Հին Կտակարան
Նոր Կտակարան
Երեկոյան աղոթք1 Սաղմոս ԴավթիՏե՜ր, ես քեզ աղոթեցի, լսի՛ր ինձ.Լսի՛ր աղո…
Երեկոյան աղոթք
1 Սաղմոս Դավթի
Տե՜ր, ես քեզ աղոթեցի, լսի՛ր ինձ.
Լսի՛ր աղոթքիս ձայնը քեզ աղոթելիս։
2 Թող աղոթքս քո առաջ խունկի պես ուղիղ լինի, Տե՜ր,
Ձեռքերիս բարձրացումն էլ՝ որպես երեկոյան ընծա։
3 Իմ բերանին, Տե՜ր, պահապա՛ն դիր
Եվ ամուր դուռ՝ իմ շուրթերին,
4 Որ սիրտս չխոտորվի չարության խոսքերով՝
Մեղքի պատճառ դառնալով մարդկանց հետ,
Որոնք անօրենություն են գործում.
Ես նրանց ընտրյալներին կցորդ չեմ դառնա։
5 Թող արդարը ողորմությամբ խրատի ինձ և հանդիմանի,
Մեղավորի յուղը թող գլուխս չօծի,
Եվ աղոթքս նրա կամքով չլինի։
6 Նրանց դատավորները գահավիժեցին ժայռի մոտ,
Թող լսեն իմ խոսքերը, որ քաղցր են.
7 «Ինչպես հողի թանձրությունը, որ սփռված է
Երկրի վրա, այնպես պիտի ցրվեն
Նրանց ոսկորները դժոխքի մոտ»։
8 Տե՜ր, Տե՜ր, դեպի քեզ են աչքերս ուղղված, քեզ հուսացի,
Հոգիս մի՛ հանիր ինձնից։
9 Պահի՛ր ինձ իմ դեմ լարված որոգայթից
Եվ անօրենություն գործողների գայթակղությունից։
10 Մեղավորները թող ընկնեն նրա ցանցերի մեջ,
Մինչև ես անցնեմ։