Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Համանի և Մուրթքեի բախումը1 Այս ամենից հետո Արտաշես արքան փառքի արժանա…

Համանի և Մուրթքեի բախումը

1 Այս ամենից հետո Արտաշես արքան փառքի արժանացրեց Համանին՝ Ամադաթի որդուն, և նրան իր բոլոր սիրելիներից ավելի վեր՝ առաջին աթոռին, բարցրացրեց։ 2 Թագավորի տան բոլոր անդամները երկրպագում էին նրան, որովհետև այդպես էր հրամայել թագավորը։ Սակայն Մուրթքեն նրան չէր երկրպագում։ 3 Արքունիքի մեծամեծերը խոսեցին Մուրթքեի հետ և ասացին. «Մուրթքե՛, ինչո՞ւ չես երկրպագում Համանին՝ համաձայն թագավորի հրամանի»։ 4 Ամեն օր խոսում էին նրա հետ, իսկ նա չէր լսում նրանց։ Եվ Համանի առաջ ամբաստանեցին Մուրթքեին, թե չի հնազանդվում արքայի հրամանին, որովհետև հրեա է։ 5 Համանը, իմանալով, որ Մուրթքեն չի երկրպագում իրեն, շատ բարկացավ։ 6 Եվ մտածեց ոչնչացնել Արտաշես արքայի թագավորության տակ եղող հրեաներին։

Համանի ծրագիրը հրեաներին բնաջնջելու մասին

7 Արտաշեսի թագավորության տասներկուերորդ տարում որոշում կայացրին և վիճակ գցեցին՝ գտնելու օրերից այն օրը և ամիսներից այն ամիսը, երբ մեկ օրում պիտի ոչնչացնեին Մուրթքեի ազգը. վիճակն ընկավ Ադար ամսի տասնչորսին։ 8 Այնուհետև Համանը խոսեց արքայի հետ ու ասաց. «Քո թագավորության բոլոր ազգերի մեջ տարածված մի ազգ կա, որն ապիրատ ու խորամանկ է բոլոր ազգերից. նրանք չեն հնազանդվում թագավորական օրենքներին, և եթե արքան նրանց հանդուրժի, ոչ մի օգուտ չի ստանա։ 9 Արդ, եթե արքան կամենա, թող հրաման տա ոչնչացնելու նրանց, իսկ ես արքունի գանձարանը կմուծեմ տասը հազար արծաթե քանքար»։ 10 Թագավորը հանեց իր մատանին և տվեց Համանին՝ հրեաներին ոչնչացնելու մասին հրաման գրելու և կնքելու համար։

11 Թագավորը Համանին ասաց. «Արծաթը քե՛զ պահիր, իսկ այդ ազգի հետ վարվի՛ր, ինչպես որ ցանկանաս»։

12 Եվ առաջին ամսի տասներեքին կանչեցին արքունի դպիրներին, որոնք Համանի հրամանի համաձայն Արտաշես արքայի անունից հրովարտակներ գրեցին Հնդկաստանից մինչև Եթովպիա հարյուր քսանյոթ երկրների զորապետերին ու նախարարներին և բոլոր ազգերի իշխաններին՝ յուրաքանչյուրին իր լեզվով։ 13 Եվ հրովարտակները սուրհանդակների միջոցով առաքվեցին Արտաշեսի ողջ իշխանության մեջ, որպեսզի տասներկուերորդ՝ Ադար ամսին, մի օրում ոչնչացնեն հրեաների ազգը և հափշտակեն նրանց ողջ ունեցվածքը։

14 Հրովարտակի բովանդակությունն այս էր.