Հին Կտակարան
Նոր Կտակարան
1 Կարիաթ-Յարիմի այրերը եկան, այնտեղից վերցրին Տիրոջ Ուխտի տապանակը և …
1 Կարիաթ-Յարիմի այրերը եկան, այնտեղից վերցրին Տիրոջ Ուխտի տապանակը և տարան Ամինադաբի տունը, որը մի բլրի վրա էր։ Եվ նրա որդի Եղիազարին մաքրագործեցին, որ պահպանի Տիրոջ Ուխտի տապանակը։
Սամուելն ստանձնում է Իսրայելի որդիների ղեկավարումը
2 Տապանակը Կարիաթ-Յարիմում դնելուց հետո բազում օրեր անցան, քսան տարի, և ամբողջ Իսրայելն իր հայացքը ուղղեց դեպի Տերը։ 3 Սամուելը իր խոսքն ուղղեց Իսրայելի ողջ տանը՝ ասելով. «Եթե դուք ձեր ամբողջ սրտով դարձել եք դեպի Տերը, ապա ձեր միջից վերացրե՛ք օտար աստվածներն ու Անտառները [եբր․ Աշտարոտ], ձեր սրտերը պատրաստե՛ք Տիրոջ համար, միայն Նրա՛ն ծառայեք, և Նա կփրկի ձեզ այլազգիների ձեռքից»։ 4 Եվ Իսրայելի որդիները հրաժարվեցին Բահաղի կուռքերից ու Աստարովթի անտառներից և սկսեցին ծառայել միայն Տիրոջը։ 5 Եվ Սամուելն ասաց. «Ողջ Իսրայելին հավաքե՛ք Մասեփայում, և ես ձեզ համար աղոթելու եմ Տիրոջը»։ 6 Եվ հավաքվեցին Մասեփայում, ջուր հանեցին ու թափեցին Տիրոջ առջև՝ գետնին, այդ օրը ծոմ պահեցին և ասացին. «Մեղանչել ենք Տիրոջ առաջ»։ Եվ Սամուելը Մասեփայում դատեց Իսրայելի որդիների տարաձայնությունները։ 7 Եվ երբ այլազգիները լսեցին, որ Իսրայելի որդիները հավաքվել են Մասեփայում, այլազգիների նախարարները հարձակվեցին Իսրայելի վրա։ Իսրայելի որդիները, այդ լսելով, վախեցան այլազգիներից։ 8 Եվ Իսրայելի որդիներն ասացին Սամուելին. «Մի՛ դադարիր մեզ համար Տիրոջը՝ քո Աստծուն, աղաղակելուց, որ փրկի մեզ այլազգիների ձեռքից»։ 9 Սամուելն առավ մի ծծկեր գառնուկ և ողջ ժողովրդի հետ նրան ողջակեզ մատուցեց Տիրոջը, Իսրայելի համար կանչեց Տիրոջը՝ Աստծուն, և Տերը լսեց նրան։
10 Մինչ Սամուելը ողջակեզն էր մատուցում, այլազգիները մոտեցան, որ պատերազմեն Իսրայելի դեմ։ Այդ ժամանակ Տերը բարձր ձայնով որոտաց այլազգիների վրա, և նրանք շփոթվեցին ու պարտվեցին Իսրայելից։ 11 Իսրայելի որդիները Մասեփայից ելան, հալածեցին այլազգիներին ու հարվածեցին նրանց մինչև Բեթքովրի ներքևը։ 12 Սամուելը մի վեմ վերցրեց ու կանգնեցրեց Մասեփայի ու Սենի միջև և այն կոչեց Աբենեզեր, այսինքն՝ «օգնական վեմ»՝ ասելով. «Մինչև այստեղ Տերը օգնեց մեզ»։
13 Տերն այլազգիներին խեղճացրեց, և նրանք այլևս Իսրայելի սահմանների վրա չհարձակվեցին։ Սամուելի ապրած բոլոր օրերին Տիրոջ ձեռքը ծանրացած էր այլազգիների վրա։ 14 Այն քաղաքները, որ այլազգիները գրավել էին Իսրայելի որդիներից, Ասկաղոնից մինչև Գեթ, վերադարձրին ու տվեցին Իսրայելին, և Իսրայելի սահմաններն ազատվեցին այլազգիների ձեռքից։ Իսրայելի ու ամորհացիների միջև խաղաղություն տիրեց։
15 Եվ Սամուելը իբրև դատավոր իշխեց Իսրայելի որդիներին իր կյանքի բոլոր օրերին։ 16 Նա ամեն տարի գնում էր Բեթել, Գաղաադ և Մասեփա և դատում էր Իսրայելին բոլոր այս սրբագործված վայրերում։ 17 Եվ վերադառնալով Արիմաթեմ, որտեղ իր տունն էր, նա այնտեղից էր ղեկավարում Իսրայելին։ Եվ այնտեղ Տիրոջ համար զոհասեղան շինեց։