Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Դանիելը խոստովանում է Իսրայելի մեղքը1 «Մարերի սերնդից Արշավիրի որդու՝…

Դանիելը խոստովանում է Իսրայելի մեղքը

1 «Մարերի սերնդից Արշավիրի որդու՝ Դարեհի առաջին տարում, որ թագավորեց քաղդեացիների թագավորության վրա, 2 ես՝ Դանիելս, գրքերից խելամուտ եղա այն տարիների թվին, որ Տիրոջ խոսքը եղավ Երեմիա մարգարեին՝ յոթանասուն տարիներ Երուսաղեմի ավերածության կատարման համար։ 3 Եվ երեսս դարձրի դեպի Տերը՝ իմ Աստվածը, խնդրելով աղոթքներով և աղաչանքներով, պահքով ու խորգով. 4 աղոթքի կանգնեցի առ Տերը՝ Աստված, գոհաբանություն հայտնեցի և ասացի. «Տե՛ր, մեծ և սքանչելագո՛րծ Աստված, որ պահում ես ուխտն ու ողորմությունը քո սիրելիների համար, որոնք պահում են քո պատվիրանները։ 5 Մեղանչեցինք, անօրենություն և անիրավություն գործեցինք, ապստամբեցինք և խոտորվեցինք քո պատվիրաններից և քո արդարադատությունից 6 և չլսեցինք քո ծառա մարգարեներին, որոնք մեր թագավորների, մեր իշխանների, մեր հայրերի և երկրի ողջ ժողովրդի հետ քո անունով խոսեցին։ 7 Քոնն է, Տե՛ր, արդարությունը, և այս օրվա պես երեսի ամոթը՝ մերը, Հուդայի մարդունը, Երուսաղեմի բնակիչներինը և ողջ Իսրայելինը՝ մոտիկ ու հեռու գտնվողներինը ողջ երկրի վրա, այնտեղ, ուր ցրեցիր նրանց իրենց անհնազանդության պատճառով, որ չհնազանդվեցին քեզ։ 8 Տե՛ր, մեր երեսի ամոթը մերն է, մեր թագավորներինը, մեր իշխաններինն ու մեր հայրերինը, որ մեղանչեցինք, 9 իսկ գթությունն ու քավությունը՝ Տիրոջը՝ մեր Աստծունը. քանի որ ապստամբեցինք Տիրոջ դեմ 10 և չլսեցինք Տիրոջ՝ մեր Աստծու ձայնը՝ գնալու նրա օրենքներով, որ դրեց մեր առաջ իր ծառա մարգարեների ձեռքով։ 11 Ամբողջ Իսրայելը զանց առավ քո օրենքները և խոտորվեց, որ չլսի քո ձայնը, և քո ծառա Մովսեսի օրենքում գրված անեծքն ու երդումը եկան մեզ վրա, Տե՛ր, քանի որ մեղանչեցինք նրա դեմ։ 12 Եվ հաստատեց իր խոսքերը, որ խոսել էր մեր դեմ և մեր դատավորների դեմ, որ դատում էին մեզ՝ մեծամեծ չարիքներ մեզ վրա բերելով, որ չեն եղել ողջ երկնքի տակ, ինչպես որ եղան Երուսաղեմում։

