Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Կուռքերի պաշտամունքի մի ուրիշ օրինակ1 Դարձյալ, եթե մեկը, նավ բարձրանա…

Կուռքերի պաշտամունքի մի ուրիշ օրինակ

1 Դարձյալ, եթե մեկը, նավ բարձրանալով, կամենում է ճանապարհորդել ամեհի ալիքների վրայով, օգնության է կանչում այդ փայտին, որն ավելի տկար է, քան նավի տախտակը։ 2 Քանի որ թեև ստեղծվել է շահելու ցանկությունից, և ճարտարապետն էլ իմաստությամբ է կառուցել, 3 սակայն քո նախախնամությունն է, Հա՛յր, որ վարում է այն, որովհետև դու ես, որ ծովի մեջ ճանապարհ և ալիքների մեջ ապահով շավիղ ես տվել՝ 4 ցույց տալով, թե ամեն ինչից կարող ես փրկել մինչև իսկ նրան, ով ծով է մտել անփորձաբար։ 5 Բայց դու կամենում ես, որ քո իմաստության գործը զուր չանցնի, դրա համար էլ մարդիկ իրենց անձերը վստահում են չնչին փայտին և շրջելով ալիքների վրայով՝ փրկվում են աննշան լաստի շնորհիվ։ 6 Որովհետև հենց սկզբից, երբ կործանվում էին ամբարտավան հսկաները, աշխարհի հույսը, ապավինելով տապանին և ղեկավարվելով քո ձեռքով, փրկվեց, որ աշխարհի վրա սերունդ լինի։ 7 Քանզի օրհնյալ է այն փայտը, որով արդարություն է լինում, 8 և անիծյալ է ձեռակերտ կուռքը, ինչպես նաև այն շինողը, որովհետև նա կերտեց, իսկ այս եղծանելին աստված անվանվեց։ 9 Աստծուն առհասարակ ատելի են թե՛ ամբարիշտը և թե՛ նրա ամբարշտությունը։ 10 Որովհետև գործն էլ, գործողն էլ հավասարապես պիտի պատժվեն։ 11 Դրա համար էլ հեթանոսների կուռքերին ևս դատաստան է լինելու, քանզի Աստծու արարածների մեջ նրանք գարշություն դարձան, մարդկանց որդիների համար՝ գայթակղություն, անզգամների համար՝ ոտքի որոգայթ։

Կուռքերի պաշտամունքի ծագումը

12 Կուռքեր հնարելը պոռնկության սկիզբն է, իսկ կյանքի ապականությունը՝ նրանց գյուտը։ 13 Ի սկզբանե դրանք չեն եղել և հավիտյան էլ չեն մնալու։ 14 Դրանք աշխարհ եկան մարդկանց ունայնամտության հետևանքով, ուստի նրանց վախճանն էլ շուտ է սահմանված։ 15 Քանզի իր վաղամեռիկ որդու տարաժամ մահվան սգով թախծող մի հայր շինել տվեց նրա արձանը և արդեն մահացած այդ մարդուն այդուհետև սկսեց մեծարել որպես աստված և իր սերունդներին ավանդ թողեց ծեսեր անել և ընծաներ մատուցել։ 16 Հետո ամբարիշտ այդ սովորությունը մնաց երկար ժամանակ և պահպանվեց որպես օրենք, 17 և բռնակալների հրամանով կուռքերը պաշտելու կարգ սահմանվեց։ Իսկ նրանց, որ հեռու բնակվելու պատճառով մարդիկ չէին կարող դեմ առ դեմ պատվել, նույն օրինակով քանդակեցին նրա հեռավոր կերպարը և կերտեցին թագավորի հայտնի պատկերը պատվելու համար, որպեսզի հեռավորին՝ իբրև մոտիկի, ողոքեն փութաջանությամբ։ 18 Անգետների մեջ պաշտամունքի տարածման պատճառ դարձավ նաև արվեստագետ վարպետի արվեստը։ 19 Քանի որ նա, թերևս ցանկանալով հաճելի լինել իշխանին, ջանք չխնայեց իր արվեստով նրա պատկերը քանդակելու իբրև գեղեցկություն։ 20 Իսկ բազմությունը, արվեստագետի գործի հմայքից հրապուրված, նրան, որ քիչ ժամանակ առաջ մեծարում էր որպես մարդու, այժմ արդեն պաշտամունքի առարկա դարձրեց։ 21 Եվ դա կյանքի որոգայթ և գայթակղություն դարձավ, որովհետև ում ժամանակին մարդիկ ծառայում էին կարիքից ու բռնությունից դրդված, այժմ արդեն նրա անհաղորդակցելի անունը դրեցին քարի ու փայտի վրա։
22 Բավական չէ, որ նրանք մոլորվել էին Աստծու գիտությունից, այլև, լինելով անգիտության պայքարի մեջ, դեռ այդ չարիքն էլ խաղաղություն էին կոչում՝ 23 մանկասպան զոհաբերություններ կամ գաղտնի ծեսեր կատարելով և կամ ուրիշ կրոններից մոլեգին անառակություններ վերցնելով։ 24 Նրանք սուրբ չեն պահում ո՛չ իրենց կյանքը և ո՛չ էլ ամուսնությունը. ընկերը կասկածամտությամբ կա՛մ սպանում է ընկերոջը, կա՛մ թաքուն խաբեությամբ խղճալի վիճակի է հասցնում նրան։ 25 Եվ խառնիխուռն է ամեն ինչ՝ արյուն և սպանություն, գողություն և նենգություն, ապականություն, ուխտադրժություն, խռովություն, երդմնազանցություն, 26 գրգռություն, բարի երախտիքների մոռացություն, հոգեպղծություն, այլասերվածություն, ամուսնալուծություն, շնություն ու գիջություն։ 27 Քանի որ կուռքերի անունն ու նրանց պաշտամունքը բոլոր չարիքների սկիզբն են, պատճառն ու վախճանը։ 28 Դրանք պաշտողները եթե ուրախ են լինում, ապա մոլեգնում են, եթե մարգարեանում են, ապա սուտ են, եթե ապրում են, ապա անիրավությամբ, եթե երդվում են, ապա դրժում են իսկույն։ 29 Եվ սուտ են երդվում, քանի որ հույսը դրել են անշունչ կուռքերի վրա, որոնցից պատժի ակնկալություն չունեն։ 30 Արդ, նրանց համար կրկնակի պատիժ պիտի լինի հիրավի, քանի որ սխալ գաղափար ունեցան Աստծու մասին՝ ունկնդիր լինելով կուռքերին, և սուտ երդվեցին կուռքերին՝ արհամարհելով սրբությունը։ 31 Արդարև, ոչ թե նրանց զորությունը, ում երդվեցին, այլ մեղավորներին սահմանված արդար դատաստանն է ամբարիշտներին պատժելու հանցանքների համար։