Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

161 Եվ Հուդիթն ասաց.«Տիրոջը փառաբանե՛ք թմբուկներով,Օրհնեցե՛ք նրան ծնծ…

16
1 Եվ Հուդիթն ասաց.
«Տիրոջը փառաբանե՛ք թմբուկներով,
Օրհնեցե՛ք նրան ծնծղաներով,
Ուղղե՛ք նրան երգեր և օրհնություններ,
Մեծարե՛ք նրան և կանչե՛ք նրա անունը,
2 որովհետև Տերը պատերազմներ խորտակող Աստվածն է,
որ ինձ փրկեց ինձ հալածողների բազմամարդ բանակից։
3 Եկավ Ասուրը հյուսիսի լեռներից,
եկավ իր բյուրավոր զորքով,
որոնց բազմությունը ծածկեց ձորերը,
իսկ նրանց երիվարների բազմությունը՝ բլուրները։
4 Նա որոշեց հրկիզել իմ սահմանները,
սրի անցկացնել իմ երիտասարդներին,
ավար առնել մանուկներին,
գերեվարել իմ կույսերին։
5 Տերը՝ ամենակալ Աստված, կործանեց նրանց կնոջ ձեռքով.
6 նրանց առաջնորդը երիտասարդի ձեռքով չընկավ,
ոչ էլ տիտանների որդիները սպանեցին նրան,
հաղթանդամ հսկաները չէ, որ հարձակվեցին նրա վրա,
այլ Հուդիթը՝ Մերարեի դուստրը,
որը խաբեց նրան իր դեմքի գեղեցկությամբ,
7 քանի որ մերկացավ իր այրիության հանդերձից՝
բարձրացնելու Իսրայելի տառապյալներին,
իր դեմքն օծեց անուշահոտ յուղով,
8 զարդարեց իր գլուխը զարդերով
և հագավ իր բեհեզյա զգեստը՝ նրան խաբելու համար։
9 Նրա ոտքի կոշիկների գեղեցկությունը մոլորեցրեց նրա սիրտը,
նրա գեղեցկությունը գերեց նրան։
Եվ դաշույնը խրեց նրա պարանոցը։
10 Նրա քաջասրտությունից պարսիկները դողահար եղան,
նրա քաջությունից մարերը խռովվեցին։
11 Այդ ժամանակ ցնծացին իմ տառապյալները,
իսկ իմ ժողովրդին տկարացնողները բղավեցին,
պարտվեցին, աղաղակեցին ու փախուստի դիմեցին։
12 Երիտասարդ մայրերի որդիները խոցոտեցին նրանց,
և կոտորվեցին աղքատ պանդուխտների որդիների նման
ու կորան իմ Տիրոջ պատերազմից։
13 Օրհնում եմ Տիրոջը՝ իմ Աստծուն, նոր օրհներգերով.
Տե՛ր, մեծ ես դու և փառավոր,
սքանչելի ես անսպառ զորությամբ։
14 Թող ծառայեն քեզ քո բոլոր արարածները,
քանի որ ասացիր, և եղան,
առաքեցիր քո հոգին, և ստացան այն ու կառուցվեցին,
և չկա մեկը, որ դեմ կանգնի քո ձայնին։
15 Որովհետև լեռները հիմքերից ջրերի հետ սասանվեցին,
և քարերը քո դեմքի առջև մոմի պես հալվեցին,
սակայն քեզ երկյուղածությամբ հայողներին քավիչ ես լինում։
16 Ամեն մի զոհ անուշաբույր և ամեն մի ճարպ ողջակեզի քիչ է քեզ համար։
Սակայն երկյուղ ունեցողը հավիտյան մեծ է քեզ համար։
17 Վա՛յ այն ազգերին, որ ելնում են մեր ազգի դեմ,
որովհետև Ամենակալ Տերը նրանցից վրեժ է լուծելու դատաստանի օրը։
Նրանց տալու է հուր և որդեր՝ նրանց մարմիններին,
և լացելու են՝ սգալով հավիտյան»։
18 Եվ երբ հասան Երուսաղեմ, երկրպագեցին Աստծուն, և երբ ժողովուրդը սրբվեց, մատուցեցին իրենց ողջակեզները, կամավոր զոհերն ու նվերները։ 19 Հուդիթը Հողոփեռնեսի ողջ սպասքն ու կահ-կարասին նվիրեց Տիրոջը՝ Աստծուն։ 20 Եվ ժողովուրդը երեք ամիս զվարճանում էր Երուսաղեմում՝ սրբության առջև։ Եվ Հուդիթը նրանց հետ էր։
21 Այդ օրերից հետո ամեն մեկը գնաց իր ժառանգության վայրը։ Եվ Հուդիթը գնաց Բետիղուա և խնամում էր իր տունը։ Եվ այն ժամանակից նրա անունը փառավորվում էր ողջ երկրով մեկ։ 22 Շատերը ցանկացան նրան իր կյանքի ողջ ընթացքում՝ իր ամուսնու՝ Մանասեի մեռնելուց հետո, մինչև իր նախնիներին միանալը։ 23 Հուդիթը սակայն մնաց իր ամուսնու տանը՝ օր օրի ավելի փառավորվելով, ծերացավ և դարձավ հարյուր հինգ տարեկան, ազատ արձակեց իր նաժիշտին և մահացավ Բետիղուայում։ Նրան թաղեցին իր ամուսնու՝ Մանասեի շիրիմում։ 24 Եվ Իսրայելի ողջ տունը յոթ օր սուգ արեց նրա համար։ Եվ նա մինչ իր մահը իր ողջ ունեցվածքը բաժանեց իր ամուսնու՝ Մանասեի ազգականներին, իր մերձավորներին էլ բաժին հանեց։
25 Հուդիթի կենդանության օրերին ու նրա մահվանից հետո երկար ժամանակ ոչ ոք չէր անհանգստացնում Իսրայելի որդիներին։