Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Հիսուսն զգուշացնում է դպիրներից և փարիսեցիներից(Մրկ. 12.38-40, Ղուկ. …

Հիսուսն զգուշացնում է դպիրներից և փարիսեցիներից

(Մրկ. 12.38-40, Ղուկ. 11.39-42, 44, 20.45-46)

1 Այդժամ Հիսուսը խոսեց ժողովրդի ու իր աշակերտների հետ 2 և ասաց. «Մովսեսի աթոռի վրա նստեցին դպիրներն ու փարիսեցիները։ 3 Այն ամենը, ինչ կասեն ձեզ, արե՛ք և պահե՛ք, բայց մի՛ արեք այն, ինչ նրանք են անում, որովհետև ասում են, բայց չեն անում։ 4 Ծանր ու դժվարակիր բեռներ են կապում և դնում մարդկանց ուսերին, բայց իրենց մատով անգամ չեն ցանկանում շարժել դրանք։ 5 Իրենց բոլոր գործերն անում են՝ մարդկանց ցուցադրելու համար. լայնացնում են իրենց գրապանակները* և երկարացնում իրենց հագուստների քղանցքները։ 6 Սիրում են ընթրիքների ժամանակ պատվավոր տեղերը գրավել, ժողովարաններում՝ առաջին աթոռները, 7 հրապարակներում ողջույններ ընդունել և մարդկանցից «Ռաբբի, Ռաբբի» կոչվել։ 8 Բայց դուք որևէ մեկին «Վարդապետ» մի՛ կոչեք, որովհետև դուք մեկ Ուսուցիչ ունեք, և ամենքդ էլ եղբայրներ եք։ 9 Երկրի վրա ոչ մեկին ձեզ «հայր» մի՛ կոչեք, որովհետև դուք մեկ Հայր ունեք, որ երկնքում է։ 10 Ոչ էլ ուսուցիչներ կոչվեք, որովհետև Քրիստոսն է ձեր ուսուցիչը։ 11 Ձեր միջից ավելի մեծը ձեր սպասավորը պիտի լինի։ 12 Ով բարձրացնում է իր անձը, կխոնարհվի, և ով խոնարհեցնում է իր անձը, կբարձրացվի։

13 «Վա՜յ ձեզ, կեղծավորներիդ՝ դպիրներիդ ու փարիսեցիներիդ, որ երկնքի արքայությունը փակում եք մարդկանց առաջ. դուք չեք մտնում, նրանց էլ, որ ուզում են մտնել, թույլ չեք տալիս, որ մտնեն։

15 Վա՜յ ձեզ, կեղծավորներիդ՝ դպիրներիդ ու փարիսեցիներիդ, որ շրջում եք ծովով ու ցամաքով՝ նույնիսկ մեկ հոգու նորահավատ դարձնելու համար, և երբ հաջողվում է, նրան ձեզնից կրկնապատիկ ավելի գեհենի որդի եք դարձնում։

16 Վա՜յ ձեզ, կո՛ւյր առաջնորդներ, որ ասում եք. «Ով երդվում է տաճարով, կարևոր չէ, բայց ով երդվում է ոսկու վրա, որ տաճարում է, պարտավոր է կատարել»։ 17 Հիմարնե՛ր ու կույրե՛ր, ի՞նչն է ավելի մեծ՝ ոսկի՞ն, թե՞ տաճարը, որ սրբագործում է ոսկին։ 18 Նաև՝ «Ով երդվում է զոհասեղանի վրա, կարևոր չէ, բայց ով երդվում է զոհի վրա, որ զոհասեղանին է, պարտավոր է կատարել»։ 19 Հիմարնե՛ր ու կույրե՛ր, ի՞նչն է ավելի մեծ՝ զո՞հը, թե՞ զոհասեղանը, որ սրբագործում է զոհը։ 20 Արդ, ով երդվում է զոհասեղանի վրա, երդվում է թե՛ զոհասեղանի, թե՛ այն ամենի վրա, որ զոհասեղանին է։ 21 Ով երդվում է տաճարով, երդվում է թե՛ տաճարով, թե՛ նրա մեջ Բնակվողով։ 22 Եվ ով երդվում է երկնքով, երդվում է Աստծու աթոռով և նրանով, որ նստում է նրա վրա։

