Հին Կտակարան
Նոր Կտակարան
Մեղադրանքներ կռապաշտներին1 «Տեսե՛ք, ինչպե՜ս կորավ արդարը, և չկա մեկը,…
Մեղադրանքներ կռապաշտներին
1 «Տեսե՛ք, ինչպե՜ս կորավ արդարը, և չկա մեկը, որ սրտին մոտ ընդունի.
արդար մարդիկ վերանում են,
և ոչ ոք ուշադրություն չի դարձնում,
որ արդարն անիրավության պատճառով է վերանում։
2 Թող խաղաղ լինի նրա գերեզմանը,
ով վերացավ մեջտեղից։
3 Բայց դուք մոտեցե՛ք, առա՛ջ եկեք,
անօրե՛ն որդիներ,
պոռնկածի՛ն որդիներ, շնությա՛ն որդիներ։
4 Ինչո՞վ եք գոռոզանում,
ո՞ւմ վրա եք բացում ձեր բերանները
և կամ ո՞ւմ վրա եք հանում ձեր լեզուները.
մի՞թե դուք կորստյան որդիներ չեք,
անօրենության սերունդ,
5 որ սաղարթախիտ ծառերի տակ ընկած՝
աղաչում էիք ձեր կուռքերին,
անդունդներում՝ ժայռերի կատարներին, և խոր ձորերում
զոհում էիք ձեր որդիներին։
6 Այդ է քո բաժինը, այդ նույնն է քո վիճակը.
նրանց առաջ խմելու ընծա թափեցիր,
նրանց զոհեր մատուցեցիր,
և այս ամենի վրա մի՞թե չեմ բարկանալու,- ասում է Տերը։
7 Այնտեղ՝ բարձր ու մեծ լեռան վրա է քո անկողինը,
և դու այնտեղ ելար զոհեր մատուցելու։
8 Ապա դռների դրանդիների հետևում հաստատեցիր քո հիշատակները։
Կարծում էիր՝ եթե ինձնից հեռանաս,
ավելի՞ բան պիտի գտնես։
Քո անկողինները լայնացրիր և փռվեցիր դրանց վրա.
սիրեցիր քո հոմանիներին
9 և հաճախակի դարձրիր քո պոռնկությունը նրանց հետ։
Հեռավորներից շատերին քե՛զ կապեցիր
և պատգամաբերներ ուղարկեցիր քո սահմաններից դուրս։
Նկուն դարձար ու գերեզման իջար,
10 հոգնատանջ եղար քո բազում ճանապարհորդություններից
և չասացիր. “Այժմ հանգստանամ”,
որովհետև ուժիդ համեմատ էիր գործում,
դրա համար էլ չհնազանդվեցիր ինձ։
11 Ո՞ւմից վախեցար ու զարհուրեցիր,
որ ստեցիր և չհիշեցիր ինձ,
միտքդ չբերեցիր, սրտիդ մեջ չդրեցիր,
իսկ ես քեզ տեսա ու անտեսեցի։
Ես այն եմ, որ հավիտենական եմ,
իսկ դու ինձնից չվախեցար։
12 Արդ, ես պիտի պատմեմ իմ արդարության և քո չարիքների մասին,
որոնք քեզ չեն օգնելու,
13 երբ աղաղակես,
և քեզ չեն փրկելու քո նեղությունից.
դրանց բոլորին հողմերը պիտի տանեն
և մրրիկները բաժան-բաժան պիտի անեն։
Իսկ նրանք, ովքեր ինձ վրա են հույս դրել,
պիտի ստանան երկիրը և ժառանգեն իմ սուրբ լեռը։
Խաղաղություն հեռավորներին և մերձավորներին
14 Նրանք պիտի ասեն.
“Նրա առաջ բացե՛ք ճանապարհները,
խոչ ու խութերը հեռացրե՛ք իմ ժողովրդի ճանապարհից”»։
15 Այսպես է ասում Բարձրյալը,
որ հավիտենապես բնակվում է բարձունքներում,
Սուրբը սրբերի մեջ.
նրա անունը Բարձրյալ է,
և նա սրբերի մեջ է հանգչում,
համբերություն է տալիս տարակուսանքի մեջ ընկածներին
և կյանք՝ նրանց, որոնք սրտամաշ են եղել։
16 Ես հավիտյան վրեժխնդիր չեմ լինելու ձեզնից
և ոչ էլ մշտապես բարկանալու եմ ձեզ վրա,
քանզի հոգին ինձնից է բխում,
և ամեն շունչ ես եմ ստեղծել։
17 Մեղքի պատճառով սակավ ժամանակ տրտմություն հասցրի նրան,
հարվածեցի նրան ու իմ երեսը շրջեցի նրանից,
և նա տրտմեց ու իմ առաջ թախծելով՝ գնաց իր ճանապարհները։
18 Ես տեսա նրա սրտի ճանապարհները և բժշկեցի նրան,
սփոփեցի ու ճշմարիտ մխիթարություն տվեցի նրան։
Նրա սգավորների համար պտուղ ստեղծեցի։
19 Թող խաղաղություն, խաղաղություն լինի
հեռավորներին և մերձավորներին,- ասում է Տերը,-
ու ես պիտի բժշկեմ նրանց։
20 Իսկ անօրենները պիտի ալեկոծվեն և հանգիստ չգտնեն,
ու նրա ջրերը պիտի անհետանան՝ կոխկրտվելով ու կավի հետ խառնվելով։
21 Ամբարիշտների համար խաղաղություն չկա»,-
ասում է Տերը։