Հին Կտակարան
Նոր Կտակարան
Մարգարեի ողբը1 Վա՜յ ինձ, որովհետև եղա ինչպես հասկաքաղը հունձքի ժամանա…
Մարգարեի ողբը
1 Վա՜յ ինձ, որովհետև եղա ինչպես հասկաքաղը հունձքի ժամանակ և ճռաքաղը՝
այգեկութի ժամանակ,
և չկար ողկույզ առաջին բերքից, որից ուտում էի։
Վա՜յ իմ անձին, 2 որովհետև երկյուղածն անհետացավ երկրից,
և չկա արդար մարդկանց մեջ.
բոլորն արյամբ են դատում,
յուրաքանչյուրը սաստիկ նեղում է իր ընկերոջը։
3 Իրենց ձեռքերը պատրաստ են չարության։
Իշխանը պահանջում է,
և դատավորը խաղաղության խոսքեր է ասում ըստ իր անձի ցանկության։
4 Կհանեմ նրանց բարիքները, ինչպես ցեցը,
որ ուտում է և շրջվում օրենքի դեմ այցելության օրը։
Վա՜յ, վա՜յ, եկավ հասավ քո վրեժխնդրությունը.
արդ, նրանց համար լացողներ կլինեն։
5 Մի՛ հավատացեք սիրելիներին
և մի՛ ապավինեք իշխաններին,
և զգո՛ւյշ եղիր քո կողակցից՝ նրան ինչ-որ բան պատմելու.
6 որովհետև որդին անարգում է հորը,
և դուստրը կելնի իր մոր դեմ, հարսը՝ իր սկեսրոջ դեմ,
և մարդու թշնամին իր ընտանիքը կլինի։
7 Սակայն ես Տիրոջ վրա աչքս կհառեմ,
կսպասեմ իմ փրկիչ Աստծուն,
և Տերը՝ իմ Աստվածը, կլսի ինձ։
Ժողովրդի հույսն ու աղոթքը
8 Մի՛ չարախնդա ինձ վրա, ո՛վ իմ թշնամի.
եթե գլորվեցի, դարձյալ կկանգնեմ,
եթե խավարում նստեմ, Տերն է իմ լույսը։
9 Տիրոջ բարկությանը կհամբերեմ,
որովհետև մեղանչեցի նրա դեմ,
մինչև արդարացնի իմ դատաստանը և ինձ արդարությամբ դատի,
ինձ հանի դեպի լույսը, և տեսնեմ նրա արդարությունը։
10 Եվ ինձ կտեսնի իմ թշնամին,
և ամոթը կպատի նրան, որ ասում էր ինձ.
«Ո՞ւր է Տերը՝ քո Աստվածը»։
Իմ աչքերը կտեսնեն նրան։
Արդ, ոտքի կոխան կլինի, ինչպես ցեխը՝ ճանապարհի վրա։
11 Աղյուսի ծեփի օրը. այդ օրը կլինի քո կործանումը,
և կմերժի քո օրենքները։
12 Այդ օրը քո քաղաքները կենթարկվեն ասորեստանցիների պաշարման և ավարին,
իսկ քո ամուր քաղաքները՝ բաժանման, Ծուրից մինչև գետը,
ծովից մինչև ծով և լեռից մինչև լեռ։
13 Եվ երկիրը կկործանվի իր բնակիչներով հանդերձ՝
նրանց գործերի պտղի պատճառով։
14 Քո ցեղերի գավազանով արածեցրո՛ւ քո ժողովրդին
և քո ժառանգության հոտերը,
որ առանձին բնակվում են անտառում՝ Կարմելոսում.
թող արածեն Բասանում և Գաղաադում, ինչպես հին օրերին։
15 Եվ եգիպտացիների երկրից քո ելքի օրերի
նման հրաշքներ ցույց կտամ նրանց։
16 Հեթանոսները կտեսնեն ու կամաչեն իրենց ամբողջ զորությունից.
ձեռքները կդնեն իրենց բերաններին,
և նրանց ականջները կխլանան։
17 Կլիզեն հողը, ինչպես օձերը, որ սողում են երկրի վրա,
կխռովվեն իրենց պաշարման մեջ
և կզարհուրեն Տիրոջից՝ մեր Աստծուց, և կվախենան քեզնից։
18 Կա՞ այլ Աստված քեզ նման, որ ջնջում է անօրենությունները,
անտեսում է իր ժառանգության երկրի մնացորդների անիրավությունները
և չի պահում իր բարկությունը՝ որպես վկայություն,
քանի որ ողորմություն կամեցող է։
19 Կդառնա ու կգթա մեզ, կընկղմի մեր մեղքերը
և ծովի խորքերը կնետի մեր բոլոր անօրենությունները։
20 Ճշմարտություն կտա Հակոբին,
ողորմություն՝ Աբրահամին,
ինչպես երդվեց մեր հայրերին հին օրերում։