Հին Կտակարան
Նոր Կտակարան
Աստված պաշտպանելու է Երուսաղեմը1 Վա՜յ նրանց,ովքեր օգնության համար են …
Աստված պաշտպանելու է Երուսաղեմը
1 Վա՜յ նրանց,
ովքեր օգնության համար են իջնում Եգիպտոս,
ովքեր հեծյալներին ու մարտակառքերին են ապավինում, թե շատ են,
և ձիերի մեծ բազմությանը.
նրանք Իսրայելի Սրբի վրա հույս չէին դնում,
Աստծուն չէին փնտրում։
2 Բայց Տերն իմաստուն էր
և նրանց վրա չարիք բերեց.
նրա խոսքը չի անարգվի.
նա կկանգնի չար մարդկանց տների,
նրանց սնոտի հույսի վրա։
3 Եգիպտացի մարդուն են ապավինում և ոչ թե Աստծուն,
ձիերի մարմիններին.
բայց օգնություն չի լինի.
Տերն իր ձեռքը կերկարի նրանց վրա,
և օգնողները տանջանքի կենթարկվեն,
իսկ նրանցից օգնություն սպասողները կկործանվեն,
ամենքն անխտիր կոչնչանան։
4 Այսպես ասաց ինձ Տերը.
«Ինչպես որ առյուծը կամ առյուծի կորյունը մռնչում է այն որսի վրա,
որի վրա հարձակվել է, ոռնում է և լեռները լցնում իր ձայնով,
այնպես որ նրանք պարտության մատնվեն,
նրա բարկության սաստկությունից հալվեն,
այդպես էլ իջնելու է Զորությունների Տերը Սիոն լեռան
և նրա բլուրների վրա»։
5 Ինչպես թևածող թռչունները,
այդպես էլ Զորությունների Տերը հովանի պիտի լինի Երուսաղեմին,
նրա թիկունքին կանգնի,
օգնի, փրկի և ապրեցնի։
6 Դարձե՛ք, ո՛վ Իսրայելի որդիներ,
որ գաղտնի ու չար ծրագրեր եք խորհում.
7 քանի որ այն օրը մարդիկ պիտի վերացնեն
իրենց արծաթե և ոսկե կուռքերը՝
իրենց ձեռքերի գործած մեղքերը։
8 Ասորեստանցին պիտի ընկնի,
բայց ոչ մարդու սրով.
մարդու սուրը չի ուտելու նրան,
նա փախուստի պիտի մատնվի,
բայց ոչ սուսերի պատճառով.
նրա երիտասարդները ևս պարտության պիտի մատնվեն։
9 Նրանք, ովքեր բանտարկվածների պես թաքնված են լինելու ժայռերի մեջ,
նույնպես պարտության են մատնվելու.
փախչողն էլ պիտի բռնվի։
Այսպես է ասում Տերը.
«Երանի՜ նրան, ով զավակ ունի Սիոնում,
և ում տանեցիները Երուսաղեմում են»։