Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Երուսաղեմ վերադարձի պատրաստությունը1 Այս ամենից հետո ընտրեցին տների, …

Երուսաղեմ վերադարձի պատրաստությունը

1 Այս ամենից հետո ընտրեցին տների, ազգատոհմերի և ցեղերի նահապետներ և առաջնորդներ, որպեսզի իրենց կանանց, որդիների, դուստրերի ու ծառաների հետ և իրենց ողջ ունեցվածքով մեկնեն Երուսաղեմ։ 2 Դարեհը նրանց հետ ուղարկեց հազար ձիավորներ՝ նրանց ապահով Երուսաղեմ հասցնելու համար, և նվագարաններով՝ թմբուկով ու փողով, 3 պարով ու ամենայն ուրախությամբ արձակեց Երուսաղեմ։
4 Սրանք են այն մարդկանց անունները, որ Երուսաղեմ ելան, ըստ իրենց հայրերի անունների, ըստ իրենց տոհմերի և ընտանիքների։ 5 Քահանաներից էր Ահարոնի որդի Փենեեսի սերնդից՝ Հովսեդեկի որդի Հեսուն։ Հովակիմը, նույն ինքը Զորաբաբելը՝ Սաղաթիելի որդին, Դավթի ազգից, Փարեսի տոհմից, Հուդայի ցեղից էր, 6 որ Դարեհ արքայի առաջ խոսեց իմաստության խոսքերը, նրա թագավորության երկրորդ տարում, առաջին՝ Նիսան ամսին։

Գերությունից վերադարձողների անվանացանկը
(Բ Եզր. 2.1-70, Նեմ. 7.4-73)

