Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

1 Ամովսի պատգամները, որ եղան Թեկվայի Ակկարիմում, որոնք տեսավ Երուսաղե…

1 Ամովսի պատգամները, որ եղան Թեկվայի Ակկարիմում, որոնք տեսավ Երուսաղեմի համար Հուդայի արքա Ոզիայի օրերին և Իսրայելի արքա Հովասի որդու՝ Հերոբովամի օրերին՝ երկրաշարժից երկու տարի առաջ, և ասաց.

2 «Տերը Սիոնից խոսեց

և Երուսաղեմից հնչեցրեց իր ձայնը.

սուգ արեցին հոտերի արոտավայրերը,

և չորացան Կարմելոսի բարձունքները»։

Տերը դատում է Իսրայելին և նրա հարևաններին

ա. Դամասկոսի դեմ

3 Տերն ասում է.

«Դամասկոսի երեք անօրենությունների և չորսի պատճառով

առանց պատժելու չեմ դառնա նրանից,

քանի որ երկաթե սղոցներով կտրատում էին գաղաադացիների հղիներին»։

4 «Կրակ կուղարկեմ Ազայելի տան վրա,

և կուտի Ադերի որդու հիմքերը։

5 Եվ կփշրեմ Դամասկոսի նիգերը,

կբնաջնջեմ Ովնի դաշտերի բնակիչներին

և կկոտորեմ Խառանի տղամարդկանց ցեղը,

և կգերեվարվի ասորիների ընտիր ժողովուրդը»,- ասում է Տերը։

6 Այսպես է ասում Տերը.

«Գազայի երեք ամբարշտությունների և չորսի պատճառով

առանց պատժելու չեմ դառնա նրանցից,

քանի որ գերեվարեցին Սողոմոնի գերիներին՝

արգելափակելով Եդովմում»։

7 «Կրակ կուղարկեմ Գազայի պարիսպների վրա,

և կուտի նրա հիմքերը։

8 Կբնաջնջեմ բնակիչներին Ազովտից,

և կվերացվի ցեղն Ասկաղոնից,

իմ ձեռքը կտարածեմ Ակկարոնի դեմ,

և կկորչեն այլազգիների մնացորդները»,- ասում է Տեր Տերը։

բ. Տյուրոսի դեմ

9 Այսպես է ասում Տերը.

«Ծուրի երեք ամբարշտությունների և չորսի պատճառով

առանց պատժելու չեմ դառնա նրանից,

քանի որ Սողոմոնի գերիներին արգելափակեցին Եդովմում

և չհիշեցին եղբայրների ուխտը։

10 Կրակ կուղարկեմ Ծուրի պարիսպների վրա,

և կուտի նրա հիմքերը»։

գ. Եդովմի դեմ

11 Այսպես է ասում Տերը.

«Եդովմի երեք ամբարշտությունների և չորսի պատճառով

առանց պատժելու չեմ դառնա նրանցից,

քանի որ սրով հալածեց իր եղբորը

և կործանեց եղբորը երկրի վրա.

հափշտակեց իր սարսափը վկայության համար

և իր հանդգնությունը պահեց հակառակության համար։

12 Կրակ կուղարկեմ Թեմանի վրա,

և կրակը կուտի նրա պարիսպների հիմքերը»։

դ. Ամովնի դեմ

13 Այսպես է ասում Տերը.

«Ամովնի որդիների երեք ամբարշտությունների և չորսի պատճառով

առանց պատժելու չեմ դառնա նրանցից,

քանի որ հերձում էին գաղաադացիների հղիներին,

որպեսզի ընդարձակեն իրենց սահմանները։

14 Կրակ կբորբոքեմ Հռաբայի պարիսպների վրա,

և պատերազմի օրն աղաղակով կուտի նրա հիմքերը,

և կսասանվի իր վախճանի օրը»։

15 «Գերության կգնան նրանց թագավորները,

նրանց քրմերն ու նրանց իշխաններն էլ՝ միասին»,- ասում է Տեր Տերը։