզած նրա առջև, և չխաբվեցի։

Չէր ուզում մխիթարվել հոգիս,

4 Հիշում էի Աստծուն և ուրախանում,

Հոգնությունից իմ ներսում նվաղում էր հոգիս։ Հանգիստ

5 Քուն չտվեցիր իմ աչքերին, խռովվեցի ու չխոսեցի։

6 Հին օրերի մասին խորհեցի

Եվ հին տարիները հիշեցի։

7 Գիշերը սրտիս հետ խոսեցի.

Հոգնությունից իմ ներսում

Տառապեց հոգիս։

8 Մի՞թե հավերժ մերժելու է ինձ Տերը

Եվ այլևս չի շարունակելու բարեհաճել։

9 Կամ իսպառ զրկելո՞ւ է ինձ իր ողորմությունից,

Կամ վե՞րջ է դնելու իր խոսքին սերնդեսերունդ։

10 Կամ այլևս մոռանալո՞ւ է գթալ ինձ Աստված,

Կամ իր բարկությամբ արգելելո՞ւ է իր գթությունը։ Հանգիստ

11 Ասացի. «Այժմ սկսեցի.

Այս է փոփոխությունը Բարձրյալի աջի»։

12 Հիշեցի Տիրոջ գործերն ի սկզբանե,

Հիշեցի նրա սքանչելիքները։

13 Խոսեցի քո բոլոր գործերի մասին,

Խորհեցի քո ձեռքի գործերի մասին։

14 Աստվա՛ծ, քո ճանապարհները սրբության մեջ են.

Ո՞վ է ավելի մեծ Աստված, քան մեր Աստվածը,

15 Դու սքանչելագործ Աստված ես։

Քո զորությունը ցույց տվեցիր քո ժողովրդին.

16 Քո բազուկով փրկեցիր քո ժողովրդին՝

Հակոբի և Հովսեփի որդիներին։ Հանգիստ

17 Ջրերը տեսան քեզ, Աստվա՛ծ,

Ջրերը տեսան քեզ և վախեցան,

Եվ անդունդները խռովվեցին բազում ջրերի ձայնից։

18 Ամպերը ձայն տվեցին, և նետերը սլացան

19 Քո անիվի որոտման ձայնից։

Տիեզերքում երևացին քո փայլատակումները.

Երկիրը խռովվեց և դողաց։

20 Ծովում են քո ճանապարհները,

Քո շավիղները՝ հորդառատ ջրերում,

Եվ քո հետքերը չեն երևում։

21 Իբրև հոտ առաջնորդեցիր քո ժողովրդին

Մովսեսի և Ահարոնի ձեռքով։