7 Սրանք են այն բոլոր հրեաները, որոնք Բաբելոնի Նաբուքոդոնոսոր արքայի գերությունից ազատվելով՝ ելան Երուսաղեմ։ 8 Մեկնելով Երուսաղեմ՝ նրանցից ամեն մեկը բնակվեց Հուդայի իր հայրենի քաղաքում։ Զորաբաբելի և Հովսեդեկի որդի Հեսուի հետ նրանց առաջնորդներն էին նաև Նեեմիան, Զարեհը, Հռեսեն, Անանիան, Մուրդքեն, Բեեղսարը, Ասփարասը, Բորոելը, Հռուիբը և Բաանան։ 9 Իսկ ըստ տոհմերի՝ մարդկանց և նրանց իշխանների թիվն այս է. Փորոսի որդիները երկու հազար հարյուր յոթանասուներկու հոգի էին, Սափատի որդիները՝ չորս հարյուր յոթանասուներկու, 10 Արեսի որդիները՝ յոթ հարյուր յոթանասունվեց, 11 Փաաթմովաբի որդիները, այսինքն՝ Հեսուի և Հռովաբի ժառանգները, երկու հազար ութ հարյուր տասներկու, 12 Հելամի որդիները՝ երկու հազար երկու հարյուր հիսունչորս, Զատոնի որդիները՝ ինը հարյուր քառասունհինգ, Քորբեի որդիները՝ յոթ հարյուր հիսուն, Բանեի որդիները՝ վեց հարյուր քառասունութ, 13 Բիբեի որդիները՝ վեց հարյուր քսաներեք, Արգեի որդիները՝ երեք հազար երեք հարյուր քսաներկու, 14 Ադոնիկամի որդիները՝ վեց հարյուր յոթանասունյոթ, Բոսորի որդիները՝ երկու հազար վեց հարյուր վեց, Ադինեի որդիները՝ չորս հարյուր հիսունչորս, 15 Ատեր Եզեկիայի որդիները՝ իննսուներկու, Իլանի և Զետի որդիները՝ վաթսունյոթ, Ազարի որդիները՝ չորս հարյուր երեսուներկու, 16 Գերդալի որդիները՝ վեց հարյուր երեսուներկու, Անանիայի որդիները՝ հարյուր քսան, Արոմի որդիները՝ երեք հարյուր քսաներեք, Արսիփուրի որդիները՝ հարյուր տասներկու, 17 Բետերի որդիները՝ երեք հազար իննսունհինգ, Բեթլովմի որդիները՝ հարյուր քսաներեք։ 18 Նատոբից հիսունհինգ հոգի էին, Նատտայից՝ հարյուր հիսունութ, Բեթսամովթից՝ քառասուներկու, 19 Կարիաթ-Յարիմից՝ քսանհինգ, Քափիրից և Բերովթից՝ յոթ հարյուր քառասունութ, 20 Քադիասից և Ամիդից՝ չորս հարյուր քսաներկու, Կիմարից և Կաբեսից՝ վեց հարյուր քսանմեկ, 21 Մակալովնից՝ հարյուր քսաներկու, Բետոլիամից՝ հիսուներկու։ Նեփիսի որդիները հարյուր հիսունվեց հոգի էին, 22 Կալամոլի և Ոնիայի որդիները՝ յոթ հարյուր քսանհինգ, Հերեքոյի որդիները՝ երեք հարյուր քառասունհինգ 23 Սանաասի որդիները՝ երեք հազար երեք հարյուր երեսունմեկ։ 24 Իսկ քահանայի որդիները՝ Հեսուի որդի Հեդդուտի որդիները, և Անասիբի որդիները ինը հարյուր երեսուներկու հոգի էին, Եմմերի որդիները՝ հազար հիսուներկու, 25 Փասորի որդիները՝ հազար երկու հարյուր քառասունհինգ, Քարմեի որդիները՝ հազար տասնյոթ։ 26 Իսկ ղևտացիների որդիները՝ Հեսուինը՝ մեկ, Կոդոլիի, Բանեի և Սուդիի որդիները. յոթանասունչորս հոգի էին։ 27 Քահանաների ազգից սաղմոսասացները՝ Ասափի որդիները՝ հարյուր քառասունութ։ 28 Դռնապանները՝ Սալոմի որդիները, Ատերի որդիները, Տոլմանի որդիները, Գակուբի որդիները, Ատետի որդիները, Սաբեի որդիները, բոլորը միասին հարյուր երեսունինը հոգի էին։ 29 Քահանաների ծառաներն էին՝ Եսավի որդիները, Ասիփայի որդիները, Տաբալի որդիները, Կերայի որդիները, Սուայի որդիները, Փաղեի որդիները, Լաբանի որդիները, Ագաբի որդիները, 30 Ակուդի որդիները, Ուտի որդիները, Կետաբի որդիները, Ագաբի որդիները, Սուբայիմի որդիները, Աստանիղշ որդիները, Կաթուի որդիները, Գեդդուրի որդիները, 31 Հարուի որդիները, Դեսանի որդիները, Նոբի որդիները, Ասեբի որդիները, Գազերի որդիները, Ոքոզիայի որդիները, Փանեի որդիները, Ասարայի որդիները, Բասեի որդիները, Ասանի որդիները, Մաանի որդիները, Նափիսի որդիները, Ակումի որդիները, Աքիփի որդիները, Ասուրի որդիները, Փարակի որդիները, Բասալովթի որդիները, 32 Դեդանի որդիները, Կութի որդիները, Քարեսի որդիները, Բարքուսի որդիները, Սեսարի որդիները, Թոմայի որդիները, Նասի որդիները, Ատեփի որդիները։ 33 Սողոմոնի ծառաների որդիներն էին՝ Սափփիովթի որդիները, Փարիդի որդիները, Հեելի որդիները, Լոզոնի որդիները, Սաելի որդիները, Սափիի որդիները, 34 Ատիլի որդիները, Փաքարեի որդիները, Սաբիի որդիները, Սարովթի որդիները, Մասսեի որդիները, Գասի որդիները, Ադուսի որդիները, Սուբասի որդիները, Ափփերի որդիները, Բարովդի որդիները, Սափատի որդիները, Ալլոնեի որդիները։ 35 Քահանաների ծառաները և Սողոմոնի ծառաների որդիները միասին երեք հարյուր յոթանասուներկու հոգի էին։ 36 Բաբելոնից, Թերմալեթից և Թելեսիայից վերադարձողների իշխաններն էին Քարաթը, Ադանը և Ալլաարը։ 37 Իսկ նրանք, որ չկարողացան պարզել իրենց նախահայրերին ու տոհմերը, և ապացուցել, որ Իսրայելից էին, Տուբանի որդի Դալանի որդիներն ու Նեկոդանի որդիները՝ վեց հարյուր հիսուներկու որդի։ 38 Եվ քահանաներից նրանք, որ քահանայագործում էին, բայց չէին կարողացել ցույց տալ իրենց ծագումը, Որդիայի որդիներն էին և Ակբոսի ու Հոդուսի որդիները, որոնք իրենց կանանց առել էին Բերզելեի դուստրերից և կոչվել նրանց անուններով։ 39 Եվ փնտրելով նրանց անունները ազգահամարի ցանկերում ու չգտնելով՝ նրանց հեռացրին և արգելեցին քահանայագործելու։ 40 Եվ Նեեմիան ու Ատթարիան նրանց պատվիրեցին չմերձենալ սրբություններին, մինչև որ ընտրվի մի քահանայապետ, որը կկրի Հայտնությունն ու Ճշմարտությունը [Ուրիմ և Թումիմ]։ 41 Եվ տասներկու տարեկանից վեր բոլոր իսրայելացիները, ստրուկներին ու աղախիններին չհաշված, քառասուներեք հազար երեք հարյուր վաթսուն հոգի էին։ Իսկ նրանց ստրուկներն ու աղախինները՝ յոթ հազար երեք հարյուր երեսունյոթ, սաղմոսասացներն ու երգիչները՝ երկու հարյուր քառասունհինգ։ 42 Ուղտերը՝ չորս հարյուր երեսունհինգ, ձիերը՝ յոթ հազար քառասունվեց, ջորիները՝ երկու հարյուր քառասունհինգ, ավանակները՝ հինգ հազար հինգ հարյուր քսանհինգ։ 43 Տոհմապետ իշխանները, գալով Երուսաղեմ, մտան Տիրոջ տաճարի վայրը և ուխտեցին վերականգնել տաճարը նույն տեղում, և ըստ իրենց կարողության, 44 գործին նպաստելու համար գանձանակին մուծել հազար մնաս ոսկի, հինգ հազար մնաս արծաթ և հարյուր քահանայական զգեստ։ 45 Եվ քահանաները, ղևտացիներն ու ժողովուրդը բնակվեցին Երուսաղեմում ու նրա շրջակայքում, իսկ սաղմոսասաց պաշտոնյաները, դռնապաններն ու ողջ Իսրայելը՝ իրենց գյուղերում և ագարակներում։

