Հին Կտակարան
Նոր Կտակարան
Փեսան ասում է հարսին.1 Ահավասիկ գեղեցիկ ես, մերձավո՛ր իմ,գեղեցիկ ես ա…
Փեսան ասում է հարսին.
1 Ահավասիկ գեղեցիկ ես, մերձավո՛ր իմ,
գեղեցիկ ես ահա,
քո աչքերն աղավնիներ են
քողի հետևում։
Քո վարսերը նման են այծերի հոտերի,
որ երևացին Գաղաադից։
2 Ատամները քո նման են խուզված ոչխարների հոտերի՝
ավազանից ելած, բոլորն էլ զույգ,
և ոչ մի ամուլ չկա նրանց մեջ։
3 Շուրթերը քո նման են որդան կարմիր թելի,
Գեղեցիկ են խոսքերը քո։
Քո այտերը նման են նռան կեղևի՝ քո քողի հետևում։
4 Պարանոցը քո նման է Թալպիովթում շինված Դավթի աշտարակին,
նրանից կախված են վահաններ հազարավոր
և սպառազեն մարդկանց նետերը բոլոր։
5 Քո երկու ստինքները նման են այծյամի երկվորյակ ձագերի,
որ արածում են շուշանների մեջ։
6 Մինչ կծագի լույսը, և կշարժվեն ստվերները,
ես ի՛նքս կգնամ դեպի լեռը զմուռսի և բլուրը կնդրուկի։
7 Ամբողջովին գեղեցիկ ես, մերձավո՛ր իմ,
առանց որևէ արատի։
8 Ե՛կ Լիբանանից, ո՜վ հարս,
այստե՛ղ արի Լիբանանից։
Ե՛կ և անցի՛ր Ուխտի լեռան գագաթով,
Սանիրի և Հերմոնի կատարներով,
առյուծների բներով և ինձերի լեռներով։
Օրիորդներն ասում են հարսին.
9 Մեր սիրտը գրավեցիր, քո՛ւյր մեր հարս,
մեր սիրտը գրավեցիր քո մի հայացքով
և քո պարանոցի քառամանյակով։
Փեսան ասում է հարսին.
10 Քանզի գեղեցկացան ստինքները քո, քո՛ւյր իմ հարս,
գինուց ավելի,
և հոտը քո հանդերձների՝ բոլոր խունկերից առավել։
11 Շրթունքները քո մեղր են կաթեցնում, քո՛ւյր իմ հարս,
քո լեզվի տակ մեղր է ու կաթ,
հոտը քո հանդերձների նման է կնդրուկի հոտի։
12 Փակված պարտեզ ես և աղբյուր կնքված, քո՛ւյր իմ հարս։
13 Տնկիները քո՝ դրախտ նռնենիների՝
մրգատու ծառերի պտուղներով հանդերձ,
14 Նարդոս և քրքում,
խնկեղեգ և կինամոն՝
Լիբանանի բոլոր ծառերով հանդերձ,
զմուռս ու հալվե՝
բոլոր ընտիր խնկերով հանդերձ։
15 Պարտեզների աղբյուր
և կենդանի ջրի ակունք,
որ բխում է Լիբանանից։
Հարսն ասում է.
16 Վե՛ր կաց, հյուսիսայի՛ն քամի,
և ե՛կ, հարավայի՛ն քամի,
փչի՛ր իմ պարտեզի մեջ,
և թող բուրեն իմ խնկերը։