Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Սամփսոնի ծնունդը1 Իսրայելի որդիները շարունակեցին չարիք գործել Տիրոջ ա…

Սամփսոնի ծնունդը

1 Իսրայելի որդիները շարունակեցին չարիք գործել Տիրոջ առաջ, և Տերը նրանց քառասուն տարի այլազգիների ձեռքը մատնեց։

2 Սարաացի մի մարդ կար Դանի ցեղից, նրա անունը Մանովե էր։ Նրա կինը ամուլ էր և զավակ չէր ունենում։ 3 Տիրոջ հրեշտակը երևաց այս կնոջը և ասաց նրան. «Ահա դու ամուլ ես և երեխա չես ծնել, բայց կհղիանաս և որդի կծնես։ 4 Արդ, զգո՛ւյշ եղիր, գինի և օղի չխմես և ոչ մի անմաքուր բան չուտես, 5 որովհետև դու ահա պիտի հղիանաս և որդի պիտի ծնես։ Նրա գլխին ածելի չպիտի դիպչի, որովհետև մանուկն Աստծու ուխտավոր պիտի լինի հենց մոր արգանդից. նա պիտի սկսի փրկել Իսրայելը փղշտացիներից»։ 6 Կինը մտավ և ասաց իր ամուսնուն. «Աստծու այրը եկավ ինձ մոտ, նա Աստծու հրեշտակի նման վեհատեսիլ էր։ Ես նրան հարցրի, թե որտեղից է, բայց նա իր մասին ինձ ոչինչ չասաց։ 7 Նա ինձ ասաց. “Ահա պիտի հղիանաս և որդի պիտի ծնես, արդ գինի և օղի չխմես և ոչ մի անմաքուր բան չուտես, որովհետև մանուկն Աստծու ուխտավոր պիտի լինի հենց իր մոր արգանդից մինչև իր մահվան օրը”»։

8 Մանովեն Տիրոջն աղաչեց և ասաց. «Խնդրում եմ, Տե՛ր, Աստծու այն մարդը, որին դու ուղարկեցիր մեզ մոտ, թող դարձյալ գա մեզ մոտ և սովորեցնի, թե ի՛նչ անենք այն մանկանը, որ պիտի ծնվի»։ 9 Աստված լսեց Մանովեի ձայնը, և Աստծու հրեշտակը նորից եկավ նրա կնոջ մոտ, երբ նա նստել էր հանդում, իսկ նրա ամուսին Մանովեն նրա մոտ չէր։ 10 Կինն շտապ գնաց պատմեց իր ամուսնուն և ասաց նրան. «Ահա երևաց ինձ այն մարդը, որ այն օրը եկել էր ինձ մոտ»։ 11 Մանովեն վեր կացավ, գնաց իր կնոջ հետ, եկավ այն մարդու մոտ և ասաց նրան. «Դո՞ւ ես այն մարդը, որ խոսել է այս կնոջ հետ»։ Հրեշտակն ասաց. «Ես եմ»։ 12 Մանովեն ասաց. «Արդ, երբ քո խոսքերը կատարվեն, ինչպիսի՞ն պետք է լինեն մանկան կյանքի կանոններն ու գործերը»։ 13 Տիրոջ հրեշտակն ասաց Մանովեին. «Թող նա զգուշանա այն ամենից, որ ասացի այդ կնոջը. 14 որթատունկից ելած ոչ մի բան թող չուտի, գինի և օղի չխմի, ոչ մի անմաքուր բան չուտի, թող զգուշանա այն ամենից, որ պատվիրեցի»։

15 Մանովեն ասաց հրեշտակին. «Թող որ քեզ մի փոքր ժամանակ մեզ մոտ պահենք և մի ուլ պատրաստենք ու դնենք քո առաջ»։ 16 Տիրոջ հրեշտակը Մանովեին ասաց. «Եթե ինձ պահես էլ, քո հացից չեմ ուտի, իսկ եթե ուլը ողջակեզ պիտի անես, Տիրո՛ջը մատուցիր այն»։ Մանովեն չիմացավ, որ նա Տիրոջ հրեշտակն է։ 17 Մանովեն ասաց Տիրոջ հրեշտակին. «Ի՞նչ է քո անունը, ասա՛, որ երբ քո խոսքը կատարվի, փառավորենք քեզ»։ 18 Տիրոջ հրեշտակն ասաց նրան. «Ինչո՞ւ ես հարցնում իմ անունը, դա մի սքանչելի անուն է»։ 19 Մանովեն վերցրեց մի ուլ և անարյուն զոհ և քարի վրա մատուցեց սքանչելիք անող Տիրոջը։ Եվ մինչ Մանովեն և նրա կինը նայում էին, 20 թե ինչպես է բոցը զոհասեղանից դեպի երկինք բարձրանում, տեսան Տիրոջ հրեշտակին՝ զոհասեղանի բոցի հետ երկինք բարձրանալիս։ Մանովեն ու նրա կինը երեսի վրա գետնին ընկան։ 21 Տիրոջ հրեշտակն այլևս չերևաց Մանովեին ու նրա կնոջը։ Այն ժամանակ Մանովեն հասկացավ, որ նա Տիրոջ հրեշտակն է։ 22 Մանովեն ասաց իր կնոջը. «Անպատճառ կմեռնենք, որովհետև տեսանք Աստծուն»։ 23 Եվ նրա կինը նրան ասաց. «Եթե Տերը կամենար մեզ սպանել, մեր ձեռքից չէր ընդունի ողջակեզն ու անարյուն զոհը և մեզ չէր հայտնի այդ ամենն իր ժամանակին և այն մեզ լսելի չէր դարձնի»։ 24 Կինը որդի ծնեց ու նրա անունը Սամփսոն դրեց։ Մանուկն աճեց, և Տերը նրան օրհնեց։ 25 Նա Դանի բանակում էր, Սարաայի և Եսթավուղի միջև, երբ Տիրոջ հոգին սկսեց շրջել նրա հետ։