13 Ինչպես որ գրված է Մովսեսի օրենքում, այն բոլոր չարիքները եկան մեզ վրա, բայց չաղաչեցինք Տիրոջ՝ մեր Աստծու առաջ՝ հետ դառնալու մեր հայրերի անիրավություններից և խելամուտ լինելու քո ողջ ճշմարտությանը։ 14 Եվ Տերը՝ մեր Աստվածը, ելավ մեր չարիքների դեմ և դրանք մեզ վրա բերեց, որովհետև Տերը՝ մեր Աստվածը, արդար է իր բոլոր գործերի հանդեպ, որ արեց մեր դեմ, բայց չլսեցինք նրա ձայնը։ 15 Եվ արդ, Տե՛ր, Աստվա՛ծ մեր, որ հզոր ձեռքով հանեցիր քո ժողովրդին եգիպտացիների երկրից և քեզ համար անուն ստեղծեցիր, ինչպես և այսօր. մեղանչեցինք և անօրենություն գործեցինք։ 16 Տե՛ր, քո ողջ ողորմության շնորհիվ թող անցնի քո զայրույթը և վերանա քո բարկությունը քո քաղաք Երուսաղեմի և քո սուրբ լեռան վրայից, որովհետև մեղանչեցինք, և մեր ու մեր հայրերի անօրենության պատճառով Երուսաղեմը և քո ամբողջ ժողովուրդը որպես նախատինք եղան բոլորի համար, որ մեր շուրջն էին։ 17 Արդ, Տե՛ր, Աստվա՛ծ մեր, լսի՛ր քո ծառայի աղոթքներն ու խնդրանքները և հանուն քեզ ցո՛ւյց տուր քո երեսը սրբարանին, որ ավերվեց։ 18 Խոնարհեցրո՛ւ, Աստվա՛ծ իմ, քո ականջը և լսի՛ր ինձ, բա՛ց քո աչքերը և տե՛ս մեր ապականությունը և քո քաղաքինը, որի վրա դրված է քո անունը, որովհետև մեր արդարության պատճառով չենք մեր պաղատանքները քո առջև դնում, այլ հանուն քո բազում գթության, Տե՛ր։ 19 Լսի՛ր, Տե՛ր, քավի՛ր, Տե՛ր, անսա՛, Տե՛ր, և հանուն քեզ մի՛ հապաղիր, Աստվա՛ծ իմ, որովհետև քո անունն է դրված քո քաղաքի վրա»։

Գաբրիելը բացատրում է մարգարեությունը

20 «Եվ մինչ ես խոսում և աղոթքի մեջ էի, խոստովանում էի իմ մեղքերը և Իսրայելի ժողովրդի մեղքերը և պաղատանքներ էի դնում Տիրոջ՝ իմ Աստծու առաջ սուրբ լեռան համար, 21 մինչ խոսում էի աղոթքի մեջ, ահա այն մարդը՝ Գաբրիելը, որին տեսնում էի նախկին տեսիլքի մեջ, թռավ և մոտեցավ ինձ մոտավորապես երեկոյան զոհաբերության ժամին 22 և խելամուտ դարձրեց ինձ, խոսեց ինձ հետ և ասաց. “Դանիե՛լ, այժմ եկա խելամուտ դարձնելու քեզ։ 23 Քո աղոթքի սկզբում պատգամ ելավ, և ես եկա պատմելու քեզ, քանի որ դու հաճելի մարդ ես։ Արդ, մի՛տքդ բեր այդ խոսքը և այդ տեսիլքը մի՛տքդ պահիր։ 24 Յոթանասուն շաբաթ սահմանվեց քո ժողովրդի վրա և սուրբ քաղաքի վրա՝ մեղքերը վերջացնելու, անօրենությունները կնքելու, անիրավությունները ջնջելու, ամբարշտությունները քավելու, հավիտենական արդարություն բերելու, տեսիլքն ու մարգարեն կնքելու և Սրբություն սրբոցն օծելու համար։ 25 Պիտի իմանաս ու խելամուտ լինես՝ այն ելած խոսքին պատասխան տալու։ Երուսաղեմի շինվելուց մինչև Օծյալ Առաջնորդը կա յոթ շաբաթ և վաթսուներկու շաբաթ։ Եվ կդառնան ու կշինվեն հրապարակներն ու պարիսպները, և կնորոգվեն ժամանակները։ 26 Վաթսուներկու շաբաթ հետո Օծյալը կվերանա, և արդարադատություն չի լինի նրա մեջ. քաղաքն ու սրբարանը կկործանվեն առաջնորդի հետ, որ պիտի գա, և կջնջվեն հեղեղով, և մինչև սահմանված պատերազմի վախճանն ավերածություն կհաստատի և կզորացնի շատերի ուխտը։ Մեկուկես շաբաթ կդադարեցնի սեղաններն ու զոհաբերությունները և մինչև անկյան ծայրը՝ ավերածություն, մինչև որ վախճան ու տագնապ բերի ավերածության վրա։

27 Եվ կզորացնի շատերի ուխտը։ Մեկուկես շաբաթ կվերանան զոհերն ու ընծաները, և տաճարի վրա կլինի “ավերածության պղծությունը”, և մինչև ժամանակի վախճանը ավերածությանը վերջ կտրվի”»։