Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Կրակե սյունը1 Բայց մեծ էր լույսը քո սրբերի համար, ովքեր լսում էին ձայ…

Կրակե սյունը

1 Բայց մեծ էր լույսը քո սրբերի համար, ովքեր լսում էին ձայները, սակայն կերպարանքները չէին տեսնում։ Հենց նրանք էլ երանի էին տալիս սրբերին, որոնք այդպիսի չարչարանքներ կրեցին։ 2 Սրբերն իրենց կրած նախկին զրկանքների համար ոչ թե անարգում, այլ գոհություն էին մատուցում և թողություն հայցում անցյալում տեղի ունեցածի համար։ 3 Ավելին, խավարի փոխարեն քո ժողովրդին անծանոթ ճանապարհին առաջնորդում էր բոցի սյունը, որն անվնաս արեգակ էր նրանց համար՝ իրենց բազմախուռն գաղթի ժամանակ։ 4 Իսկ քո որդիներին արգելքի տակ պահողներն արժանի էին լույսից զրկվելու և խավարի մեջ արգելափակվելու, քանզի որդիներիդ միջոցով անեղծ օրենքի կենաց լույսը պիտի պարգևվեր աշխարհին։

Ողբերգության գիշեր և ազատագրության գիշեր

5 Երբ նրանք խորհեցին կոտորել սրբերի երեխաներին ու թեև նրանցից մի լքված մանուկ փրկեցին, բայց դու, որպես պատիժ, ոչնչացրիր նրանց բազմաթիվ որդիներին և բոլորին էլ կործանեցիր հորդահոս ջրերում։ 6 Այդ գիշերը նախագուշակ եղավ մեր հայրերի համար, որպեսզի նրանք, հաստատ տեսնելով այն երդումը, որին հավատում էին, սրտանց հրճվեին։ 7 Եվ քո ժողովուրդն ակնկալեց ինչպես արդարների փրկությունը, այնպես էլ թշնամիների կորուստը։ 8 Քանզի ինչով պատժեցիր հակառակորդներին, նույն միջոցով էլ քեզ մոտ կանչելով՝ փառավորեցիր մեզ։ 9 Ազնիվների որդիները գաղտնորեն զոհաբերություններ էին կատարում և միաբան ուխտում էին սրբության օրենքը, որը պահանջում էր, որ սրբերը հավասարապես հաղորդակից լինեին թե՛ բարիքներին և թե՛ զրկանքներին։ 10 Ուստի այնտեղ, Հա՛յր, քաղցր օրհնություններ էին երգում, մինչդեռ հակառակ կողմից հնչում էր թշնամիների խառնաշփոթ բարբառը, և բարձրանում էր սգացող մանուկների աղիողորմ ձայնը։ 11 Նույն ձևով ծառաները տերերի հետ տանջվեցին, և ռամիկը թագավորի հետ նույն չարչարանքը կրեց։ 12 Առհասարակ բոլորն էլ նույն մահով մահացած անթիվ-անհամար մեռյալներ ունեին, այնպես որ կենդանի մնացածները նույնիսկ բավական չէին թաղելու մեռածներին, որովհետև մի վայրկյանի մեջ կործանվել էր նրանց պատվական սերունդը։ 13 Ու թեև կախարդությունների պատճառով ոչ մի բանի չէին հավատում, բայց տեսնելով իրենց անդրանիկ ծնունդների վախճանը՝ խոստովանեցին, որ դա քո ժողովուրդն է։ 14 Եվ մինչդեռ խաղաղ անդորրը պատել էր ամեն ինչ, և գիշերն արագորեն իր ընթացքը կիսել, 15 երկնային արքայական գահերից ամենազոր քո խոսքը ահեղ ռազմիկի նման հասավ՝ կործանելու այս երկիրը։ 16 Քո անաչառ հրամանը, պողպատե սուսեր բերելով և միջամուխ լինելով, բոլորին մահ էր պատճառում. այնտեղ երկինքն էր քերում, այստեղ՝ հասնում երկրին։ 17 Այն ժամանակ հանկարծակի նրանց խռովեցին ծանր երազների ցնորքները, անսպասելի զարհուրանքները պաշարեցին նրանց։ 18 Մեկն այստեղ, մյուսն այլ տեղ կիսամահ ընկած՝ հայտնի էին դարձնում այն պատճառը, որից մեռնում էին։ 19 Նրանց խռովեցնող այդ երազները նույնն էին նախագուշակում, որպեսզի նրանք չկործանվեին՝ առանց իմանալու, թե ինչո՛ւ էին չարաչար տանջվում։

Ահարոնի միջամտությունը անապատում

20 Թեև երբեմն արդարներն էլ մատնվեցին մահվան փորձության, և շատերը մահ գտան անապատում, բայց քո բարկությունը երկար չտևեց, 21 որովհետև անարատ մի այր շտապեց իր պաշտամունքի զենքով՝ աղոթքով և խնկով հղելով իր ուղերձը քավության համար՝ կանգնելու քո բարկության դիմաց և վերջ դնելու հարվածներին, դրանով իսկ ցույց տալով, որ ինքը քո ծառան է։ 22 Եվ նա հաղթեց մեծաթիվ ամբոխին ոչ թե մարմնի ուժով կամ զենքի զորությամբ, այլ սոսկ խոսքով հնազանդեցրեց պատժողին։ Հիշեցնելով հայրերի երդումն ու դաշինքը 23 և միմյանց վրա շեղջ-շեղջ կուտակված դիակների մեջ կանգնած՝ դադարեցրեց բարկությունը և ողջերի ու մեռածների միջով ճանապարհ բացեց։ 24 Նրա ծոպավոր պարեգոտի վրա ողջ աշխարհն էր դրվագված, քառաշար թանկագին քարերի վրա քանդակված էր հայրերի փառքը, իսկ նրա գլխի թագի վրա՝ քո մեծությունը։ 25 Դրանցից էլ խուսափեց կործանիչը և դրանցից զարհուրեց, քանզի բավական էր միայն քո բարկության նշույլն անգամ։