Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Այլազան խրատներ1 Չարիք մի՛ գործիր, և չարիք չի գա քեզ վրա։2 Հեռո՛ւ մնա…

Այլազան խրատներ

1 Չարիք մի՛ գործիր, և չարիք չի գա քեզ վրա։
2 Հեռո՛ւ մնա անիրավությունից, և այն հեռու կմնա քեզնից։
3 Որդյա՛կ, մի՛ սերմանիր անիրավության ակոսի մեջ, որպեսզի դրա յոթնապատիկը չհնձես։
4 Տիրոջից իշխանություն մի՛ խնդրիր, եթե նրա կամքի համաձայն չես շարժվելու, թագավորից փառքի աթոռ մի՛ խնդրիր, եթե նրա կամքին հնազանդ չես լինելու։
5 Տիրոջ առջև մի՛ փորձիր արդարանալ և թագավորի առջև ճարտարախոս մի՛ երևա։
6 Մի՛ ձգտիր դատավոր լինել, գուցե չկարողանաս վերացնել անիրավությունը։ Գուցե երբևէ ակնածելով հզորից՝ սայթաքես քո արդարությունից։
7 Քաղաքի բազմության հանդեպ մի՛ մեղանչիր և քեզ մի՛ նվաստացրու ամբոխի առջև։
8 Մեղքի վրա մեղք մի՛ ավելացրու, որպեսզի որևէ մեկից չմեղադրվես։
9 Մի՛ ծուլացիր քո ուխտի մեջ,
10 անփույթ մի՛ եղիր ողորմածություն անելու մեջ։
11 Մի՛ ասա, թե Տերը կնայի իմ բազմաթիվ զոհաբերումներին և բարձրյալ Աստծուն մատուցելիս՝ նա կընդունի։
12 Մի՛ ծաղրիր այդ մարդուն, որի հոգին դառնացած է, քանզի Տե՛րն է նվաստացնում և բարձրացնում նրան։
13 Քո եղբոր մասին ստեր մի՛ սերմանիր, նույնը՝ և բարեկամի մասին։
14 Մի՛ ախորժիր ստեր ասել ամեն բանի մասին, քանզի հաճախակի ստելը լավ բան չէ։
15 Մի՛ շատախոսիր ծերերի մեջ և մի՛ կրկնաբանիր քո աղոթքի մեջ։
16 Մի՛ ատիր աշխատանքի տքնությունը և ոչ էլ այն մշակությունը, որ հաստատվել է Բարձրյալի կողմից։
17 Մի՛ գտնվիր մեղավորների բազմության մեջ. հիշի՛ր, որ Տիրոջ բարկությունը չի ուշանա։
18 Միշտ խոնարհեցրո՛ւ քո անձը,
19 որովհետև մեղավորների ու ամբարիշտների դահիճը կրակն ու որդն են։
20 Բարեկամիդ մի՛ փոխանակիր կաշառքի հետ և հարազատ եղբորդ՝ Սափիրական ոսկու հետ։
21 Մի՛ լքիր իմաստուն և բարի կնոջը, քանզի նրա շնորհը ոսկուց էլ առավել է։
22 Մի՛ չարչարիր ծառային, որ ջանասիրությամբ է աշխատում և վարձկանին, որ քեզ նվիրված է հոգով։
23 Քո հոգին թող սիրի իմաստուն ծառային և նրան չզրկի ազատությունից։
24 Եթե անասուն ունես, հո՛գ տար դրանց, և եթե դրանք քեզ պիտանի են, թող քեզ մոտ մնան։
25 Եթե զավակներ ունես, խրատի՛ր նրանց, մանկությունից խոնարհեցրո՛ւ նրանց պարանոցը։
26 Եթե դուստրեր ունես, զգո՛ւյշ եղիր նրանց մարմինների համար և քո դեմքի լրջությունն անպակա՛ս արա նրանցից։
27 Ամուսնացրո՛ւ քո դստերը, և դու մեծ գործ արած կլինես. նրան իմաստուն մարդո՛ւ տուր։
28 Քո սրտո՞վ է կինդ՝ մի՛ վտարիր։
29 Քո բովանդակ հոգով պատվի՛ր հորդ և մի՛ մոռացիր մորդ երկունքը։
30 Հիշի՛ր, որ նրանցից ես ծնվել և ի՞նչ կարող ես հատուցել նրանց՝ քեզ նրանց տվածի փոխարեն։
31 Քո ամբողջ սրտով երկյո՛ւղ կրիր Տիրոջից և հարգի՛ր նրա քահանաներին։
32 Քո ամբողջ ուժով սիրի՛ր Արարչիդ և նրա սպասավորներին մի՛ անտեսիր։
33 Երկյո՛ւղ կրիր Տիրոջից և մեծարի՛ր քահանաներին։
34 Ինչպես հրամայված է քեզ, տո՛ւր նրանց տուրքի մի մասը՝
35 պտուղը, հանցանքների համար սահմանվածը, զոհաբերված անասունի թիակները, սրբության զոհը և սրբազան ընծաները։
36 Քո ձեռքը մեկնի՛ր տնանկին, որպեսզի կատարյալ լինի քեզ տրվող օրհնությունը։
37 Ողորմության շնորհը թող բաշխվի բոլոր ողջերին, բայց և մեռածի համար մի՛ խնայիր շնորհներդ։
38 Մի՛ խուսափիր լացողներից և սգա՛ սգացողների հետ։
39 Մի՛ հապաղիր հիվանդին տեսության գնալ. դա շնորհ կհամարվի քեզ համար։
40 Քո բոլոր գործերի մեջ հիշի՛ր վախճանդ և երբեք չես մեղանչի։