Տիրոջ պաշտամունքը վերսկսվում է
(Բ Եզր. 3.1-6)

46 Յոթերորդ ամսին Իսրայելի բոլոր որդիները, ելնելով տարբեր տեղերից, հավաքվեցին ընդարձակ վայրում՝ արևելյան կողմի առաջին դարպասի մոտ։ 47 Եվ Հեսուն՝ Հովսեդեկի որդին ու նրա եղբայրները, ինչպես նաև քահանաների ողջ բազմությունը, Զորաբաբելը՝ Սաղաթիելի որդին ու նրա եղբայրները պատրաստեցին Տիրոջ՝ Իսրայելի Աստծու զոհասեղանը, 48 որպեսզի նրա վրա ողջակեզներ մատուցեն, ինչպես որ գրված է Աստծու այր Մովսեսի գրքերում։ 49 Եվ նրանք հավաքվեցին՝ բաժանվելով երկրի հեթանոսներից, ու իր տեղում կանգնեցրին զոհասեղանը. և թեպետ հեթանոսները նրանց թշնամի էին, սակայն երկրի բոլոր ազգերը նրանց օգնում էին, նրանք ժամանակին ընծաներ ու պատարագ էին բերում և առավոտյան ու երեկոյան Տիրոջը զոհ մատուցում։ 50 Եվ կատարեցին Տաղավարահարաց տոնը, ինչպես որ գրված է Մովսեսի օրենքում, ամեն օր զոհ մատուցելով, ինչպես որ հրամայված էր։ 51 Եվ սրանից հետո իրենց ժամանակին մատուցում էին շաբաթվա ու ամսամուտի ողջակեզները, կատարում բոլոր սուրբ տոները։ 52 Եվ նրանք, որ ուխտ էին արել Աստծուն՝ յոթերորդ ամսի ամսամուտից սկսեցին մատուցել իրենց ողջակեզները Տիրոջը՝ Աստծուն, թեև Տիրոջ՝ Աստծու տաճարը դեռ չէր կառուցվել։

Տաճարի վերականգնումը սկսվում է
(Բ Եզր. 3.7-13)