23 Վա՜յ ձեզ, կեղծավորներիդ՝ դպիրներիդ ու փարիսեցիներիդ, որ տալիս եք անանուխի, սամիթի ու չամանի տասանորդը, բայց անտեսել եք Օրենքի կարևոր կետերը՝ արդարությունը, ողորմությունն ու հավատը։ Հարկավոր էր սրանք կատարել, իսկ մյուսներն էլ չանտեսել։ 24 Կո՛ւյր առաջնորդներ, որ մժղուկներին քամում եք, բայց ուղտերին կուլ եք տալիս։

25 Վա՜յ ձեզ, կեղծավորներիդ՝ դպիրներիդ ու փարիսեցիներիդ, որ մաքրում եք բաժակի ու պնակի դրսի կողմը, մինչ ներսինը ձեռք են բերել հափշտակությամբ ու անարդարությամբ։ 26 Կո՛ւյր փարիսեցի, նախ մաքրի՛ր բաժակի ու պնակի ներսը, որպեսզի դրսի կողմն էլ մաքուր լինի։

27 Վա՜յ ձեզ, կեղծավորներիդ՝ դպիրներիդ ու փարիսեցիներիդ, որ նման եք գաջով սպիտակեցրած գերեզմանների, որոնք արտաքնապես գեղեցիկ են երևում, մինչ ներսից լի են մեռելների ոսկորներով ու ամեն տեսակ պղծությամբ։ 28 Դուք նույնպես արտաքինից մարդկանց արդար եք երևում, մինչ ներսից լի եք կեղծավորությամբ ու անօրենությամբ։

29 Վա՜յ ձեզ, կեղծավորներիդ՝ դպիրներիդ ու փարիսեցիներիդ, որ մարգարեների համար շիրիմներ եք շինում և արդարների գերեզմանները զարդարում՝ 30 ասելով. «Եթե մեր հայրերի ժամանակ ապրած լինեինք, մարգարեների սպանությանը մասնակից չէինք լինի»։ 31 Ուրեմն ինքներդ ձեր մասին վկայում եք, որ որդիներն եք նրանց, ովքեր մարգարեներին էին կոտորում։ 32 Դուք էլ լրացրե՛ք ձեր հայրերի չափը»։

33 «Օձե՛ր, իժերի՛ ծնունդներ, ինչպե՞ս եք փախչելու գեհենի դատապարտությունից։ 34 Դրա համար ահա ես ձեզ մոտ եմ ուղարկում մարգարեների, իմաստունների ու դպիրների. նրանցից ոմանց սպանելու եք և խաչ հանելու, ոմանց տանջելու եք ձեր ժողովարաններում և քաղաքից քաղաք եք հալածելու, 35 որպեսզի ձեզ վրա ընկնի երկրի վրա թափված ամեն արդար արյան մեղքը՝ արդար Աբելի արյունից մինչև Բարաքիայի որդու՝ Զաքարիայի արյունը, որին սպանեցիք տաճարի ու զոհասեղանի միջև։ 36 Ճշմարիտ եմ ասում ձեզ. այս ամենն այս սերնդի վրա է գալու»։

Հիսուսի սերը Երուսաղեմի նկատմամբ

(Ղուկ. 13.34-35)

37 «Երուսաղե՜մ, Երուսաղե՜մ, որ կոտորում էիր մարգարեներին և քարկոծում քեզ մոտ ուղարկվածներին։ Քանի՜ անգամ ցանկացա հավաքել քո մանուկներին, ինչպես հավն է թևերի տակ հավաքում իր ձագերին, բայց չցանկացաք։ 38 Ահա ձեր տունը ձեզ ավերակ կթողնվի։ 39 Բայց ձեզ ասում եմ, որ այսուհետև ինձ այլևս չեք տեսնի, մինչև որ չասեք. “Օրհնյա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով” (Սաղ. 117(118).26, Մտթ. 21.9բ)»։

*Փոքրիկ տուփեր, որտեղ պահում էին հատվածներ Օրենքից։ Բարեպաշտ հրեաները աղոթքի ժամանակ այն կապում էին իրենց ճակատին կամ բազուկին (Բ Օր. 6, 8) սատանաներից պաշտպանվելու համար։