Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Հովհաննես Մկրտչի գլխատումը(Մրկ. 6.14-29, Ղուկ. 9.7-9)1 Այդ ժամանակ Հե…

Հովհաննես Մկրտչի գլխատումը

(Մրկ. 6.14-29, Ղուկ. 9.7-9)

1 Այդ ժամանակ Հերովդես չորրորդապետը լսեց Հիսուսի համբավը 2 և իր ծառաներին ասաց. «Նա Հովհաննես Մկրտիչն է, մեռելներից հարություն է առել, և հետևաբար նրա միջոցով հրաշքներ են կատարվում»։

3 Բանն այն է, որ Հերովդեսը ձերբակալել էր Հովհաննեսին, նրան կապել և բանտ նետել իր եղբոր՝ Փիլիպպոսի կնոջ՝ Հերովդիայի պատճառով. 4 որովհետև Հովհաննեսը Հերովդեսին ասում էր. «Օրինավոր չէ, որ դու նրան կին առնես»։ 5 Եվ կամենում էր նրան սպանել, բայց վախենում էր ժողովրդից, որովհետև նրան մարգարե էին համարում։ 6 Բայց Հերովդեսի ծննդյան խնջույքի ժամանակ Հերովդիայի դուստրը հրավիրվածների առջև պարեց, և դա դուր եկավ Հերովդեսին։ 7 Նա երդումով խոստացավ նրան տալ այն, ինչ որ ուզեր։ 8 Նա էլ, մոր խրատով, ասաց. «Տո՛ւր ինձ այստեղ, սկուտեղի վրա, Հովհաննես Մկրտչի գլուխը»։ 9 Թագավորը տրտմեց, բայց քանի որ սեղանակիցների առջև երդում էր տվել, կարգադրեց նրան տալ ուզածը։ 10 Եվ մարդիկ ուղարկեց, բանտում գլխատել տվեց Հովհաննեսին։ 11 Նրա գլուխն սկուտեղով բերվեց ու աղջկան տրվեց, աղջիկն էլ այն տարավ իր մորը։ 12 Եկան Հովհաննեսի աշակերտները և մարմինը վերցրին ու թաղեցին, ապա եկան պատմեցին Հիսուսին։

Հացի բազմացումը և հինգ հազարի կերակրումը

(Մրկ. 6.30-44, Ղուկ. 9.10-17, Հովհ. 6.1-14)

13 Երբ Հիսուսը լսեց, այնտեղից նավակով ամայի մի տեղ առանձնացավ։ Երբ ժողովուրդը տեղեկացավ, քաղաքներից հետիոտն նրա հետևից գնաց։ 14 Հիսուսը, ցամաք ելնելով, տեսավ մի մեծ բազմություն, գթաց նրանց և բժշկեց նրանց հիվանդներին։

15 Երեկոյան կողմ աշակերտները մոտեցան նրան և ասացին. «Այս տեղն ամայի է, ժամանակն էլ ուշ է, արձակի՛ր այս ժողովրդին, որպեսզի գնան շրջակա գյուղերը և իրենց համար ուտելիք գնեն»։ 16 Հիսուսն ասաց. «Կարիք չկա, որ գնան, դո՛ւք նրանց ուտելու բան տվեք»։ 17 Նրանք Հիսուսին ասացին. «Այստեղ ոչինչ չունենք, բացի հինգ նկանակից ու երկու ձկից»։ 18 Նրանց ասաց. «Դրանք այստե՛ղ բերեք»։ 19 Ապա կարգադրեց, որ ժողովրդին խոտի վրա նստեցնեն, և վերցնելով հինգ նկանակն ու երկու ձուկը՝ աչքերը դեպի երկինք բարձրացրեց, օրհնեց, կտրեց և նկանակները տվեց աշակերտներին, իսկ աշակերտները՝ ժողովրդին։ 20 Բոլորն էլ կերան ու հագեցան։ Եվ տասներկու լի սակառ մնացած կտորտանքներ հավաքեցին։ 21 Նրանք, ովքեր կերան, մոտ հինգ հազար տղամարդ էին՝ չհաշված կանանց ու երեխաներին։

Հիսուսը քայլում է ջրի վրայով

(Մրկ. 6.45-52, Հովհ. 6.15-21)

22 Հիսուսն իսկույն ևեթ հանձնարարեց իր աշակերտներին նավակ նստել և անցնել լճի մյուս կողմը, մինչև որ ինքը ժողովրդին արձակի։ 23 Ժողովրդին արձակելուց հետո լեռը բարձրացավ՝ առանձին աղոթք անելու։ Երբ երեկո եղավ, Հիսուսն այնտեղ մենակ էր, 24 իսկ նավակը ցամաքից բավական հեռացել էր և ալիքներից տարուբերվում էր, որովհետև քամին դիմացից էր։ 25 Գիշերվա չորրորդ հերթափոխին* Հիսուսը, լճի վրա քայլելով, նրանց մոտ եկավ։ 26 Երբ աշակերտները տեսան, որ քայլում է լճի վրայով, այլայլվեցին և ասացին՝ ուրվական է, և վախից աղաղակեցին։ 27 Հիսուսն անմիջապես խոսեց նրանց հետ և ասաց. «Քաջալերվե՛ք, ե՛ս եմ, մի՛ վախեցեք»։ 28 Պետրոսը դիմեց նրան և ասաց. «Տե՛ր, եթե դու ես, հրամայի՛ր ինձ ջրի վրայով քեզ մոտ գալ»։ 29 Նա ասաց՝ ե՛կ։ Պետրոսը, նավակից իջնելով, քայլեց ջրի վրայով և եկավ Հիսուսի մոտ։ 30 Սակայն տեսնելով ուժեղ քամին՝ վախեցավ, և երբ սկսեց սուզվել, աղաղակեց ու ասաց. «Տե՛ր, փրկի՛ր ինձ»։ 31 Հիսուսը ձեռքն իսկույն երկարեց, բռնեց նրան և ասաց. «Թերահավա՛տ, ինչո՞ւ երկմտեցիր»։ 32 Երբ նրանք նավակ բարձրացան, քամին հանդարտվեց։ 33 Եվ ովքեր նավակի մեջ էին, մոտեցան երկրպագեցին նրան և ասացին. «Իսկապե՛ս Աստծու Որդին ես դու»։

Բժշկումներ Գեննեսարեթում

(Մրկ. 6.53-56)

34 Ապա անցան և ցամաք ելան Գեննեսարեթում։ 35 Երբ տեղի բնակիչները Հիսուսին ճանաչեցին, մարդիկ ուղարկեցին ամբողջ գավառով մեկ և նրա մոտ բերեցին բոլոր հիվանդներին։ 36 Եվ նրան աղաչում էին, որ գոնե նրա հագուստի քղանցքին միայն դիպչեն, և ովքեր դիպան, փրկվեցին։

*Առավոտյան ժամը երեքից վեցը։