53 Եվ դրամ ու կերակուր տվեցին քարագործներին ու հյուսներին, ինչպես նաև սիդովնացիներին ու տյուրոսցիներին, որպեսզի Լիբանանից նավերով մայրի ծառի փայտ բերեն դեպի Հոպպե նավահանգիստը, ինչպես որ նախապես նրանց հրամայել և գրել էր պարսից Կյուրոս թագավորը։
54 Եվ իրենց՝ Երուսաղեմ մեկնելու երկրորդ տարվա երկրորդ ամսին Զորաբաբելը՝ Սաղաթիելի որդին, Հեսուն՝ Հովսեդեկի որդին ու նրանց եղբայրները, քահանաներն ու ղևտացիները և բոլոր նրանք, որ գերությունից վերադարձել էին Երուսաղեմ, սկսեցին կառուցել տաճարը։ 55 Տիրոջ՝ Աստծու տան հիմնարկեքը կատարեցին Հուդայի երկիր և Երուսաղեմ իրենց գալու երկրորդ տարվա երկրորդ ամսվա ամսամուտին։ 56 Եվ քսան տարեկանից բարձր ղևտացիներին կարգեցին Տիրոջ սպասարկության գործին. նշանակվեցին Հեսուն, նրա որդիներն ու եղբայրները, Կադմիել եղբայրը, Հեմադաբունի որդի Հեսուի որդիները և Եղիադունի որդի Հովդայի որդիները՝ իրենց եղբայրներով հանդերձ՝ բոլոր ղևտացիները միասին հսկում էին Տիրոջ տան շինարարությունը, 57 իսկ քարագործ շինարարները կառուցեցին Տիրոջ տունը։
Եվ կանգնեցին քահանաները շքեղ զգեստավորված՝ նվագարաններով ու փողերով, մինչ ղևտացիները և Ասափի որդիները ծնծղաներ էին բռնել և սաղմոսերգում և օրհնում էին Աստծուն, ինչպես որ Իսրայելի Դավիթ թագավորն էր կարգել։ 58 Մեծաձայն օրհնում և փառաբանում էին Տիրոջը՝ Աստծուն՝ Իսրայելի նկատմամբ ունեցած նրա բարերարության և փառքի հավերժության համար։ 59 Ողջ ժողովուրդը մեծաձայն հնչեցնում էր իր փողերը և բարձրաձայն գոչում ու օրհնում Տիրոջը, որ կանգնեցրեց իր սուրբ տաճարը։ 60 Ղևտացիներից, քահանաներից և իրենց հայրերի նահապետական կարգով տոհմերի գահերեցներից ու առաջնորդներից նրանք, որ տեսել էին առաջին շինված տաճարը, երբ եկան և տեսան վերաշինությունը, լաց եղան։ 61 Եվ թեև մեծ էր բազում փողերի ու անչափ ուրախության ձայնը, 62 ժողովրդի լացի ձայնից փողերի ձայնը չէր լսվում, թեպետև փողահարները բազմաթիվ էին, և ձայնը հեռավոր վայրերն էր հասնում։

Տաճարի վերականգման դեմ
(Բ Եզր. 4.1-5)

63 Հուդայի ու Բենիամինի ցեղերի թշնամիները լսեցին այդ ձայնը և եկան տեսնելու, թե ի՛նչ է այս փողերի ձայնը։ 64 Եվ իմացան, որ Բաբելոնի գերությունից եկողները կառուցում են Տիրոջ՝ Իսրայելի Աստծու տաճարը։ 65 Մոտենալով Զորաբաբելին, Հեսուին՝ Հովսեդեկի որդուն ու այլ տոհմերի իշխաններին, ասացին. «Մենք ևս ձեզ հետ միասին կառուցենք Տիրոջ տաճարը, 66 և ինչպես դուք, այնպես էլ մենք այն օրից, երբ Ասորեստանի Սալմանասար թագավորը մեզ գերեց ու բնակեցրեց այստեղ, լսում ենք և զոհ մատուցում Տիրոջը՝ Աստծուն»։ 67 Իսկ Զորաբաբելը, Հեսուն՝ Հովսեդեկի որդին և Իսրայելի տոհմերի այլ իշխանները նրանց ասացին. «Պետք չէ, որ Տիրոջ՝ մեր Աստծու տունը մենք և դուք միասին շինենք։ 68 Տիրոջ՝ Աստծու տաճարը միայն մենք պիտի շինենք, ինչպես որ հրամայեց մեզ պարսից Կյուրոս թագավորը։ 69 Այս ազգերն, ի դեպ, Հուդայի թշնամիների դաշնակիցներն էին, 70 որոնք Կյուրոս թագավորի ժամանակ խափանեցին շինարարությունը, որովհետև նա դեռևս իր կենդանության օրոք հրամայել էր շինել տաճարը, սակայն նրա մահից հետո, 71 մինչև Դարեհի երկրորդ տարին, արգելք էին հանդիսացել։