Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Բարուքը տաճարում կարդում է մատյանը1 Հուդայի արքա Հովսիայի որդի Հովակի…

Բարուքը տաճարում կարդում է մատյանը

1 Հուդայի արքա Հովսիայի որդի Հովակիմի չորրորդ տարում Տերը խոսեց ինձ հետ՝ ասելով.

2 «Քեզ համար մատյա՛ն վերցրու և նրա մեջ գրի՛ր այն բոլոր բաները, ինչ ասել եմ քեզ Իսրայելի, Հուդայի և բոլոր ազգերի մասին՝ սկսած այն օրից, երբ խոսեցի քեզ հետ՝ Հուդայի արքա Հովսիայի օրերից մինչև այժմ. 3 թերևս Հուդայի տունն իմանա այն բոլոր չարիքների մասին, որ մտածել եմ կատարել նրա նկատմամբ, որպեսզի յուրաքանչյուրը հետ դառնա իր չար ճանապարհից, և ես քավիչ լինեմ նրա անօրենություններին ու նրա մեղքերին»։

4 Երեմիան կանչեց Ներիայի որդի Բարուքին, և Բարուքը Երեմիայի բերանից մատյանում գրի առավ այն բոլոր բաները, որ Տերը հրամայել էր նրան։

5 Երեմիան Բարուքին պատվիրեց ու ասաց. «Ես կալանքի մեջ եմ և չեմ կարող մտնել Տիրոջ տունը. 6 դու կգնաս և այն, ինչ գրի առար իմ բերանից՝ Տիրոջ խոսքերը, պահեցողության օրը Տիրոջ տանն այդ մատյանից կընթերցես ի լուր ժողովրդի, կընթերցես նաև ի լուր Հուդայի բոլոր մարդկանց, որոնք եկած կլինեն իրենց քաղաքներից։ 7 Թերևս Տիրոջ առաջ նրանց սիրտը գութ ընկնի, և ամենքն իրենց չար ճանապարհներից հետ դառնան, քանզի սաստիկ են զայրույթն ու բարկությունը, որ Տերը խոսեց այդ ժողովրդի մասին»։

8 Ներիայի որդի Բարուքն ամեն ինչ կատարեց այնպես, ինչպես նրան պատվիրել էր Երեմիա մարգարեն՝ Տիրոջ տան մեջ մատյանից ընթերցել Տիրոջ պատգամները։ 9 Հուդայի արքա Հովսիայի որդի Հովակիմի հինգերորդ տարում՝ իններորդ ամսին, Երուսաղեմի ամբողջ բնակչությունը, Հուդայի քաղաքներից Երուսաղեմ եկած համայն ժողովուրդը և Հուդայի տունը հավաքվեցին Տիրոջ առաջ՝ պահեցողության համար։ 10 Իսկ Բարուքը Տիրոջ տանը՝ Սափանիա ատենադպրի որդի Գամարիայի գավթում, Տիրոջ տան Նոր դարպասի մուտքի մոտ, ի լուր ամբողջ ժողովրդի՝ մատյանից կարդաց Երեմիայի խոսքերը։

Բարուքը մատյանը կարդում է երկրորդ անգամ

11 Երբ Սափանիայի որդի Գամարիայի որդի Միքիան այդ մատյանից լսեց Տիրոջ բոլոր պատգամները, 12 իջավ թագավորի տունը, ատենադպրի դիվանը, որտեղ նստած էին բոլոր իշխանները՝ Եղիսամա ատենադպիրը, Սամեայի որդի Դալիան, Աքոբովրի որդի Եղնաթանը, Սափանիայի որդի Գամարիան, Անանիայի որդի Սեդեկիան և բոլոր իշխանները։ 13 Միքիան նրանց հաղորդեց իր լսած այն բոլոր խոսքերը, որ մատյանից ընթերցել էր Բարուքը՝ ի լուր ամբողջ ժողովրդի։

