Հին Կտակարան
Նոր Կտակարան
Աստծու պատասխանն Ամբակումին1 Իմ պահակակետում կկանգնեմ,կելնեմ ժայռի վր…
Աստծու պատասխանն Ամբակումին
1 Իմ պահակակետում կկանգնեմ,
կելնեմ ժայռի վրա և կդիտեմ՝ տեսնելու,
թե ի՛նչ պիտի խոսի ինձ հետ
և ի՛նչ պատասխան պիտի տա իմ հանդիմանությանը։
2 Տերն ինձ պատասխան տվեց և ասաց.
«Այդ տեսիլքը հստակորեն գրի՛ր տախտակների վրա,
որպեսզի ով կարդա, վստահ կարդա,
3 որովհետև այդ տեսիլքը դեռևս ժամանակների համար է
և կծագի վերջում և ոչ ունայնության մեջ։
Բայց եթե ուշանա, հույսով սպասի՛ր նրան,
որովհետև նա, ով գալու է, կգա և չի ուշանա։
4 Եվ եթե մեկը երկմտի,
իմ անձը նրան չի հավանի,
քանի որ իմ արդարն իմ հավատքով է ապրելու»։
Արդարության վճիռ
5 Սակայն կասկածողն ու արհամարհողն ամբարտավան մարդ է
և ոչինչ ավարտին չի հասցնի,
ով իր անձն ընդարձակեց դժոխքի պես
և անհագ եղավ, ինչպես մահը,
իր մոտ հավաքեց բոլոր հեթանոսներին
և իր մեջ կամփոփի բոլոր ժողովուրդներին։
6 Մի՞թե այս բոլորը նրա դեմ առակ չեն հորինի
և չեն հեգնի նրան և ասեն.
«Վա՜յ նրան, ով ավելացնում է իր անձի համար այն, ինչ իրենը չէ.
մինչև ե՞րբ է ծանրացնելու իր լուծը ծանրությամբ»,
7 որովհետև հանկարծակի կելնեն նրան ուտողները,
և կզարթնեն նրան դավաճանողները,
և հափշտակություն կդառնաս նրանց համար։
8 Քանի որ դու կողոպտեցիր բազում ազգերի, քեզ էլ կկողոպտեն
ժողովուրդների բոլոր մնացորդները
մարդկանց արյան և քաղաքի
ու նրա բոլոր բնակիչների և երկրի անօրենության պատճառով։
9 Վա՜յ նրան, ով իր տան համար չար ագահություն է սաստիկ ցանկանում՝
իր բույնը բարձունքներում դնելու,
չար ձեռքերից ազատվելու համար։
10 Քո տան համար ամոթ խորհեցիր,
ոչնչացրիր բազում ժողովուրդների, և քո անձը մեղանչեց.
11 քանի որ քարը հիմքից կաղաղակի,
և որդը փայտի միջից կգոչի այդ։
12 Վա՜յ նրան, ով քաղաքն արյամբ է կառուցում
և անիրավությամբ է հաստատում քաղաքը։
13 Այդ ամենն Ամենակալ Տիրոջից չէ՞.
շատ ժողովուրդներ կոչնչանան կրակից.
և շատ ազգեր տկարացան,
14 որպեսզի երկիրը լցվի Տիրոջ փառքի գիտությամբ,
ինչպես բազում ջրերը, որ ծածկում են ծովերը։
15 Վա՜յ նրան, ով իր ընկերոջը թունավոր ըմպելիք է մատուցում և արբեցնում,
որպեսզի նայի նրանց քարայրներին։
16 Դու ևս փառքի փոխարեն անարգանքի
հագուրդը խմի՛ր, շարժվի՛ր և դողա՛։
Պաշարեց քեզ Տիրոջ Աջի բաժակը,
և անարգանք կուտակվեց քո փառքի վրա.
17 քանի որ Լիբանանի ամբարշտությունը կծածկի քեզ,
և գազանների թշվառությունը կզարհուրեցնի քեզ՝
մարդկանց արյան և քաղաքի ու նրա բոլոր բնակիչների
և երկրի անօրենության պատճառով։
18 Ի՞նչ օգուտ ունի քանդակը,
որ քանդակեցին այն,
որպես ձուլածո այն ստեղծեցին,
մի սուտ պատկեր, քանի որ նա,
ով ստեղծեց, հույսը դրեց իր ստեղծածի վրա՝
իր համար անօգուտ կուռքեր շինելու։
19 Վա՜յ նրան, ով փայտին ասում է՝ սթափվի՛ր և զարթնի՛ր,
և քարին՝ բարձրացի՛ր.
և՛ մեկն է թվացյալ երևույթ,
և՛ մյուսն է արծաթից ու ոսկուց կռած,
և բոլորովին շունչ չկա դրանց մեջ։
20 Սակայն Տերն իր սուրբ տաճարի մեջ է,
և ողջ երկիրը թող վախենա նրա երեսից։