Հին Կտակարան
Նոր Կտակարան
Մխիթարություն Երուսաղեմի համար1 «Մխիթարե՛ք, մխիթարե՛ք իմ ժողովրդին,-ա…
Մխիթարություն Երուսաղեմի համար
1 «Մխիթարե՛ք, մխիթարե՛ք իմ ժողովրդին,-
ասում է Աստված,-
2 դուք՝ քահանաներդ, Երուսաղեմի սրտո՛վ խոսեք
և մխիթարե՛ք նրան,
որովհետև նա լի է տառապանքով»։
Թող նրա մեղքերին թողություն լինի,
քանի որ իր մեղքերի համար
նա Տիրոջ կողմից կրկնակի հատուցում ստացավ։
3 Անապատում կանչողի ձայնն է.
«Պատրաստե՛ք Տիրոջ ճանապարհը
և հարթե՛ք մեր Աստծու շավիղները։
4 Բոլոր ձորերը պիտի լցվեն,
և բոլոր լեռներն ու բլուրները պիտի խոնարհվեն,
անհարթ տեղերը պիտի հարթանան,
և առապարները դաշտերի վերածվեն։
5 Պիտի հայտնվի Տիրոջ փառքը,
և ամեն մի մարմնավոր պիտի տեսնի Աստծու փրկությունը,
քանզի Տե՛րը խոսեց»։
6 Մի ձայն ասում է՝ կանչի՛ր։
Ասում եմ՝ ի՞նչ կանչեմ։
«Գոչի՛ր, ամեն մարմին նման է խոտի,
և մարդու ամբողջ փառքը նման է խոտածաղկի։
7 Խոտը չորանում է,
նրա ծաղիկը թափվում է,
որովհետև նրա վրա փչում է Տիրոջ շունչը։
Արդարև, իմ այս ժողովուրդը նման է խոտի։
Խոտը չորանում է, ծաղիկը թափվում,
8 բայց Տիրոջ խոսքը մնում է հավիտյան»։
9 Ե՛լ այդ բարձր լեռան վրա,
ո՛վ ավետաբեր Սիոնի,
ո՛ւժ տուր քո ձայնին,
ո՛վ ավետաբեր Երուսաղեմի,
ո՛ւժ տուր, մի՛ վախեցիր և հայտնի՛ր
Հուդայի քաղաքներին.
«Ահավասիկ ձեր Աստվածը։
10 Ահա Տերը՝ Աստված, որ գալիս է զորությամբ
և իր բազկի իշխանությամբ.
ահավասիկ իր վարձն իր հետ է,
ու գործերն էլ իր առջև են։
11 Հովվի նման հովվելու է իր հոտերը,
իր բազկով հավաքելու է գառներին,
նրանց կրելու է իր ծոցում,
մխիթարիչ է լինելու հղիներին»։
Իսրայելի անզուգական Աստվածը
12 Ո՞վ իր ափով չափեց ջրերը,
թզով՝ երկինքը և քիլով՝ համայն երկիրը.
ո՞վ կարողացավ լեռները կշռել կշեռքով և դաշտերը՝ նժարով։
13 Ո՞վ իմացավ Տիրոջ մտքերը,
ո՞վ խորհրդատու դարձավ նրան՝
նրան իբր խելամիտ դարձնելու համար։
14 Կամ թե ո՞ւմ հետ խորհրդակցեց նա, որ իրեն խելամիտ դարձնի,
և կամ ո՞վ նրան ցույց տվեց արդարադատությունն ու իմաստության ճանապարհը,
կամ անցյալում ո՞վ փոխ տվեց իրեն, որ հատուցի նրան։
15 Բոլոր ազգերը նման են մի կաթիլի՝
դույլի մեջ և մի փոշեհատիկի՝ կշեռքի վրա
և կամ բերանից ցայտող շիթերի։
16 Այրելու համար Լիբանանը բավական չէ,
բոլոր չորքոտանիները ողջակեզի համար բավական չեն,
17 և բոլոր հեթանոսները նրա համար ոչինչ են,
ոչնչություն են համարվում։
18 Արդ, ո՞ւմ նմանեցրիք Տիրոջը,
ո՞ւմ նման համարեցիք նրան։
19 Մի՞թե կուռք է նա, որին կերտել է հյուսնը,
և կամ ոսկերիչը, ձուլելով ոսկին, պատել է նրան ոսկով՝
պատկերի նմանությամբ կերպարանք տալով նրան։
20 Հյուսնն էլ անփուտ փայտն է ընտրել
և խելք ու հնարքի դիմել,
թե ինչպես կանգնեցնի այն, որ չշարժվի։
21 Մի՞թե չլսեցիք ու չիմացաք,
ի սկզբանե ձեզ չպատմվե՞ց,
չհասկացա՞ք, թե ո՛վ հաստատեց երկրի հիմքերը։
22 Նա է, որ տիրում է երկրի շրջածիրին,
և բնակիչները նրան մորեխի չափ են երևում։
Նա է կանգնեցրել երկինքը կամարի պես,
ձգել վրանի պես
և հիմնել երկիրը՝ նրա մեջ բնակվելու համար։
23 Նա է իշխաններին անիշխանության դատապարտում
և երկիրն ամայացնում,
24 որպեսզի չսերմանեն ու տունկեր չտնկեն,
և նրանց արմատը հողի մեջ չհաստատվի։
Նա կփչի նրանց վրա, և կչորանան,
ու փոթորիկը կքշի դրանք՝ իբրև խռիվ։
25 «Արդ, ո՞ւմ կուզենայիք նմանեցնել ինձ,
որին հավասար լինեի»,-
ասում է Իսրայելի Սուրբը։
26 Ձեր աչքերը դեպի վեր բարձրացրեք և տեսե՛ք՝
ո՞վ հաստատեց այս ամենը, ստեղծեց
մեծ փառքով ու ահեղ զորությամբ և բոլոր երկնային զարդերին անուններ տվեց.
ոչ մի բան ծածուկ չի մնում քեզանից։
27 Ինչո՞ւ ես ասում, Հակո՛բ, կամ՝ ի՞նչ ես խոսում, Իսրայե՛լ, թե՝
«Իմ ճանապարհները գաղտնի մնացին Աստծուց,
և իմ Աստվածը վերացրեց իմ իրավունքներն ու հեռացավ»։
28 Արդ, չիմացա՞ր, չլսեցի՞ր,
որ հավիտենական Աստվածը,
երկրի սահմանները հաստատող Աստվածը
ո՛չ քաղց է զգում և ո՛չ էլ հոգնում.
նրա իմաստությունն անքննելի է։
29 Նա քաղցածներին ուժ է տալիս,
իսկ ցավ չունեցողներին՝ տրտմություն։
30 Երիտասարդները քաղց պիտի զգան,
մանուկները պիտի հոգնեն,
ընտիր քաջերն անզոր պիտի դառնան,
31 իսկ նրանք, որոնք Տիրոջն են սպասում,
նոր ուժ պիտի ստանան
և նոր փետուրներով զարդարվեն արծիվների պես,
պիտի վազեն, բայց չպիտի հոգնեն,
պիտի գնան, բայց քաղց չպիտի զգան։