Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Կոչ ապաշխարության1 Այդ նույն ժամանակ ոմանք եկան և պատմեցին նրան այն գ…

Կոչ ապաշխարության

1 Այդ նույն ժամանակ ոմանք եկան և պատմեցին նրան այն գալիլեացիների մասին, որոնց Պիղատոսը սպանեց, երբ նրանք զոհ էին մատուցում, և նրանց արյունը խառնվեց զոհերի արյան հետ։ 2 Նա պատասխանեց նրանց և ասաց. «Կարծում եք, թե այն գալիլեացիները, որոնք այդպիսի պատահարների ենթարկվեցին, ավելի մեղավո՞ր էին, քան մնացած բոլոր գալիլեացիները։ 3 Ո՛չ, ասում եմ ձեզ, սակայն եթե չապաշխարեք, ամենքդ էլ նույնպես պիտի կորչեք։ 4 Կամ նրանք՝ այն տասնութ մարդիկ, որոնց վրա Սիլովամում աշտարակը փուլ եկավ և սպանեց նրանց, կարծում եք, թե ավելի մեղապա՞րտ էին, քան Երուսաղեմում բնակվող բոլոր մարդիկ։ 5 Ո՛չ, ասում եմ ձեզ, սակայն եթե չապաշխարեք, ամենքդ էլ նույնպես պիտի կորչեք»։

Անպտուղ թզենին

6 Պատմեց և այս առակը. «Մի մարդ իր այգում մի թզենի էր տնկել, և երբ պտղի ժամանակը հասավ, նա եկավ նրա վրա պտուղ փնտրելու ու չգտավ։ 7 Այգեգործին ասաց. “Ահա երեք տարի է, որ գալիս եմ այդ թզենու վրա պտուղ փնտրելու և չեմ գտնում. արդ, կտրի՛ր այն. ինչո՞ւ է հողն իզուր զբաղեցնում”։ 8 Այգեգործը պատասխանեց և ասաց. “Տե՛ր իմ, նրան այս տարի էլ թո՛ղ, որպեսզի նրա շուրջը փորեմ և աղբ լցնեմ. 9 գուցե պտուղ տա. ապա թե ոչ՝ մի տարուց հետո կկտրես այն”»։

Կուչ եկած կնոջ բժշկումը շաբաթ օրով

10 Մի շաբաթ օր Հիսուսը մի ժողովարանում ուսուցանում էր։ 11 Եվ ահա այնտեղ կար մի կին, որին չար դևը տասնութ տարի բռնած էր պահում. կուչ էր եկած ու ամենևին վեր նայել չէր կարողանում։ 12 Հիսուսը, նրան տեսնելով, կանչեց իր մոտ և ասաց. «Ո՛վ կին, բժշկված ես քո հիվանդությունից»։ 13 Ձեռքը դրեց նրա վրա, և նույն ժամին հիվանդն ուղղվեց ու Աստծուն փառք էր տալիս։ 14 Ժողովրդապետը բարկացավ, թե ինչո՛ւ Հիսուսը շաբաթ օրով բուժեց, և ասաց ժողովրդին. «Վեց օր կա, երբ արժան է գործել, ա՛յդ օրերին եկեք բուժվեք և ոչ թե շաբաթ օրը»։ 15 Տերը նրան պատասխանեց՝ ասելով. «Կեղծավորնե՛ր, ձեզնից յուրաքանչյուր ոք շաբաթ օրով իր եզը կամ էշը մսուրից չի՞ արձակում և չի՞ տանում ջուր տալու։ 16 Իսկ սա Աբրահամի դուստրն էր, որին սատանան ահա տասնութ տարի կապել էր, մի՞թե արժանի չէր շաբաթ օրով արձակել նրան կապանքներից»։ 17 Եվ երբ այս ասաց, ամաչեցին նրանք, որոնք հակառակվում էին նրան. իսկ ամբողջ ժողովուրդն ուրախանում էր այն բոլոր փառավոր գործերի համար, որ կատարվում էին Հիսուսի կողմից։

Մանանեխի հատիկի առակը

(Մտթ. 13.31-32, Մրկ. 4.30-32)

