Հին Կտակարան
Նոր Կտակարան
1 Ասորեստանի զորքերի զորագլուխ Հողոփեռնեսին պատմեցին, որ Իսրայելի որդ…
1 Ասորեստանի զորքերի զորագլուխ Հողոփեռնեսին պատմեցին, որ Իսրայելի որդիները պատրաստվել են պատերազմի և փակել են լեռնանցքներն ու պարսպապատել լեռների բարձունքների գյուղերը, իսկ դաշտերում որոգայթներ լարել։ 2 Հողոփեռնեսը շատ բարկացավ. կանչեց Մովաբի բոլոր իշխաններին, Ամովնի զորագլուխներին և ծովեզերքի բոլոր նախարարներին 3 ու ասաց նրանց. «Ասացե՛ք ինձ, Քանանի՛ որդիներ, ո՞վ է այս ժողովուրդը, որ բնակվում է լեռանկողմերում, ի՞նչ մեծության զորք ունի, ո՞վ է նրա թագավորը և նրա զորքերի առաջնորդը, ինչպիսի՞ն են այն քաղաքները, որտեղ բնակվում են նրանք, 4 և ինչո՞ւ շեղեցին իրենց միտքն ու ինձ ընդառաջ չեկան, այլ հպարտացան արևմուտքի բոլոր բնակիչներից ավելի»։ 5 Եվ Ամովնի որդիների առաջնորդ Աքիովրն ասաց նրան. «Թող տերը լսի իր ծառայի խոսքը, և կպատմեմ քեզ ճշմարտությունը լեռնակողմում բնակվող այն ժողովրդի մասին, որ քեզ մոտ է։ Քո ծառայի բերանից ոչ մի սուտ դուրս չի գա։ 6 Այս ժողովուրդը քաղդեացիների ազգից է, 7 որ նախ դեգերեց Միջագետքում, որովհետև քաղդեացիների երկրում չցանկացավ պաշտել իր հայրերի աստվածներին։ 8 Ելնելով իր հայրենի երկրից՝ նրանք երկրպագեցին երկնավոր Աստծուն, որին ընդունելուց հետո գնացին Միջագետք, այնտեղ դեգերեցին երկար ժամանակ։ 9 Եվ Աստված պատվիրեց նրանց ելնել պանդխտությունից, գալ Քանանի երկիրը, որտեղ և բնակություն հաստատելով՝ հարստացան ոսկով, արծաթով ու շատ անասուններով։ 10 Ապա նրանք իջան Եգիպտոս, քանի որ քանանացիների երկրում սով սկսվեց, և դեգերեցին այնտեղ, քանի դեռ սնունդ կար։ Եվ այնքան շատ բազմացան, որ հնարավոր չէր նրանց ազգը հաշվել։ 11 Եգիպտոսի արքան ելավ նրանց դեմ, չարչարեց նրանց ցավերով, մատնեց նրանց աղյուսագործության տաժանակիր աշխատանքի։ 12 Եվ նրանք գոչեցին առ Աստվածն իրենց, ու Նա հարվածեց եգիպտացիների երկիրն անբժշկելի հարվածներով, և եգիպտացիները հալածելով իրենց մոտից դուրս քշեցին նրանց։ 13 Եվ Աստված նրանց առաջ ցամաքեցրեց Կարմիր ծովը 14 և հանեց նրանց դեպի Սինայի ճանապարհն ու դեպի Կադես Բառնեա։ Իսկ նրանք, տեղահանելով անապատի բոլոր բնակիչներին, 15 բնակվեցին ամորհացիների երկրում և իրենց ուժով ոչնչացրին եսեբոնացիներին։ Եվ անցնելով Հորդանանով՝ ժառանգեցին ողջ լեռնակողմը և 16 արտաքսելով իրենց առջևից քանանացիներին, փերեզացիներին, հեբուսացիներին, սյուքեմացիներին ու գերգեսացիներին՝ երկար ժամանակ բնակվեցին այնտեղ։ 17 Եվ նրանց հետ էր բարօրությունն այնքան ժամանակ, քանի դեռ չէին մեղանչել իրենց Աստծու առաջ, և քանի դեռ անիրավությունն ատող Աստված իրենց հետ էր։ 18 Իսկ երբ հեռացան այն ճանապարհից, որ իրենց Աստված էր տվել, ոչնչացան բազմաթիվ պատերազմների մեջ և գերեվարվեցին օտար երկիր, որն իրենցը չէր։ Իսկ իրենց Աստծու տաճարը կործանվեց, և քաղաքները մատնվեցին թշնամիների ձեռքը։ 19 Իսկ այժմ վերադարձան դեպի իրենց Աստված՝ Տերը, և ազատվեցին իրենց գերությունից, գրավեցին Երուսաղեմ քաղաքը, որտեղ սրբությունն էր, և քանի որ այն ավերակ էր, բնակվեցին լեռնային կողմում։ 20 Եվ արդ, տե՛ր, եթե այդ ժողովուրդն անտեսի իր Աստծուն և մեղանչի նրա դեմ, դա պատճառ ու գայթակղություն կլինի նրա համար, իսկ մենք այդ ժամանակ կարող ենք ելնել և պատերազմել նրանց դեմ։ 21 Իսկ եթե նրանց մեջ Աստծու նկատմամբ անիրավություն չկա, անտեսենք նրանց, տե՛ր, որովհետև իրենց Տերը՝ Աստված, կպաշտպանի նրանց, և մենք խայտառակ կլինենք ողջ երկրով մեկ»։ 22 Եվ երբ Աքիովրը դադարեց այս ամենը խոսելուց, վրանի շուրջը եղող ողջ բանակը տրտնջաց, իսկ իշխանները, ինչպես նաև ծովեզերքի և Մովաբի բնակիչները, ասացին Հողոփեռնեսին, որ պատուհասի Աքիովրին. 23 «Քանի որ մենք չենք վախենում Իսրայելի որդիներից՝ մի ժողովրդից, որ պատերազմելու ուժ չունի։ 24 Արդ, տե՛ր Հողոփեռնես, մենք ելնենք, իսկ նրանք թող քո զորքի կերակուրը լինեն»։