14 Այն ժամանակ բոլոր իշխանները Քուսիի որդի Սելեմիայի որդի Նաթանի որդի Հուդիին ուղարկեցին Բարուքի մոտ և հայտնեցին. «Այն մատյանը, որ ընթերցում էիր ի լուր ժողովրդի, ձե՛ռքդ առ և ե՛կ այստեղ»։ Ներիայի որդի Բարուքը մատյանն իր ձեռքն առավ ու գնաց նրանց մոտ։ 15 Նրան ասացին. «Դե, նորի՛ց կարդա, որ մենք էլ լսենք»։ Եվ Բարուքը կարդաց, որ լսեն։ 16 Իսկ երբ նրանք բոլոր պատգամները լսեցին, միմյանց հետ խորհուրդ արեցին ու ասացին Բարուքին. «Մենք այդ բոլոր բաներն անպայման կպատմենք արքային»։ 17 Բարուքին հարց տվեցին՝ ասելով. «Դե մեզ պատմի՛ր՝ որտեղի՞ց գրեցիր այդ բոլոր խոսքերը, ո՞ւմ բերանից»։ 18 Բարուքը նրանց պատասխանեց. «Երեմիայի բերանից. նա է ինձ պատմել այդ բոլոր բաները, իսկ ես թանաքով գրել եմ այս մատյանի մեջ»։ 19 Իշխանները Բարուքին ասացին. «Գնա թաքնվի՛ր Երեմիայի հետ. թող ոչ ոք չիմանա, թե որտե՛ղ եք գտնվում»։

Թագավորը այրում է մատյանը

20 Մատյանը պահ տալով Եղիսամա ատենադպրի տանը՝ նրանք գնացին սրահ՝ արքայի մոտ, և ամեն բան պատմեցին արքային։ 21 Իսկ արքան մատյանը բերելու ուղարկեց Հուդիին, որն այն բերեց Եղիսամա ատենադպրի տնից։ Հուդին, ի լուր թագավորի և ի լուր թագավորի շուրջը գտնվող բոլոր իշխանների, ընթերցեց մատյանը։ 22 Իններորդ ամիսն էր, և թագավորը նստած էր ձմեռային պալատում, իսկ նրա դիմաց գտնվում էր վառվող կրակարանը։ 23 Երբ Հուդին ընթերցում էր երեք կամ չորս էջ, թագավորը ատենադպրի զմելիով կտրում էր այն ու նետում կրակարանի կրակի մեջ, մինչև որ ամբողջ մատյանը կրակարանի բոցի մեջ ոչնչացավ։ 24 Թագավորն ու նրա բոլոր պաշտոնյաները, որ լսեցին այդ բոլոր խոսքերը, չաղաչեցին Տիրոջը և չպատառոտեցին իրենց պատմուճանները։ 25 Եղնաթանը, Դալիան և Գամարիան արքային թեպետ հուշեցին չայրել մատյանը, բայց նա նրանց չլսեց։ 26 Արքան հրաման տվեց արքայորդի Հերեմիելին, Եսրիելի որդի Սարեային և Աբդիելի որդի Սեմեղիային, որ բռնեն Բարուք ատենադպրին և Երեմիա մարգարեին, սակայն սրանք հեռացան ու թաքնվեցին։

Երեմիան ուրիշ մատյան է գրում

27 Այն բանից հետո, երբ թագավորն այրեց մատյանը, որտեղ Բարուքը Երեմիայի բերանից գրի էր առել նրա բոլոր խոսքերը, Տերը խոսեց Երեմիայի հետ՝ ասելով.

28 «Դու նորից այլ մատյա՛ն վերցրու և նրա մեջ գրի՛ր նախորդ բոլոր խոսքերը, որոնք տեղ էին գտել առաջին մատյանում, որ այրեց Հուդայի Հովակիմ արքան։ 29 Իսկ Հուդայի Հովակիմ արքային էլ կասես, թե այսպես է ասում Տերը.

“Դու վառեցիր այն մատյանը և ասացիր՝ “Ինչո՞ւ նրա մեջ գրեցիր ու հայտնեցիր, թե բաբելացիների արքան պիտի ներխուժի ու ջնջի այս երկիրը, պիտի զրկի այն մարդ ու անասունից”»։ 30 Դրա համար էլ Տերն այսպես է ասում Հուդայի Հովակիմ արքայի մասին. «Նրա սերնդից մարդ չի մնալու, որ նստի Դավթի աթոռին, և նրանց դիակները ցերեկն ընկած պիտի մնան տոթի, իսկ գիշերը՝ ցրտի մեջ։ 31 Իր անօրենությունների համար այցելելու եմ նրան, նրա ցեղին ու նրա ծառաներին, նրանց վրա, Երուսաղեմի բնակչության վրա և Հուդայի երկրի վրա բերելու եմ այն բոլոր չարիքները, որոնց մասին հայտնեցի նրանց, բայց նրանք չլսեցին»։

32 Երեմիան այլ մատյան վերցրեց ու հանձնեց Ներիայի որդուն՝ Բարուք ատենադպրին, որը նրա մեջ Երեմիայի բերանից գրի առավ այն մատյանի բոլոր խոսքերը, որ կրակի մեջ այրել էր Հուդայի արքա Հովակիմը։ Այդ մատյանի մեջ ուրիշ խոսքեր ևս ավելացան, առավել, քան նախորդ խոսքերը։