18 Եվ ասաց. «Ինչի՞ նման է Աստծու արքայությունը, և ինչի՞ նմանեցնեմ այն։ 19 Նման է մանանեխի հատիկին, որ մի մարդ վերցրեց և նետեց իր պարտեզը։ Սա աճեց և ծառ դարձավ, և երկնքի թռչուններն ապրում էին նրա ճյուղերի վրա»։

Թթխմորի առակը

(Մտթ. 13.33)

20 Եվ դարձյալ ասաց. «Ինչի՞ նմանեցնեմ Աստծու արքայությունը. 21 նման է այն խմորին, որ մի կին վերցնելով խառնեց երեք գրիվ ալյուրի մեջ, մինչև որ ամբողջը խմորվեց»։

Նեղ դուռը

(Մտթ. 7.13-14, 21-23)

22 Եվ Հիսուսը շրջում էր քաղաքներով ու գյուղերով և ուսուցանում էր։ Երբ ճանապարհ էր ընկել դեպի Երուսաղեմ, 23 մեկը նրան ասաց. «Տե՛ր, սակավաթի՞վ են նրանք, որ փրկվելու են»։ 24 Եվ նա նրանց ասաց. «Ջանացե՛ք մտնել նեղ դռնով. ասում եմ ձեզ, որ շատերը կուզենան մտնել, բայց չեն կարողանա։ 25 Այն բանից հետո, երբ տանտերը մտնի և դուռը փակի, դուք, դրսում կանգնած, կսկսեք դուռը բախել և ասել. “Տե՛ր, տե՛ր, բա՛ց մեզ համար”։ Իսկ նա պատասխանելով կասի ձեզ. “Չգիտեմ, թե որտեղից եք”։ 26 Այն ժամանակ կսկսեք ասել. “Մենք քո առաջ կերանք և խմեցինք, և դու հրապարակներում ուսուցանեցիր”։ 27 Եվ տանտերը կասի. “Ասում եմ՝ չգիտեմ, թե որտեղից եք. հեռացե՛ք ինձնից դուք՝ բոլոր անիրավ մշակներդ”։ 28 Այնտեղ կլինի լաց և ատամների կրճտում, երբ տեսնեք Աբրահամին, Իսահակին, Հակոբին և բոլոր մարգարեներին Աստծու արքայության մեջ, իսկ ձեզ՝ դուրս հանված։ 29 Եվ կգան մարդիկ արևելքից և արևմուտքից, հյուսիսից և հարավից ու կբազմեն Աստծու արքայության մեջ։ 30 Եվ ահա վերջիններ կան, որ առաջին կդառնան, և առաջիններ, որ կլինեն վերջին»։

Աղվես Հերովդեսը

31 Նույն օրը մի քանի փարիսեցիներ մոտեցան և ասացին նրան. «Վե՛ր կաց, գնա՛ այստեղից, որովհետև Հերովդեսն ուզում է քեզ սպանել»։ 32 Եվ Հիսուսը նրանց ասաց. «Գնացեք ասացե՛ք այն աղվեսին, թե ահա դևեր եմ հանում, բուժումներ եմ կատարում այսօր և վաղը, իսկ երրորդ օրը գործս կավարտեմ։ 33 Ասե՛ք նրան, որ նույնը կլինի այսօր և վաղը, և հաջորդ օրը կշարունակեմ իմ ճանապարհը, որովհետև ընդունված չէ մարգարեին սպանել Երուսաղեմից դուրս»։

Ողբ Երուսաղեմի

(Մտթ. 23.37-39)

34 «Երուսաղե՜մ, Երուսաղե՜մ, որ կոտորում էիր մարգարեներին և քարկոծում էիր քեզ մոտ ուղարկվածներին. քանի՜ անգամ կամեցա հավաքել քո որդիներին, ինչպես հավը իր ձագերին՝ թևերի տակ, բայց դու չկամեցար։ 35 Ահա ձեր տունը ավերակ պիտի դառնա. բայց ասում եմ ձեզ, որ ինձ այլևս չեք տեսնի, մինչև որ չասեք՝ “Օրհնյա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով” (Սաղ. 117(118).26)»։